Զաս․ Անվտանգության համաշխարհային համակարգը դադարում է աշխատել

Անվտանգության համաշխարհային համակարգը ճգնաժամ է ապրում, և տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող պայմանավորվածությունները դադարում են գործել։ Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ընդլայնված նիստից հետո հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանսլավ Զասը` ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

Կառույցի ղեկավարը նշեց, որ Երևանում կայացած նիստում մանրամասն վերլուծվել է աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը և կազմակերպության պատասխանատվության գոտում առկա իրավիճակը: Զասը շեշտեց` աշխարհում առանցքային խաղացողների միջև վստահության մակարդակը հասել է կրիտիկական ցածր մակարդակի:

«Մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլև աճող գլոբալ անորոշության պատճառով սրման միտում ունեն»,- ասաց Զասը:

Այս առումով ՀԱՊԿ անդամների սկզբունքային դիրքորոշումը, որը հնչել է նաև Երևանում կայացած նիստում, մնում է նույնը. կազմակերպությունը հավատարիմ է իր սկզբունքներին, որ բոլոր հակասությունները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական ձևաչափով։

Դրա հետ մեկտեղ ՀԱՊԿ–ը անդամ երկրների անվտանգության բարձրացման ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները։ Հատուկ ուշադրություն է դարձվում ուժային բաղադրիչին։

Զասը դա անվանեց անվտանգության ապահովման գլխավոր գործիքներից մեկը։ Նա հավելեց, որ կարևոր բաղադրիչ է նաև հատուկ ծառայությունների և օպերատիվ կառույցների մակարդակով սերտ համակարգումը։

Նշենք, որ այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը նախագահում է Հայաստանը։

Հանդիպման արդյունքում ստորագրվեց 6 փաստաթուղթ, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների, ուժերի և միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանը և մի շարք այլ փաստաթղթեր։

ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Sputnik Արմենիա