Արամ ՕՐԲԵԼՅԱՆ․ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Աննա Վարդապետյանի թեկնածությունն առաջադրելու նպատակը դատական համակարգն ամբողջովին կառավարելի դարձնելն է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Արամ Օրբելյանի խոսքով՝ Աննա Վարդապետյանի բարեվարքության խնդիր կա։
Նա հիշատակեց Վարդապետյանի գործունեության մասին մոտ մեկ տարի առաջ հրապարակված տեսանյութը. «Այդ տեսանյութում երևում է, թե ինչպես է Աննա Վարդապետյանի էլեկտրոնային փոստից քննիչին ուղարկվել որոշակի գործերի դատավարական փաստաթղթեր, դրանց վրա կատարելով՝ համապատասխան ուղղումներ։ Քննիչը մինչև այդ նաև ուղարկել էր Աննա Վարդապետյանին բանկային գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր»։
Փաստաբանն ընդգծեց, որ վարչապետի խորհրդականն ի պաշտոնե չունի գործառույթ՝ քննիչներին ցուցում կամ հանձնարարություն տալու.
«Երբ հրապարակումը եղավ, քննչական մարմինները գտան, որ քրեադատավարական հիմքեր չկան, որի հետ ես համաձայն չեմ։ Բացատրություն տրվեց, որ Աննա Վարդապետյանը իրավաբանական համույթում ունի բազմաթիվ ընկերներ, որոնց ընկերական կարգով օգնություն է ցույց տալիս։ Դա անելու լիազորություն չունենալուց հետո երբ «բռնվել է», և դրանից հետո փոխարենը զղջալուն, ընդհակառակը, նա պնդեց, որ ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա։ Ենթադրենք Վարդապետյանն ընտրվում է Գլխավոր դատախազ և սկսում է դատավճիռներում փոփոխություններ անել և ուղարկել իր ընկեր դատավորին։ Եվ դա պայմանավորի նրանով, որ ինքը դա արել է ոչ թե դատախազ լինելով, այլ ուղղակի ընկերն է խնդրել»։
Արամ Օրբելյանի խոսքով՝ այս խնդիրն արտահայտվում է երկու ձևով՝ առաջինն այն է, որ Վարդապետյանը միջամտել է քրեական գործին, և երկրորդը՝ միջամտելուց հետո համարել է, որ այդտեղ խնդիր չկա։
Անդրադառնալով նաև մամուլում նախկինում շրջանառվող այն լուրին, թե ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Աննա Վարդապետյանի հետ, Օրբելյանն ասաց.
«Ես չգիտեմ՝ այդ տեղեկատվությունը ճիշտ է, թե՝ ոչ։ Եթե տեղի է ունենում հանդիպում ԲԴԽ անդամի և վարչապետի խորհրդականի միջև, այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ, եթե դա պաշտոնական է, և քննարկվում են պաշտոնական հարցեր, որոնք տեղավորվում են այդ մարդկանց իրավասությունների մեջ։ Բայց եթե խոսում ենք, որ այդ հանդիպումը ոչ հրապարակային է, որի շրջանակներում քննարկվում են ԲԴԽ-ի իրավասության հարցերը, կրկին հետ ենք գալիս այդ հարցին, որ դա արդարադատության իրականացման խոչընդոտում է։ 2018-ից հետո «վեթինգ» և «բարեվարքություն» բառերն են դատական համակարգին վերաբերող։ Վեթինգն անում են, որպեսզի անձանց նաև բարեվարքությունը ստուգեն։ Եթե առերևույթ բարեվարքության խնդիր ունեցող մարդն առաջադրվում է Գլխավոր դատախազի թեկնածու, հիմա քննարկել՝ համապատասխանում է ստանդարտներին, թե՝ ոչ, անիմաստ է, որովհետև մենք գիտենք, որ կա անձ, որը չի համապատասխանում այդ ստանդարտներին և իրեն առաջադրում են Գլխավոր դատախազի պաշտոնում, ապա քննարկել, թե մենք կարիք ունենք դատական համակարգը բարելավել, ընդհանրապես հնարավոր չի։ Այդ դատական համակարգում էթիկական ստանդարտն ունի զրո կարևորություն, կարևորը հավատարմությունն է»։