ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԳԾԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպիսին են ՀՀ մոտեցումներն ու դիրքորոշումն այն միջանցքի վերաբերյալ, որը, ենթադրաբար, պետք է կապի Ադրբեջանh ու Թուրքիան Հայաստանի տարածքի միջով, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

«Մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության (2020թ.նոյեմբերի 9-խմբ.), մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին»,- հայտարարել է նա:

Փաշինյանը նշել է, որ այդ նույն հայտարարության մեջ կա նաև մեկ այլ դրույթ հաղորդակցության բացման մասին։ «Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»,- ընդգծել է նա:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. կարելի է, իհարկե, հաճելիորեն զարմանալ, որ Փաշինյանը՝ մասնավորապես, և այս իշխանությունները՝ ընդհանրապես, այնուամենայնիվ ունեն, ինչպես պարզվում է, կարմիր գծեր Հայաստանի պետական և ազգային շահերին վերաբերող հարցերում։ Սակայն համեմատաբար դրական այդօրինակ հույզերն անմիջապես հօդս են ցնդում, երբ նկատում ես, որ այդպիսի, կարծես թե անզիջում հայտարարություններին զուգահեռ՝ տեղի են ունենում դրանց հակասող գործընթացներ։

Մինչ Քաթարում Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին պատմում է այսպես կոչված կարմիր գծերի մասին, Երևանում օրենսդիր մարմինը հրաժարվում է այդ գծերը պարզապես ամրագրել։ Ինչպեսև ավելի վաղ, երեքշաբթի օրը նույնպես խորհրդարանը չընդունեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած փաստաթուղթը, որում էլ նշված են հայկական օրակարգի հստակ սահմանները։ Այսինքն հենց այն կարմիր գծերը, որոնցից մեկի մասին խոսում է Փաշինյանը։

Այս ամենը նման է կոգնիտիվ դիսոնանսի։ Միայն թե այստեղ լուրջ կասկածներ են առաջանում Փաշինյանի անկեղծության վերաբերյալ։ Մեկ բան է՝ ինչ-որ բան ասել հարցազրույցում, այլ բան՝ փաստաթղթով հաստատել դա և ընդ որում ամրագրել խորհրդարանական քվեարկությամբ։ Այ հենց այդ գործում Փաշինյանն ու իր թիմը պարզապես անկարող են սկզբունքայնություն և անզիջումություն ցուցաբերել հայկական շահերի հարցում։

Իրականում Փաշինյանը պարզապես կրկին փորձում է խուսավարել՝ պնդելով, թե իր համար գոյություն ունեն կարմիր գծեր։ Թեպետ, այս իշխանության համար կա մի այդպիսի անխախտելի սահման. բուն իշխանությունը։ Այ հենց այդտեղ զիջումներն իսկապես անհնար են, այդտեղ նրանց համար իրոք անընդունելի է այն ամենը, ինչը վտանգ է պարունակում իրենց իշխանության համար։ Կրկնեմ, եթե հենց նույն միջանցքի հարցն իրոք բացարձակապես անընդունելի լիներ, ապա կարելի էր վավերացնել դա փաստաթղթով։ Թեկուզև չհամաձայնելով ընդդիմության առաջարկած տարբերակին։ Թող ՔՊ-ական խորհրդարանն ընդուներ ՔՊ-ական հայտարարություն։ Բայց ո՜չ։ Սկզբունքայնությունը լոկ խոսքերով, ի տարբերություն փաստաթղթի, ոչ մի բանի չի պարտավորեցնում։

Ոչ, բնավ «կարմիր գծերի» մասին չէր խոսում Փաշինյանը հարցազրույցում։ Նա խոսում էր երևակայական գծերի մասին, որոնք միշտ կարելի է հեշտությամբ «վերաերևակայել»։