«ՔՊ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԳՋ» ՄԱՐԴԸ
Յուրաքանչյուր ոք ընտրում է էությամբ իրեն համապատասխանող թիմ: Ուժեղ առաջնորդը չի վախենում ուժեղ թիմից։ Ողորմելի առաջնորդի հավաքած թիմն էլ է ողորմելի։ Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Հայաստանի նորագույն պատմությանը, շատ լավ գիտեն, թե ինչ բան է Գագիկ Ջհանգիրյանը։ Դա ոչ միայն պարզապես հատակն է։ Դա ստորինից էլ ստորին հատակն է։
Մի՞թե որեվէ մեկը կարծում է, թե Նիկոլը տեղյակ չէ, որ հենց Գագիկ Ջհանգիրյանն է (այսուհետ «ԳՋ»՝ հակիրճության համար) եղել Հայաստանում ընտրակեղծիքների ակունքներում 1995-ից ի վեր, երբ անվանապես ԿԸՀ նախագահ Ռոբերտ Ամիրյանի տեղակալն էր, իսկ փաստացի՝ ԿԸՀ նախագահը, որին դրել էին այդ պաշտոնին իշխանության կուսակցության հաղթանակն ապահովելու կոնկրետ առաջադրանքով։
Մի հայտնի պատմություն կա, որը պատմել է Աղասի Արշակյանը. թե ինչպես է ինքը ձայների կեղծման մասին վկայող պաշտոնական բողոք բերել Ամիրյանին։ Վերջինս Արշակյանին ուղարկել է «ԳՋ»-ի մոտ, իսկ նա Արշակյանի աչքի առաջ պարզապես պատռել է պաշտոնական փաստաթուղթն ու նետել աղբաման։ Նիկոլն այդ մասին չգիտի՞։
Նիկոլը չգիտի՞ «Մատաղիսի գործի» մասին։ Երբ մեղադրյալ զինծառայողների մատները կոտրում էին, որպեսզի ցուցմունքներ պոկեն ծառայակցի սպանությանն իբր մեղսակցության մասին, իսկ այդ «հետաքննության» հետևում կանգնած էր զինդատախազ «ԳՋ»-ն, արևմտյան առաջադեմ նմուշներով հայկական դատական համակարգի ներկայիս մեծն բարեփոխիչը։ Նիկոլն այդ մասին չգիտի՞։
Նիկոլը չգիտի՞, թե ինչպես էր «ԳՋ»-ն ջանում քաղաքական կապիտալ սարքել իր համար «հոկտեմբերի 27»-ի գործի հաշվին։ Ու թեև շատ լավ տեղյակ էր, որ գործը բացահայտված է, ամեն կերպ խարդավանքների էր դիմում ու փորձում ակնարկներով զայրույթ առաջացնել զոհվածների հարազատների մոտ իշխանությունների հասցեին, որոնք, իբր, ինչ-որ բան թաքցնում են։
Նիկոլն այդ մասին չգիտի՞։ Գիտի, բայց ողորմելին իր համար թիմ է ընտրում սեփական պատկերով ու նմանությամբ։ Եվ հիմք ընդունելով կադրային քաղաքականության իր համար որոշիչ այն սկզբունքը, որ այս կամ այն պաշտոնի թեկնածուն նյարդային ջղակծկումների մեջ ընկնի Ռոբերտ Քոչարյանի անունը լսելիս։ Այդ առումով «ԳՋ» մարդը իդեալական է «Քաղաքացիական պայմանագրի» համար (այսուհետ «ՔՊ» կուսակցություն՝ հակիրճության համար)։ Քանզի հենց Քոչարյանի օրոք էր, որ «ԳՋ» մարդը թեև ուշացումով, բայց վերջապես հայտնվեց քաղաքական հետնաբեմում։
Նիկոլն ամեն ինչ շատ-շատերից ավելի լավ գիտի։ Բայց Նիկոլի համար գլխավորը «հակաքոչարյանիզմն» է։ Դրա համար էլ տանուլ տված պատերազմից հետո ռազմական նախարարի աթոռին հայտնվեց Քոչարյանի կողմից ժամանակին վտարված Վաղարշակ Հարությունյանը, որն էլ Ադրբեջանին հանձնեց Սյունիքի մի շարք տարածքներ։ Իսկ հետո Նիկոլը Մոսկվա ուղարկեց ձախողված Վաղարշակին՝ որպես դեսպան։ Բնավ ոչ այն պատճառով, թե Վաղարշակը դիվանագետ է, այլ այն հույսով, թե վերջինս կթուլացնի Քոչարյանի ազդեցությունը մոսկովյան Սփյուռքում…
Եվ ահա, նույն «հակաքոչարյանական» սկզբունքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աթոռին հայտնվեց «ԳՋ» մարդը՝ «ՔՊ» կուսակցության դրածոն։ Ինչի համար հարկ եղավ գործ կարել ԲԴԽ նախկին ղեկավարի դեմ։ Նսեմության ամենաստորին կետը։ Այդպես է Նիկոլը բարեփոխում է դատական համակարգը։
Զավեշտալի է. այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում «ԳՋ» մարդը, գերազանց հայտնի է ոչ միայն Նիկոլին, այլև այն արևմտյան կառույցներին, որոնք ֆինանսավորում են Նիկոլի «բարեփոխումները» դատական և իրավական ոլորտներում... Այդ ոլորտները արևմտյան պանծալի չափանիշներին մոտեցնելու համար։ Մեր դատաիրավական համակարգի արևմտյան մեծ բարեփոխիչները նույնպես շատ լավ գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում «ԳՋ» մարդը։ Դե, իսկ եթե որևէ մեկը իսկապես չգիտեր, ապա հիմա հո իմացել է, այնպես չէ՞։
Գիտեն, բայց լռում են։ Եվ կշարունակեն լռել։ Քանզի «ԳՋ» մարդը ոչ միայն Նիկոլի, նրա ողորմելի իշխանության և «ՔՊ» կուսակցության բնութագրիչն է, այլև «արդարադատության» արևմտյան հանրահայտ չափանիշի, որտեղ գլխավորը՝ յուրային է արդյոք նա, թե ոչ։ Ամփոփում. «ՔՊ»-«ԳՋ»-ները նույնն են մնում ցանկացած փաթեթավորմամբ, լինեն մարդ, կուսակցություն, թե առաջատար խաղացողներ աշխարհաքաղաքական շախմատի մեծ խաղատախտակի վրա…