ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ․ ԱՊԱԳԱ ԿԱ՞

Մեկ տարի առաջ այս օրը` հունիսի 20-ին, ՀՀ-ում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում դե-ֆակտո իշխանությունները հավաքեցին 688761 ձայն, այսինքն` ձայների 53,91%[1]: Ստանալով խորհրդարանում գերակշիռ մեծամասնության կարգավիճակ, այն է՝ 71 պատգամավորական մանդատ` դե-ֆակտո իշխանական խմբակցությունը, կարելի է ասել, ձեռք բերեց միահեծան իշխանություն: Այն, որ պատերազմում պարտություն կրած երկրում այդ պարտությանը հանգեցրած ուժի հետ ընտրությունների գնալու օրակարգն ընդամենը խայծ էր` տրված դե-ֆակտո իշխանությունների կողմից` լեգիտիմության պակասը լրացնելու նպատակով, այլևս ակնհայտ է բոլորի համար:

Ստանալով այն «պողպատե մանդատը», որի մասին այդքան խոսում էին` դե-ֆակտո իշխանությունները համարում են, որ այսուհետ լիազորված են անել կամայական ամեն ինչ կեղծ լեգիտիմության շղարշի ներքո` ամեն հարմար առիթով թմբկահարելով, որ իրենք ժողովրդից մանդատ են ստացել: Բայց արդյոք ժողովուրդը դե-ֆակտո իշխանություններին մանդա՞տ էր տվել երկրի արտաքին անվտանգությունը չապահովելու, Արցախը վերջնականապես Ադրբեջանի կազմ հանձնելու և ՀՀ քաղաքացիների իրավունքները շարունակ ոտնահարելու համար: Դատելով այն նախընտրական ծրագրից, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել էր հանրությանը մեկ տարի առաջ, բնավ ո՛չ:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից մեկ տարի անց «Հայկական Ալիքն» առանձնացրել է դե-ֆակտո իշխանությունների կողմից նախընտրական քարոզարշավին ներկայացված կետերից 7-ը, որոնք այդպես էլ անկատար մնացին անցած մեկ տարվա ընթացքում և ավելին` դե-ֆակտո իշխանությունների նման գործելակերպի շարունակության պարագայում, այդպես էլ կմնան թղթի վրա:

Դատաիրավական բարեփոխումներ

- Ապահովելու ենք անկախ և բարեվարք դատավորների մուտքը դատական համակարգ, ինչը անկախ դատական համակարգի կայացման գլխավոր գրավականներից է[2]:

Հաշվի առնելով մի շարք իրավապաշտպանների հնչեցրած ահազանգերն ու հայտարարությունները` կարող ենք եզրակացնել, որ «անկախ և բարեվարք դատավորի» մասին իշխանական պատկերացումները տարբերվում են դասականից: Արդարադատության ոլորտը, կարելի է ասել, դե-ֆակտո իշխանությունների առաջնային թիրախներից է: Ամենացայտուն օրինակներից է 2022 թ.-ի փետրվարի 1-ից սկսյալ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի հետապնդումն ու կալանավորման որոշումը: Այս դեպքի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին էին դիմել դատավորի փաստաբանները[3]: Դատավորին կալանավորելու որոշումը ոչ իրավաչափ է, քանի որ դատավորը գործել է իր լիազորությունների սահմաններում: Ավելին, դատավորի փաստաբանները հավաստում են, որ կալանավորման բուն պատճառը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) գրավի դիմաց բաց թողնելու որոշումն է: Սա, կարելի է ասել, հստակ ազդակ է` ուղղված դատավորներին, որոնք կփորձեն ընդդիմանալ դե-ֆակտո իշխանություններին:

- Մենք շարունակելու ենք կատարելագործել մեր օրենսդրությունը բռնության, ատելության, թշնամանքի, խտրականության դեմ պայքարում՝ ժողովրդավարությունը պաշտպանելու և իրավունքի չարաշահման դեպքերը կանխելու նպատակով։ Տարաձայնությունները և բազմակարծությունը պետք է լինեն հանրային լայն երկխոսության առիթ՝ հանգելով համերաշխության և հանրային փոխվստահության[4]։

Այս սկզբունքը Հայաստանի Հանրապետությունում գործող ամենամիակողմանի սկզբունքներից մեկն է: Պարզաբանենք, թե ինչ նկատի ունենք` ասելով միակողմանի: Եթե դե-ֆակտո իշխանություններն ընդդիմադիր դաշտում գտնում են դեմքեր, որոնց գործունեությունը կարելի է սահմանափակել այս սկզբունքի կիրառմամբ, ապա այն միանգամայն գործուն է: Դրա վառ ապացույցներից է հայտնի 137.1 հոդվածը, որը հայտնի է նաև որպես «ծանր վիրավորանքի» հոդված: Այս չարաբաստիկ հոդվածով հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր դաշտի մի շարք գործիչներ, ինչպես նաև ընդդիմադիր հայացներ ունեցող սովորական քաղաքացիներ: Մի կողմ թողնենք այն փաստը, որ սա ոչ այլ ինչ է, քան մարդկանց խոսքի ազատության սահմանափակում, որը բնորոշ է ծայրաստիճան բռնապետական ռեժիմներին, հոդվածն իր ողջ էությամբ հակասահմանադրական է և ունի շատ բաց ու վիճարկելի կողմեր, ինչի մասին և հավաստում են բազմաթիվ իրավապաշտպաններ։ Այսպիսով՝ դե-ֆակտո իշխանությունները, ասելով, որ շարունակելու են կատարելագործել օրենսդրությունը` պայքարելու բռնության, ատելության, թշնամանքի դեմ, հավանաբար նկատի ունեին հենց այս հոդվածը, որն ընդունեցին առանց հապաղելու` ընտրություններում «պողպատյա մանդատն» ստանալուց հետո: Այլապես սոցցանցային տիրույթում և դրանից դուրս վաղուց պետք է վերացած լիներ ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն օրինակ արցախցիների[5], Արցախի դրոշի[6], ընդդիմադիրների[7] դեմ: Սակայն նման դեպքերը տարօրինակ կերպով դուրս են մնում իշխանական և մարդու իրավունքների մասին զօրուգիշեր թմբկահարող շրջանակների ուշադրությունից: Իսկ երբ նույնիսկ Հիպոկրատի երդում տվածներն են դրսևորում մասնագիտական անբարեխղճություն և ընդդիմադիր քաղաքացուն, որը նաև պատերազմի հաշմանդամ է, չեն ցուցաբերում համարժեք բժշկական օգնություն, ապա սա ոչ այլ ինչ է, քան խտրականություն[8]: Այսպիսով, կարող ենք վստահաբար պնդել, որ բազմակարծությունն այսօր Հայաստանում ամենևին էլ չի խրախուսվում:

- Մենք ուշադիր ենք լինելու մարդու իրավունքների պաշտպանվածության նկատմամբ հատկապես խոցելի խմբերի պարագայում։ Մեր ուշադրությունը սևեռված է լինելու նաև մարդկանց և իրավապահ համակարգի միջև հարաբերություններին՝ բացառելու համար բռնության, խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վարվելակերպերի կանխարգելմանն ու հետապնդմանը, ինչպես նաև երաշխավորելու ենք իրավապաշտպանների համար իրապես ազատ և անխոչընդոտ գործունեության իրավական և գործնական պայմաններ։

Փորձը ցույց է տալիս, որ դե-ֆակտո իշխանությունների ուշադրությունը սևեռված է միայն իրավապահ համակարգի միջոցով այլախոհ և ընդդիմադիր քաղաքացիներին ճնշելու և վերջիններիս նկատմամբ բռնություններ կիրառելու ուղղությամբ: Ընդդիմության` ավելի քան մեկ ամիս առաջ մեկնարկած ակցիաների ժամանակ, ոստիկանության կողմից բռնի ուժի գործադրումը դրա ամենաուղղակի ապացույցներից է: Թե՛ համացանցում տարածված տեսանյութերից, թե՛ իրավապաշտպանների կողմից ներկայացված բողոքներից ակնհայտ է, որ ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառել` հասցնելով լուրջ մարմնական վնասվածքներ քաղաքացիներին: Սրան նաև հավելենք «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, որ հունիսի 5-ի դրությամբ Հայաստանում կա 50 քաղբանտարկյալ: Այսպիսով, վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանում այլախոհները ենթարկվում են քաղաքական հետապնդման, խոշտանգվում:

Արցախյան հիմնախնդիր

- Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը…Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:

Հայաստանի Հանրապետությունը փաստացի դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, քանի որ նույնիսկ իր անվտանգությունն ի վիճակի չէ երաշխավորելու: Դա է վկայում այն, որ 2021 թ.-ի մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և մինչ օրս շարունակում են ապօրինաբար օկուպացնել ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 41 քկմ տարածք, իսկ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները կոչերով դիմում են միջազգային հանրությանը կամ սխալ հոդվածներին հղում անում ՀԱՊԿ-ին դիմելիս: Բացակայում է նաև ռազմական անվտանգության ապահովման տարրը: Այս մեկ տարվա ընթացքում և պատերազմի ավարտից ի վեր առհասարակ չի եղել զորակոչ դեպի Արցախ, չի ամրապնդվել Արցախի ՊԲ-ը: ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ցուցաբերած միակ օգնությունը եղել է ֆինանսական որոշակի միջոցների տրամադրումը[9] և տների կառուցումը:

- Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:

Անցած մեկ տարվա ընթացքում ոչ մի հարթակում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չեն բարձրացրել ոչ միայն ԼՂԻՄ-ի դեօկուպացիայի հարցը, այլև առհասարակ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: Արցախի ինքնորոշումը դարձել է այնքան սակարկելի, որ բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպման արդյունքներով առհասարակ չկա հիշեցում Արցախի ինքնորոշման մասին, իսկ Արցախի ժողովուրդ քաղաքական միավորը նվազել է` դառնալով «Արցախի էթնիկ հայ բնակչություն»[10]:

- Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը ստորագրած 3 կողմերն իրականացնեն իրենց պարտավորությունները:

Սա ՀՀ դե-ֆակտո վարչապետը ասել է 2021 թ. հունիսի 6-ին[11]: Եվ ընդամենը մեկ օր անց Արմավիրի քարոզարշավի ժամանակ վերջինս անում է մի հայտարարություն, որի բովանդակությունից պարզ դարձավ, որ դե-ֆակտո իշխանություններն այդքան էլ չեն շտապում գերիներին վերադարձնելու հարցում: Մասնավորապես ասվել է. «…Եվ այո, նրանք մեզ կներեն` մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար…»[12]: Հիշեցնենք, որ գերիների անհապաղ վերադարձը հանդիսանում է վերոնշյալ նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերից մեկը, իսկ Ադրբեջանը, փաստացի, չի իրականացրել իր պարտավորությունն այդ կետով: Ավելին, հայկական կողմը նույնիսկ հետամուտ չի եղել դրա իրականացմանը: Դա հավաստիացնող փաստեր կարող ենք գտնել մեկ տարի անց` մայիսի 26-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի` «Սպուտնիկ Արմենիա»-յին տրված հարցազրույցում, որտեղ վերջինս, անդրադառնալով գերիների հարցին, նշել է. «Մեր ունեցած տվյալներով՝ ճշգրտված և հիմնված ապացույցների վրա, ևս 80 հոգի գերի են ընկել, և նրանք պետք է ողջ-առողջ վերադարձվեն հայրենիք։ Բնականաբար, նրանց ճակատագրի հետ կապված որոշակի անորոշություն կա, քանի որ ամիսներ կամ տարիներ են անցել, սակայն գերության փաստը կասկածից վեր է։ Այսպիսով, 39 թիվը չափազանց թերագնահատված է, մինչդեռ գերիների իրական թիվը 119-ն է։ Խոսքը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո գերի ընկածների մասին է»[13]: Փաստորեն պետությունը մինչ օրս չի զբաղվել այդ հարցով ևս: Փոխարենը, դե-ֆակտո իշխանությունները շրջանառում են ադրբեջանական թեզն առ այն, որ հայկական կողմն ունի 39 գերի Բաքվի բանտերում:

Շրջակա միջավայրի պահպանություն և բնական ռեսուրսների կայուն կառավարում

- Շարունակելու ենք Սևանա լճի…մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները[14]:

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի վերաբերյալ զեկույցը այս տարվա հունվարի 24-30-ը ընկած ժամանակահատվածի համար այլ բան է ասում լճի մակարդակի մասին: Մասնավորապես նշվում է, որ «Սևանա լճի մակարդակը հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.39մ (30.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով»[15]:

Այսպիսով, տեսնում ենք, թե ինչպես մեկ տարի անց չունենք առարկայական արդյունքներ ամենակենսական խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես դատաիրավական համակարգում և Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ոչ միայն չկա դրական տեղաշարժ, այլև գրանցվել է ահռելի հետընթաց, եթե առհասարակ կարելի է այս իրավիճակն այդպես կոչել: Հասարակությունը բևեռացված է, մարդիկ ենթարկվում են հալածանքների այլակարծության և իրենց քաղաքական հայացքների համար: ՀՀ դե-ֆակտո իշխանություններն իրենք էին դեռևս մեկ տարի առաջ հավաստում, որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»[16]: Սակայն մեկ տարի անց ականատես ենք լինում Արցախի աստիճանաբար հանձման պրոցեսին: Ուստի, երկու կարևոր եզրահանգում պետք է անենք այս ամենից`

- Դե-ֆակտո իշխանություններն ինչքան էլ շեփորահարեն իրենց տրված մանդատի մասին և կապեն դա իրենց թվացյալ լեգիտիմության հետ, միևնույնն է այս փաստերը գալիս են ապացուցելու, որ խոսք չի կարող լինել լեգիտիմության մասին առհասարակ: Լեգիտիմ իշխանությունները բավարարում են պետության առջև ծառացած կենսական պահանջները: Այս դե-ֆակտո իշխանությունները չունեն ո՛չ կամք, ո՛չ կարողություն, հետևաբար` լեգիտիմ չեն:

- Քանի որ դե-ֆակտո իշխանությունն իր նախընտրական ծրագրում չի նշել ո՛չ Արցախի հաձնման, ո՛չ քաղաքական ճնշումների աճի մասին, նրա օգտին քվեարկողներից և ոչ ոք նրան չի տվել մանդատ` լինի թավշյա, թե` պողպատյա, գործելու պետության կենսական շահերին դեմ: Սակայն փաստացի, այսօր նրանք հենց դրանով էլ զբաղված են, հետևաբար` խախտում են իրենց նախընտրական խոստումները: Ուստի, դե-ֆակտո իշխանությունները չունեն մանդատ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու, չունեն մանդատ քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու, երկրի կառավարումը ձախողելու:


[1] ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններ, https://res.elections.am/images/doc/20.06.21v.pdf (հղվել է 20.06.2022 թ.)

[2] ՔՊ: Դատաիրավական բարեփոխումներ, https://www.civilcontract.am/hy/1619355097 (հղվել է 20.06.2022 թ.)։

[3] Դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, https://ombuds.am/am/site/ViewNews/2110?fbclid=IwAR2VyNPd0o99t-Sn9jXkmdIztUR0UGxEyOUL5q_aqmCfAjjY8TXl3b4uNl0 (հղվել է 20.06.2022 թ.):

[4] ՔՊ: Դատաիրավական բարեփոխումներ, https://www.civilcontract.am/hy/1619355097 (հղվել է 20.06.2022 թ.)։

[5] Լյովա Եղիզարյանի ֆեյսբուքյան գրառում, https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0xLyk5qGSNMBFEVc2KJTUGwwEUk5dHHtBq4c1FdGVerydgdaTVuRSLbqp4fke6Teul&id=100011695262547 (հղվել է 20.06.2022 թ.)։

[6] Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառում, https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/pfbid0JqqkmJDC2qTeufuVG87XaCtuPre6rAdmG7uCCDsjx7GMZcA3jwp5io5qGeSARnHhl (հղվել է 20.06.2022 թ.)։

[7] Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառում, https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid02nYKaMKTnv8wE1r6HdWaF33FY1vsn2ZbJkH7XR2vqu1Zc54aArHCzq1A6DWk8Uay2l (հղվել է 20.06.2022 թ.)։

[8] Ուղիղ եթեր Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից, https://www.facebook.com/rubenmelikian/videos/1042171919732528/ (հղվել է 20.06.2022 թ.)։

[9] Աջակցության միջոցառումներ https://www.gov.am/am/support-measures/ (հղվել է 20.06.2022 թ.):

[10] Press statement by President Michel of the European Council https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2022/05/23/press-statement-by-president-michel-of-the-european-council-following-a-trilateral-meeting-with-president-aliyev-of-azerbaijan-and-prime-minister-pashinyan-of-armenia/ (հղվել է 20.06.2022 թ.).

[11] Նիկոլ Փաշինյանի ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացմանը, https://www.youtube.com/watch?v=aCs2Ouo4rdE&t=40m21s (հղվել է 20.06.2022 թ.):

[12] Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել Բաքվի բանտում գերության մեջ մնալու համար.Նիկոլ Փաշինյան, https://www.youtube.com/watch?v=3mzDc8TtkV4 (հղվել է 20.06.2022 թ.):

[13]Противоречивые данные о пленных могут получить правовую оценку – правозащитник Противоречивые данные о пленных могут получить правовую оценку – правозащитник, https://ru.armeniasputnik.am/20220526/protivorechivye-vredyaschie-armyanam-dannye-o-plennykh-mogut-poluchit-pravovuyu-otsenku-42492324.html (հղվել է 20.06.2022 թ.).

[14] ՔՊ: Շրջակա միջավայրի պահպանություն և բնական ռեսուրսների կայուն կառավարում, https://www.civilcontract.am/hy/1622710609 (հղվել է 20.06.2022 թ.):

[15] Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. հունվարի 24-30 (2022թ) http://www.meteomonitoring.am/post/671 (հղվել է 20.06.2022 թ.):

[16] ՔՊ: Արցախի հիմնախնդիր, https://www.civilcontract.am/hy/1619349203 (հղվել է 20.06.2022 թ.):

Hayaliq.com