Ավատկովը` հայ-թուրքական երկխոսության մասին

Հայ-թուրքական հարաբերությունների ենթադրյալ կարգավորման մեկնարկած գործընթացում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ են տրվել։ Իրական կարգավորման հասնելու հեռնկարները փոքր-ինչ մշուշոտ են։ Այս մասին Երևանում կայացած գիտաժողովում հայտարարեց ՌԴ թուրքագետ, ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի դոցենտ Վլադիմիր Ավատկովը։

«Ռուսաստանն անկասկած կողմ է Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը, նա աջակցում է Երևանի և Անկարայի միջև երկխոսության գործընթացին, սակայն ես` որպես փորձագետ, քիչ եմ հավատում կարգավորմանը։ Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, մի շարք այլ պատմական խնդիրներ ևս կան, այդ թվում` տարածքային»,- նշել է Ավատկովը։

Նա կարծում է, որ Հայաստանի շահերի տեսանկյունից անհրաժեշտ է շատ ուշադիր հաշվարկել` ինչ կլինի կարգավորումից հետո։

«Ենթադրենք` վերցրին, զրոյացրին հին հակասություններն ու վիրավորանքները, սկսեցին մաքուր էջից։ Իսկ հաջո՞րդ օրը։ Որքա՞ն, օրինակ, կգոյատևի հայկական տնտեսությունը։ Այդ ռիսկերը շատ կարևոր է հաշվարկել»,- ասաց փորձագետը։

Միևնույն ժամանակ, միակ բանը, ինչը կարող է հարթել սուր անկյունները, ենթակառուցվածքային նախագծերն են, որոնք երկրները փոխադարձ կախյալ են դարձնում։ Դա բավական քրտնաջան և երկարատև աշխատանք է։ Սակայն այն պետք է իրականացնել, և այդպիսով հնարավոր է հաղթահարել առկա լարվածությունը, չմոռանալ, չներել, այլ հաղթահարել։

Ավատկովը կարծում է, որ ՌԴ-ն, ամեն դեպքում, չի անտեսի, հաշվի կառնի Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող անմիջական վտանգները։ Սակայն դրա համար Երևանը պետք է դիմի խնդրանքով։

Sputnik Արմենիա