ԲՀԿ-Ի ԻՆՉԻ՞Ն ԵՆ ՊԵՏՔ ՆՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մի ամբողջ տարի լռություն պահպանող ԲՀԿ-ն սկսել է ակտիվացման նշաններ ցույց տալ։ Պատճառն առավել քան պարզ է. հորիզոնում նշմարվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորություն։ Ակնհայտ է, որ մեկ տարով անհետացած ԲՀԿ-ն, որի առաջնորդը փորձում էր զբաղեցնել ժողովրդին Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու գաղափարով, ընտրություններին կմասնակցի։
ՀԱՐՑ. ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ։ ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱԼ ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՈՐԻ ԲՈԼՈՐ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ ՆԵՆԳԱՆՇԱԾ ԵՆ։ Որպեսզի, ինչպեսև 2021-ին, լեգիտիմացնի՞ պատերազմում պարտություն կրած իշխանությանն ու անցած մեկ տարվա ընթացքում Արցախն ու Հայաստանը թշնամուն հանձնելու նրա նախաձեռնած բոլոր գործընթացները։ Եվ այստեղ պետք է հիշել, որ 2021-ին, երբ ակներև էր քաղաքական ճգնաժամը, Փաշինյանի իշխանությունը անկյուն էր քշված և թվում էր, թե ոչ մի հնարավորություն չուներ հրաժարական չտալու, և հենց այդ ժամանակ խորհրդարանական ԲՀ-ն ու ԼՀ-ն գործարքի գնացին Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների առումով։ ԼՀԿ առաջնորդն այսօր հատուկ հանձնարարություններով վազվզողն է Փաշինյանի ձեռքի տակ և փորձում է ժողովրդի մեջ առաջ տանել իշխանության պարտվողական գաղափարները, իսկ ԲՀԿ առաջնորդը սուսուփուս կառավարում է իր բիզնես կայսրությունը և ծառացած խնդիրներից ու սպառնալիքներից շեղում ժողովրդի ուշադրությունը Հիսուս Քրիստոսի ահռելի արձանը կանգնեցնելու գաղափարով։
Ապրիլից ի վեր, երբ խորհրդարանական ընդդիմությունը դուրս եկավ փողոցային պայքարի, ԲՀԿ-ն սկսեց կյանքի նշաններ ցույց տալ՝ բանավեճային տարբեր հարթակներում իր նախկին պատգամավորների շուրթերով բարձրացնելով նոր արտահերթ ընտրությունների հարցը։ Բարգավաճները, բնականաբար, համամիտ չեն, որ անցած տարվա հունիսյան ընտրություններից հետո անցած տարվա ողջ ընթացքում իրենք պասիվ են եղել։ Ասում են, թե դա սուբյեկտիվ գնահատական է, և մեկուկես տասնամյակի ընթացքում առաջին անգամ արտախորհրդարանական ուժի կարգավիճակում հայտնված ԲՀԿ-ն այսօր անհրաժեշտ է համարում վերլուծել իրավիճակը, նախանշել խնդիրները, վերաիմաստավորել դրանք և առաջ շարժվել։ Այն մասին, որ ընտրությունների արդեն հաջորդ օրը ցանկացած քաղաքական ուժ պետք է նախապատրաստվի հաջորդ ընտրություններին, ԲՀԿ-ում, հավանաբար, չեն լսել՝ մի ամբողջ տարի բացակայելով ծանր ժամանակներ ապրող երկրի և ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքից։ Այն բանից հետո, երբ Ծառուկյանը հունիսյան ընտրություններից հետո էդմոնմարուքյանների, սամվելաբայանների, տիգրանխզմալյանների, նորայնորիկյանների, արմանբաբաջանյանների և այդ կասկածելի ընկերախմբի այլ կերպարների հետ մեկտեղ սեղմեց Փաշինյանի ձեռքը, ԲՀԿ-ն իրադարձություններով լեցուն ողջ այս ընթացքում ոչ մի անգամ հանդես չի եկել որևէ հայտարարությամբ։
Նախևառաջ պետք է գիտակցել, որ գործընթացներ են տեղի ունենում ոչ միայն մեր երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս, նրա շուրջ, այդ գիտակցման բացակայությունը կարող է ճակատագրական դառնալ Հայաստանի համար, պարզաբանում են այսօր բարգավաճները։ Օրինակ՝ նախկին պատգամավորներ Շաքե Իսայանը, Իվետա Տոնոյանը «Հայկական օրակարգ» բանավեճային հարթակում։ Տոնոյանն այսօր պնդում է, թեև դա ավելի շատ նման է արդարացման, թե «այդ ժամանակ ընտրությունների անցկացումը թվում էր քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ խելամիտ միջոց։ Նման հույս կար, սակայն փորձը ցույց տվեց, որ ընտրությունները չլուծեցին ճգնաժամը»։ Իբր՝ «համավարակի և պատերազմի հետևանքների պայմաններում եղան ընտրությունները, երբ հանրության մեջ կար ատելության գերդոզավորում։ Ուստի ընտրությունները չէին կարող անցնել նախընտրական ծրագրերի պայքարով։ Նախընտրական քարոզարշավն առավելապես նման էր դեմագոգիայի և պոպուլիզմի արշավի»։ Դժվար թե այդ ամենը չէր հասկանում և չէր կանխատեսում ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը, երբ համաձայնում էր արտահերթ ընտրությունների գործարքի գնալ Փաշինյանի հետ, փաստացի լեգիտիմացնելով այն ամենը, ինչ հասցրել էին անել Փաշինյանն ու իր թիմը մինչև 2021 թվականի հունիս։
Այսօր բարգավաճները տարբեր ձևակերպումներով առաջ են տանում մի գաղափար, որի էությունը հանգում է մեկ բանի. նոր արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Սահուն փոփոխությունների համար, երկիրը ցնցումներից զերծ պահելու համար անհրաժեշտ է կազմակերպել արտահերթ ընտրություններ, ասում է Շաքե Իսայանը՝ ընդ որում չբացառելով գործող իշխանության վերարտադրությունը։ Սակայն, նրա խոսքերով, աշխարհում կա 2, 3, 4 ընտրությունների անցկացման պրակտիկա, այնքան անգամ, մինչև որ կլինի գաղափարական հիմք, սառը հաշվարկ, որը թույլ կտա պետությանը հաղթահարել մարտահրավերները։ Դժվար թե ԲՀԿ-ում չեն հասկանում, որ արտահերթ ընտրություններն ամեն անգամ ցնցում են պետության համար, դա 3 ամիս տևողությամբ անիշխանություն է երկրում, ինչը Հայաստանի համար կարող է ճակատագրական դառնալ։ «Մեկ տարի անց որքան էլ փոքր է հույսը, որ հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունները փոփոխություն կբերեն քաղաքական ճգնաժամի լուծման հարցում, այնուամենայնիվ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են։ Դա միանշանակ չի լուծի ճգնաժամը, գուցե նորից կարիք լինի նոր ընտրությունների, մինչև ձևավորվի այնպիսի կառավարություն, որը կարող է ապահովագրել երկիրը սպառնալիքներից»,- մեկ ամսվա տարբերությամբ կրկնում է Իսայանի խոսքերը Իվետա Տոնոյանը։
... Եվ կրկին այն հարցը, թե ինչո՞ւ ընտրությունների գնալ այն իշխանության հետ, որի բոլոր խաղաքարտերը նենգանշած են (և դա գիտակցում են նրանք, ովքեր դրդում են քաղաքական ուժերին և հանրությանը ընտրությունների), մնում է օդում կախված։ Չէ՞ որ ակնհայտ է, որ Փաշինյանն իր անձով և ՔՊ-ն իր ողջ կազմով զրկում են մեր ժողովրդին մի պարզ բանից. մեր պետության կյանքում նոր էջ ունենալուց, և կշարունակվի սա անվերջ, քանի անգամ էլ որ ընտրություններ անցկացնեն։ Եվ բնավ ոչ այն պատճառով, թե հասարակայնության մեծամասնությունը կողմ է դրան, այլ որովհետև ճնշման բոլոր լծակները՝ մինչև ուղնուծուծը քաղաքականացված դպրոցներից ու բուհերից և շինծու գործերով կալանավորված համայնքապետերի փոխարեն վարչապետի նշանակած պաշտոնակատարներից մինչև ՔՊ-ականների ուզածով փոփոխած Ընտրական օրենսգիրք, իշխող ուժի ձեռքում են։
Այսօր բոլոր հարցումները վկայում են անցած տարվա ընթացքում Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշի է՛լ ավելի անկման մասին։ Ինչո՞ւ գնալ այս իշխանության կազմակերպած ընտրությունների, որն իր նպատակին հասնելու համար ոչ մի մեթոդից չի խորշում։ Որպեսզի թույլ տաք նրան կրկին լեգիտիմությո՞ւն հավաքել ու ևս մեկ տարի անել ինչ խելքին փչի՝ անդունդ տանելով երկիրն ու ժողովրդին, թաքնվելով ընտրողների կողմից իրեն իբր տրված մանդատի հետևում։ Չէ՞ որ ակնհայտ է, որ իշխանությունն ու անձամբ Փաշինյանը հերթական անգամ կվերածեն քարոզարշավը մշտական միտինգի, բուն թեմայի հետ կապ չունեցող գործընթացի, էժանագին հույզեր կբորբոքեն, կասեն ու կանեն բաներ, որոնք քաղաքական գործիչները սովորաբար թույլ չեն տալիս իրենց ։ Եվ դրանում ոչ մի ընդդիմություն Փաշինյանին չի կարող գերազանցել։ 2018-ի ապրիլին, հետո նույն տարվա դեկտեմբերին ԱԺ ընտրություններում Փաշինյանի իշխանությունն արդեն ստացել է ընտրողների ձայների մեծամասնությունը, այնուհետ, կրկնենք, ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի օգնությամբ լեգիտիմացրել մազից կախված իր իշխանությունը 2021-ի հունիսին։ Ընտրություններից մեկ տարի անց արտահերթ նոր ընտրությունների կարիք է լինում մի դեպքում, երբ ձախողվում է իշխանության սկսած գործը և անհրաժեշտություն է առաջանում կրկին բարձրացնել իր նախաձեռնած գործընթացների լեգիտիմությունը։ Չէ՞ որ ակնհայտ է, որ պարտության խորհրդանիշի հերթական վերարտադրությունը, ինչպես ցույց տվեց անցած տարին, կդառնա լոկ մեզ համար անչափ կարևոր ժամանակի հերթական կորուստ, իսկ նոր էջ բացելու հնարավորությունը, եթե նման բան տեղի ունենա, կլինի շատ ավելի ուշ և շատ ավելի վտանգավոր իրականության պայմաններում։