ԿՐԵՄԼԸ ՆՇԵԼՈՒ Է ՆՈՐ ԴՐԱԾՈՅԻ ԱՆՈ՞ՒՆԸ: ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԽԱՆԳԱՐԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Խաչատուրյանը ցույց տվեց Պուտինին, որ ինքը բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ չէ

Քաղաքական գործչին պետք է թույլ տալ արտահայտվել, մնացածը ինքը կանի։ Բնավ պատահական չէր, որ Հայաստանի 5-րդ նախագահը Սանկտ Պետերբուրգի համաժողովի շրջանակներում հիշատակեց Արցախի Հանրապետության դեմ ագրեսիան դադարեցնելու Պուտինի փորձը 2020թ. հոկտեմբերի 19-ին: Վահագն Խաչատրյանը դրանով հասկացրեց, որ, ի տարբերություն իր նախորդի՝ Արմեն Սարգսյանի, ինքը բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ չէ: Գործակալների թեմային կվերադառնանք ստորև, իսկ առայժմ խոսենք կենսականի մասին…

Նույնիսկ նրանք, ովքեր ընդդիմության փողոցային պայքարին հետևել են առիթից առիթ, պատշաճ հետևություններ կանեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ստորև մեջբերված արտահայտությունից. «Արտահերթ ընտրություններում ընդդիմության օգտին քվեարկել է ավելի քան 300 հազար ընտրող, մինչդեռ նրա կոչով փողոց է դուրս եկել 3-5 հազար մարդ, թեև Իշխան Սաղաթելյանը խոսում է 50 հազարի մասին։ Ընդդիմության հեռանալուց հետո խորհրդարանի վարկանիշը բազմապատիկ աճել է»: Ալեքսանյանն ասաց, որ եթե ընդդիմությունը շարունակի բոյկոտը ևս 2-3 ամիս, ապա խորհրդարանի վարկանիշը է՛լ ավելի կբարձրանա։

Դրանից էլ վեր՝ էլ ո՞ւր։ Այն ձայնագրությունից հետո, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների տարելիցին հրապարակեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, նրան ժամանակավորապես փոխարինող Գագիկ Ջհանգիրյանը ենթակա է անհապաղ կալանավորման: Փաստաբան Արամ Օրբելյանը կանգ է առել մեղադրյալի կարգավիճակի վրա։ Ձայնագրությունը ուղարկվել է ՔԿ, իսկ դա նշանակում է, որ Արգիշտի Քյարամյանը կարգելակի գործը։ Ձայնագրությունը կասկածի թանձր ստվեր է գցել 2021 թվականի ընտրությունների լեգիտիմության վրա։ Քվեարկությունից 4 ամիս առաջ Ջհանգիրյանը պահանջել է, որ Վարդազարյանը հոժարակամ իրեն զիջի աթոռը, որպեսզի ինքը, Փաշինյանի հանձնարարությամբ, կարողանա ազդել ընտրությունների արդյունքի վրա և թույլ չտա Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը։ Ահա այսպիսի՜ «բարձր» վարկանիշ ունի այս խորհրդարանը, ընկնելու տեղ էլ չկա:

Ալեքսանյանը մշտապես խոսում է այն մասին, թե իբր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին փողոց է դուրս բերել ոչ թե Արցախի և Հայաստանի ապագայի հոգսը, այլ «հանցավոր ճանապարհով» ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի իրագործումը։ Հայտնի է, որ մեղադրանք է առաջադրվելու այդ խմբակցությունների 6 պատգամավորների։ Հենց այդ պատճառով են, ըստ Ալեքսանյանի, խմբակցությունները դիմել ՍԴ՝ վիճարկելու օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը։ Սա նույնպիսի սուտ է, ինչպիսին փողոցային պայքարի մասնակիցների վերոնշյալ թիվը. Սահմանադրությանն այդ օրենքի անհամապատասխանության մասին խոսվել է դեռևս խորհրդարանական քննարկումների փուլում, երբ օրենքը դեռ օրինագիծ էր, որը միանգամայն ստույգ վկայում էր, որ Փաշինյանի ռեժիմը որոշել է օգտագործել բռնագանձումը որպես հաշվեհարդար քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։

Ալեքսանյանն ու մյուս «ուսապարկերը» փորձում են ներշնչել հասարակայնությանը, թե պատգամավորներն իրենց կողմնակիցներին փողոց են դուրս բերել, որպեսզի պաշտպանեն իրենց սեփականությունը, այլ ոչ թե Արցախի և Հայաստանի ապագան։ Յուրաքանչյուր ոք ուրիշների մասին դատում է սեփական բարոյազրկության չափով։ Փաշինյանի թիմը ավելի քան 4 տարի իշխանության ղեկին է, Հայաստանում իշխող ոչ մի վերնախավ չի հարստացել նման արագությամբ։ Եվ բանը միայն միլիոնների պարգևավճարները չեն. օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներն այնպիսի արագությամբ են ձեռք բերում թանկարժեք առանձնատներ ու արտասահմանյան մեքենաներ, որ պարզապես ապշում ես։

Վարչապետի հարազատ եղբայրը, ինչպես պարզվեց, 4 ընկերությունների սեփականատեր է, պետգնումները կատարվում են մեկ աղբյուրից, ԱԺ խոսնակի եղբոր ունեցվածքի մասին բիզնես շրջանակներում լեգենդներ են շրջում... Ընդդիմության դիմումը ՍԴ՝ ՀՀ Սահմանադրությանը բռնագանձման մասին օրենքի համապատասխանությունը պարզելու նպատակով, Ալեքսանյանն անվանեց «բարոյական ճգնաժամ», իսկ ընդդիմության բացակայությամբ պայմանավորված այլ ճգնաժամ, ըստ նրա, խորհրդարանում չկա։ Միակուսակցական խորհրդարանը, Ալեքսանյանի խոսքերով, անշեղ աճող վարկանիշ ունի։ Եփած հավի ծիծաղը կգա։

Արյունահեղությունը շարունակվել Է Վաշինգտոնի և Բրյուսելի կամքով

Բարոյականության մասին Ալեքսանյանի դատողությունները շատ նման են համաշխարհային քաղաքականության ներկա իրավիճակի վերաբերյալ Տիգրան Խզմալյանի վսեմ մտքերին։ Տարբերությունը լոկ այն է, որ Եվրոպական կուսակցության առաջնորդը հանուն Ռուսաստանի վրա հարձակումների չի խնայում Ալիևին ու Էրդողանին։

«Մենք պետք է ապացուցենք աշխարհին, որ Ադրբեջանը նույնպիսի ֆաշիստական պետություն է, ինդպիսին Ռուսաստանը և Թուրքիան են»,- օրերս հայտարարեց սույն գործիչը՝ պատկերելով հիրավի «վարդագույն» հեռանկար. «Ռուսական զավթիչ զորքերը Հայաստանից դուրս բերելուց հետո մեր երկիրը կվերածվի տարանցիկ պետության։ Ռուսաստանն ու Թուրքիան թուլանում են պատժամիջոցների ճնշման տակ, մինչդեռ հայկական շահերը համընկնում են շատ ավելի ազդեցիկ համաշխարհային խաղացողների շահերին»։

Խզմալյանի խոսքերով, «Ռուսաստանը քաղաքական մենաշնորհ չունի Հարավային Կովկասում», Ֆրանսիայի հրապարակում վրանային ճամբարը «հերթական մահափորձն էր հայոց պետականության դեմ՝ Մոսկվայի ցուցումով», իսկ մի քանի շաբաթ անց Հայաստանում հայտնի կդառնա Կրեմլի նոր դրածոյի անունը: Թե ով է հրապարակելու այդ անունը, Եվրոպական կուսակցության առաջնորդը չհստակեցրեց, փոխարենը վճռականորեն հայտարարեց, որ աշխարհում գլոբալ վերափոխումներ են ընթանում՝ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության կրճատման տեսանկյունից։

«Մինսկի խումբն այլևս չկա, փոխարենը կա բրյուսելյան գործընթաց... եթե գործընթացներն ընթանան Բրյուսելի և Վաշինգտոնի վերահսկողությամբ, ապա մենք կպահպանենք Արցախն ու Հայաստանը»,- ընդգծեց Խզմալյանը՝ հանդիմանելով Փաշինյանին, որ չի կարողացել հասարակական համերաշխություն ապահովել՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու Մոսկվայի միջամտության պատճառով։

Ըստ երևույթին, պարոն եվրոպացին տեղյակ չէ, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը Փաշինյանը մերժել Է ոչ թե հենց այնպես, այլ Վաշինգտոնի ու Բրյուսելի ճնշման տակ։ Պատճառը պարզ է. Վաշինգտոնին ու Բրյուսելին 2020 թվականին չէր մտահոգում, թե քանի հայ կզոհվի ռազմական գործողությունների շարունակման դեպքում, նրանք Փաշինյանին խորհուրդ են տվել մերժել Պուտինի առաջարկն ու շարունակել պատերազմը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակով։ Վաշինգտոնն ու Բրյուսելը 2020-ի հոկտեմբերին անում էին այն, ինչ այսօր անում են Ուկրաինայում։ 2020-ին նրանց համար միևնույնն էր, թե քանի հայ կզոհվի, այսօր նրանց չի մտահոգում, թե քանի ուկրաինացի կզոհվի. կարևորը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է։

Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 19-ին Պուտինը Ալիևի հետ պայմանավորվել էր պատերազմը դադարեցնելու մասին՝ պայմանով, որ Շուշին մնա հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։ Փաշինյանը մերժեց այդ առաջարկը Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով։ Հղումը փախստականների վերադարձի մասին Ալիևի պայմանին՝ զուտ պատրվակ էր։ Հենց այդ պատճառով էլ Պուտինը չթաքցրեց զարմանքը հազարավոր կյանքերի և Շուշիի պահպանումով հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելուց Փաշինյանի հրաժարման առնչությամբ։ Ինչ-որ կերպ արդարանալու համար կապիտուլյանտն անվանեց Շուշին «դժբախտ ու դժգույն քաղաք»։ 2020թ. հոկտեմբերի 19-ից հետո զոհված բոլոր հայերի արյունը Նիկոլի խղճին է։ Եվս մեկ անգամ կրկնեմ, որ նախագահ Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգի համաժողովի շրջանակներում հիշատակեց այդ օրը բնավ ոչ պատահականորեն…

Ադրբեջանական կուսակցություն, Թուրքական, Եվրոպական

Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ ի տարբերություն փաշինյանական մնացյալ գվարդիայի, Խզմալյանն իրեն ազնիվ է պահում։ Նա իր կուսակցությունն անվանել է «Եվրոպական» և բացահայտ սպասարկում է Բրյուսելի շահերը։ Նա իրեն պահում է որպես ազդեցության գործակալ՝ առանց քողարկվելու, կուսակցական հստակ ցուցանակի տակ, մինչդեռ մյուս պարոնայք, մեր երկրում իրականացնելով արտաքին ուժերի շահերը, ջանադրաբար քողարկվում են։

Կուսակցությունը, որի անդամ է Ալեքսանյանը, ըստ էության, պետք է կոչվեր «Թուրքական», Իսկ Լևոն Շիրինյանի կազմակերպությունը՝ «Ադրբեջանական», կամ հակառակը։ Խորհուրդ եմ տալիս հետևել Խզմալյանի օրինակին. այդժամ քաղաքականացված հայ հանրությունը վերջապես կհասկանա, թե որ երկրի քաղաքացիների հետ է պայմանագիր կնքել Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն վաղուց անվանում են քաղաքացիական պատերազմի կուսակցություն։ Կարծում եմ, հարկ չկա բացատրել մեր հայրենակիցներին, թե ինչու Պուտինը, ի պատասխան 2020 թ. հոկտեմբերի 19-ի առաջարկի մասին ՀՀ նախագահի խոսքերի, արտաբերեց հետևյալ արտահայտությունը. «Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում»։

ՌԴ նախագահը հասկանում է, թե այսօր ինչ խաղերի են փորձում մղել ռեժիմի պարագլխին Լոնդոնի և Վաշինգտոնի իշխող շրջանակները։ Պատահական չէ, որ Խաչատուրյանը շտապեց հավաստիացնել Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ անձամբ ինքն այդ խաղերին չի մասնակցում։ 5-րդ նախագահը հասկանում է, որ Հայաստանում կյանք է լինելու նաև Նիկոլից հետո... Փետրվարի 24-ից ի վեր ԱՄՆՈւկրաինային տվել է ավելի քան 60 մլրդ դոլար։ Երևանում այդ երկրի դեսպանատունը 400 հազար դոլար է առաջարկել՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հայ ժողովրդի բարեկամությունը «ջերմացնելու» համար։ Կարծում եմ ՝ Հարավային Կովկասում ռուսական ներկայությունն Անկարայի բացարձակ մենաշնորհով փոխարինելը ավելի թանկ արժե, բայց 60 միլիարդն էլ չփրկեց Ուկրաինային տարածքային մասնատումից, այնպես որ Հայաստանի 5-րդ նախագահը հաշվարկ է կառուցել աշնան հեռանկարով։