Մամուլյան․ Սիսիանում հայ-իրանական խոհարարական փառատոն կանցկացվի

Հայաստանն ու Իրանը որոշել են խոհարարական համատեղ փառատոն անցկացնել։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց փառատոնի կազմակերպիչներից մեկը` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, միջոցառումը կանցկացվի Սիսիանում (Սյունիքի մարզ) այս տարվա օգոստոսի 10-11-ը։

Արիական խոհանոցի համատեղ փառատոնի անցկացման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ 2021 թվականին։ Գաղափարը հայկական կողմինն է և միտված է երկու երկրներում դեռ հեթանոսական ժամանակներից հայտնի տոնական ուտեստների և ավանդույթների հանրահռչակմանը։

«Տոնը նվիրված է հայոց ազգային ինքնության օրվան։ Եվ պատահական չէ, որ այն անցկացվում է Սիսիանում, որի կողքին է գտնվում Քարահունջ հնագույն մեգալիթյան համալիրը», – ասաց Մամուլյանը։

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը փառատոնի մասնակիցները կհավաքվեն Քարահունջում (Զորաց քարեր)` տոնը նշելու։ Մամուլյանն ընդգծեց, որ փառատոնին ներկայացված կլինեն ուրարտական և աքեմենյան (պարսկական) խոհանոցները։

Համակարգողները կլինեն Սյունիքի մարզային վարչակազմի ներկայացուցիչներն ու Հայաստանում Իրանի դեսպանատունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն` միջոցառումը հաջորդաբար կանցկացվի Հայաստանում և Իրանում։

Մամուլյանը նշեց, որ Երևանը վերսկսել է բանակցությունները նաև Թբիլիսիի իր գործընկերների հետ` հայ–վրացական առաջին խոհարարական բաթլը (մրցապայքարը) կազմակերպելու համար։

Մրցապայքարը պետք է կայանար դեռ 2019 թվականի հոկտեմբերին, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել էր մինչև 2020 թվականը։ 2020 թվականին էլ խանգարեցին համավարակն ու պատերազմը։

Փառատոնը, ինչպես և նախատեսվում էր երկու տարի առաջ, կանցկացվի Դիլիջանում, հաջորդ անգամ` Թելավիում։ Հիմքում հայ–վրացական բարեկամության մասին «Միմինո» ֆիլմն է։

Խոհարարական բաթլի նպատակը երկու ժողովուրդների կապերի ամրապնդումն է։ Մրցապայքար–փառատոնի շրջանակում ներկայացված կլինեն այն ուտեստները, որոնք հաճախ են վեճի առարկա դառնում։ Օրինակ` վրացական չախոխբիլին, հայկական խոխոբը, վրացական կուպատին ու հայկական բումբարը։