ՇԱՏ «ՅՈՒՐԱԺԱՄԱՆԱԿ» ԳԱՂԱՓԱՐ
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է խստացնել պայքարը փողոցային ապօրինի առևտրի դեմ։ Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, շրջանառության է մտցվել մի օրինագիծ, որը նախատեսում է վաճառվող արտադրանքի առգրավում, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը:
Նշվում է, որ 2019-2022 թթ.կազմվել է ապօրինի առևտրի վերաբերյալ 3583 արձանագրություն, որոնցով տուգանքները գերազանցել են 80 մլն դրամը, սակայն վճարված է դրա կեսից էլ պակասը:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքերով, քաղաքապետարանը նախազգուշացնում է իրավախախտներին, տուգանում, սակայն մի քանի ժամ անց վաճառողներն իրենց ապրանքը կրկին դնում են փողոցներում։ Նա ընդգծել է, որ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն մեթոդն է:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՀԱՅՏՆԻ Է, ՈՐ ԱՄԵՆ ՆՈՐԸ ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է։ Այս սկզբունքով մայրաքաղաքի ներկայիս աշխատակազմը պարբերաբար հիշում է նախկին քաղաքապետի օրոք ազդարարված նախաձեռնությունները։ Փողոցային առևտրի դեմ պայքարը, իհարկե, այդ շարքից է: Իսկ բացի այդ, նույն շարքից են նաև դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայկ Մարությանի խոստացած վերելակները մայրաքաղաքի բազմահարկ շենքերում, մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը և էլի մի փունջ բաներ, որ 4 տարի առաջ խոստացել է իշխող կուսակցությունը, մասնավորապես՝ նախկին քաղաքապետի շուրթերով, իսկ հիմա վերհիշում է արդեն հանձին նոր քաղաքապետի։
Սկզբունքորեն, քաղաքային վարչակազմի հիշողության պարբերական թարմացման մեջ դատապարտելի ոչինչ չկա։ Թող հիշեն ու անեն։ Միայն թե հիշողությունն այստեղ բավական խտրական է։ Այ, ինչո՞ւ հիմա ոչ ոք քաղաքապետարանում բնավ չի հիշում, թե ինչպես Հայկ Մարությանը սկսեց ինքնամոռաց մաքրել է Օպերայի և բալետի թատրոնի շենքի հարակից տարածքը հանրային սննդի օբյեկտներից, ինչպես խոստացավ վերադարձնել դա ժողովրդին, իսկ այն բանից հետո, երբ քանդեցին մի քանի սրճարաններ և «ջազվեի» «հուշարձանը», բոլորը համերաշխ մոռացան այդ տարածքները կուսական վիճակի վերադարձնելու անհրաժեշտության մասին: Նշենք, որ այդ ժամանակից ի վեր անցել է արդեն մի քանի տարի, բայց Թատերական հրապարակի շրջակա տարածքն առաջվա պես գերհագեցած է բազմաթիվ սրճարաններով։ Այդտեղ ոչինչ չի փոխվել։
Թեպետ, վերադառնանք փողոցային առևտրի դեմ պայքարի պատմությանը։ Ասենք ուղղակի, այդ երևույթի դեմ քաղաքային իշխանությունները փորձել են պայքարել միշտ, թե՛ թավշե շրջանում, թե՛ թավիշից առաջ։ Դրանում առանձնակի հաջողությունների չեն հասել ո՛չ «նախկինները», ո՛չ ներկաները, ո՛չ «սևերը», ո՛չ «սպիտակները»։ Պատճառը, թերևս, մեկն է. փողոցային առևտուրը երկրի սոցիալական ծանր վիճակի արդյունք է, և քանի դեռ սոցիալական առումով ոչինչ արմատապես չի փոխվել, փողոցային առևտուրը ծաղկելու է՝ թույլ տալով քաղաքացիների որոշակի, աղքատ կատեգորիային վաստակել հանապազօրյա հացը։
Հաշվի առնելով այս պարզ, բոլորին հայտնի ճշմարտությունը՝ առնվազն տարօրինակ է թվում փողոցային վաճառասեղանների դեմ հերթական մարտը սկսելու քաղաքային աշխատակազմի ներկայիս հերթական մղումը։ Տարօրինակ է դա այն պատճառով, որ հենց հիմա, հենց այս ժամանակահատվածում նկատվում է գների մշտական աճ և երկրի բնակչության կյանքի որակի անկում։ Հենց ներկայումս բնակչությունն աղքատանում է օրըստօրե։ Բացի այդ, գրեթե ոչ ոք կասկած չունի, որ այդ գործընթացները կշարունակվեն և կուժգնանան տեսանելի հեռանկարում։ Եվ ահա սոցիալական խնդիրների սրման այս խորապատկերին քաղաքապետարանը հանկարծ հիշում է փողոցային առևտրի մասին։ Ու դեռ մի բան էլ նախաձեռնում առևտրի կարգը խախտողներին պատժելու նոր միջոց։ Դա ընդհանրապես սադիզմի է նման…
Կարելի է առանց կասկածի նշույլի կանխատեսել, որ գաղափարը կձախողվի դեռ սաղմնային վիճակում։ Քանզի բնավ լավ կյանքից չէ, որ մարդիկ ժամերով նստում են մայթերին ու վաճառում ինչ պատահի։ Այդպես նրանք գոյատևում են։ Եվ քաղաքապետարանի ոչ մի սահմանափակում ու պատժամիջոց չի վերացնի ամեն գնով գոյատևելու մարդկային ձգտումը։ Տուգանեք ու առգրավեք։ Քանի դեռ պետությունը սոցիալական ծրագրերի իրականացման փոխարեն գերադասում է կանոնավորապես պարգևավճարներ տալ որոշակի կատեգորիայի ծառայողներին, քանի դեռ կառավարությունը գերադասում է ավելացնել ոստիկանության ֆինանսավորումը ևս ավելի քան 2 մլրդ դրամով, մյուսները կփորձեն եկամուտ ստանալ «ոնց ստացվի» ռեժիմով: Ինքնապահպանման բնազդն այնուամենայնիվ գործում է։ Իսկ քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը չի գործի նաև այն պատճառով, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ դրա մասին կմոռանան շատ ավելի շուտ, քան կսկսեն կյանքի կոչել։ Այդպիսին է անմտածված, չկշռադատված բոլոր նախաձեռնությունների ճակատագիրը, այդպիսին է կառավարման թավշե ոճի ծնած բոլոր գաղափարների ճակատագիրը։