ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԴԵՄ։ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԿԼՐԱՆԱ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27 ՏԱՐԻՆ
ՍԴ դատավորը զբաղվել է քաղաքական գործունեությամբ` խախտելով 164-րդ հոդվածը
Հիմնական օրենքի բարեփոխման մասնագիտական հանձնաժողովը ձևավորվեց 2020 թվականի փետրվարին: Հուլիսի 14-ին ամենշաբաթյա փակ նիստերից հետո հանձնաժողովը սկսեց հանրային քննարկումները: Դրա գործունեությունը ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց միայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի սկանդալային բոյկոտի շնորհիվ։ Պատճառների մասին բազմիցս հաղորդվել է, ուստի չարժե կրկնել։ 2020 թվականի հուլիսի 5-ին Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք։ Ռեժիմի պարագլուխն ակնհայտորեն շփոթել է փոփոխությունների հանձնաժողով ձևավորելը նոր Սահմանադրության ընդունման հետ, դրանք սկզբունքորեն տարբեր գործընթացներ են։
Արդեն այն ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները մատնանշեցին, որ Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրություն ընդունել, որպեսզի չեղարկի Անկախության հռչակագրի վրա հիմնված նախաբանը, որը, ինչպեսև 1-ին և 2-րդ հոդվածները, միշտ մնացել է անփոփոխ: 2020-ի հուլիսին թերթերը գրել են, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանձնաժողովը կներկայացնի դեկտեմբերին, իսկ հանրաքվեն տեղի կունենա 2021-ին: հետո հանրաքվեն չեղարկեցին: Այն կասկածները, որ Նիկոլը նախատեսում է նախաբանից բացառել հղումն Անկախության հռչակագրին և հիշատակումը « ինքնիշխան պետության վերականգնման մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամի» մասին, արդիական են առ այսօր։ Կան քաղաքագետներ, որոնք պնդում են, որ նախաբանի փոփոխությունը Նիկոլին Անկարայի ներկայացրած պահանջներից մեկն է։
1995թ. Սահմանադրությունը ընդդիմությունն առ այսօր անվանում է «Լևոն Տեր-Պետրոսյանի հագով կարված», 2005-ին Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչու է խորհրդարանական ընդդիմությունը դեմ փոփոխությունների փաթեթին, որը կրճատում է նախագահի լիազորությունները՝ խորհրդարանի լիազորությունների ընդլայնման հաշվին։ 2015-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը նույնպես չի կարելի համարել հարթ գործընթաց, թեև հայտնի է, որ Փաշինյանը չաջակցեց փողոց դուրս գալու և հանրաքվեի դեմ ակցիաներին միանալու Ժիրայր Սեֆիլյանի կոչին։ Փաշինյանն այդ ակցիաներն ու բուն հանրաքվեն անվանեց կեղծ օրակարգ։ Զավթելով իշխանությունը՝ նա որոշեց հետ չմնալ իր նախորդներից և նույնպես սեփական լուման ներդնել Հիմնական օրենքում։
Կապիտուլիացիայի մասին եռակողմ հայտարարության խայտառակ ստորագրումից մի քանի շաբաթ անց կապիտուլյանտի նախաձեռնությամբ փորձեցին բանավեճ պարտադրել հասարակությանը՝ կառավարման կիսանախագահական կամ նախագահական ձևին վերադառնալու նպատակահարմարության-աննպատակահարմարության մասին։ 44-օրյա պատերազմի հետևանքներից հասարակության ուշադրությունը շեղել չհաջողվեց, հիմա սահմանադրական բարեփոխման թեման թամբել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Հանրաքվեի տարեդարձը առիթ է՝ հիշեցնելու Փաշինյանի հայտարարության մասին, թե իբր՝ Հայաստանում «կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի»։ 2019թ. մայիսի 20-ին նա կոչ արեց արգելափակել բոլոր դատարանները Հայաստանի տարածքում, ինքն անձամբ միացավ ՍԴ շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներին: Այնուհետ նա ամեն հնարք բանեցնելով ՍԴ խցկեց Վահե Գրիգորյանին, որը մինչ այդ խորհրդարանի ամբիոնից անձամբ հռչակել էր իրեն ՍԴ նախագահ։ 2020թ. հունվարի 25-ին Կապանում իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը ձևացրեց, թե տեղյակ չէ, որ Գրիգորյանը բոյկոտում է ՍԴ աշխատանքը, բայց զբաղեցնում ծառայողական աշխատասենյակ, ստանում բենզինի կտրոններ և աշխատավարձ՝ ոչինչ չանելու դիմաց։ Երբ լրագրողը հարց ուղղեց, թե ինչպե՞ս է հնարավոր նման բան, կառավարության ղեկավարը ստեց, թե առաջին անգամ է լսում այդ մասին, թեև Գրիգորյանի պահվածքի մասին գրում էին բոլոր թերթերը, այդ թվում «Գոլոս»-ը։
Գրիգորյանն ասուլիսից հետո շարունակեց անել այն, ինչ անում էր դրանից առաջ, այն է՝ աշխատավարձ ստանալ ու բոյկոտել ՍԴ-ի աշխատանքը՝ խախտելով Հիմնական օրենքի 164-րդ հոդվածը (7-րդ կետ) այն մասին, որ ՍԴ դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Գրիգորյանի կողմից ՍԴ-ի աշխատանքի բոյկոտումն այլ կերպ, քան քաղաքական գործունեություն, անվանել անհնար է, քանզի այդ բոյկոտը պայմանավորված էր քաղաքական պատճառներով. Գրիգորյանը բողոքում էր ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի դեմ։ Սա Սահմանադրության ծանակման առաջին փաստերից մեկն էր, իսկ երկրորդը կապված էր հանրաքվե նշանակելու հետ՝ Սահմանադրության մեջ մեն-միակ փոփոխություն կատարելու համար, որը պետք է հեշտացներ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելը։
Հակասահմանադրական օրենք և բռնաճնշումներ ՍԴ անդամների նկատմամբ
Հրայր Թովմասյանի դեմ հալածանքին նվիրված են անթիվ-անհամար հրապարակումներ։ Հակասահմանադրական օրենքը՝ գործարքի առաջարկով (աշխատավարձերի և այլ վճարումների պահպանում, եթե ՍԴ դատավորները հոժարական անցնեն թոշակի) կմնա փաշինյանական բռնապետության ժամանակների իրավագիտության տարեգրության մեջ։
Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ բռնաճնշումներին, նրա հոր տանն անցկացված խուզարկությանը և ԱԱԾ-ում նրա դուստրերի հարցաքննություններին անպայման իրավական գնահատական կտրվի բռնապետական ռեժիմի տապալումից հետո: «Հեղափոխության պահապաններ» ավազակախմբի ներխուժումը «Հայելի» մամուլի ակումբ, որը ղեկավարում է Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելան, իրավապահ մարմինների կողմից համարժեք գնահատական չստացավ…
Սահմանադրության և ՍԴ-ի նկատմամբ ծաղրը լինելու է Փաշինյանին առաջադրվելիք մեղադրանքի հոդվածներից մեկը, մնում է սպասել նրա հրաժարականին։ Նույնիսկ Փաշինյանի քմահաճույքով վերաձևված ՍԴ կազմը 2021թ.մարտի 26-ին ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի անհամապատասխանությունը Հիմնական օրենքին և հանեց Ռոբերտ Քոչարյանին ու մի խումբ անձանց ներկայացված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Երկրորդ նախագահի և մի խումբ անձանց նկատմամբ եռամյա ապօրինի հետապնդումների համար (Քոչարյանը կալանավորվել է երկու անգամ) ոչ ոք պատիժ չի կրել:
Հիմնական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի մշակման բոլոր հանձնաժողովների կազմում խցկված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար, նեղ շրջանակներում լայնորեն հայտնի Դանիել Իոաննիսյանը: Այդ արտոնությանը նա արժանացել է բացառապես «այո՛, ես համարում եմ, որ Քոչարյանն ու Սարգսյանը պետք է առանց դատավճռի հայտնվեն բանտում» («Հրապարակ» օրաթերթ, 11 փետրվարի 2021թ., էջ 4) կարգի հայտարարությունների համար։ Բռնապետի ռեժիմի դեմ պայքարը մղվում է բացի ամենից նաև այն բանի համար, որ Հայաստանում և Արցախում որևէ մեկին բանտ չնետեն՝ շրջանցելով դատարանի արդար վճիռը։
Այսօր օլիգարխի եղբայրը, որն ատրճանակից կրակել է մարդաշատ վայրում, ազատության մեջ է, իսկ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ բանտում, մասնավոր զրույցի ձայնագրության հիման վրա։ Նույն այդ հիմքով իշխանությունը բնավ չկալանավորեց Գագիկ Ջհանգիրյանին, թեև օրերս հրապարակված սկանդալային ձայնագրությունը պարունակում է բոլոր հիմքերը նրան ձերբակալելու համար։ Անցած տարվանից բանտում է Նարեկ Մանթաշյանը, որը 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքի հատակից պոկել և գլխավերևում բարձրացրել է Հայաստանի Հանրապետության դրոշը: Քաղբանտարկյալների թիվը հաշվարկվում է տասնյակներով։ Սահմանադրության ընդունման 27-րդ տարեդարձը Հայաստանը դիմավորում է քաղաքական տոտալ բռնաճնշումների, ԶԼՄ-ների ազատության և հավաքների ազատության ճնշումների պայմաններում:
Անխորտակելի կեղծարարի տեղը բանտում է
Երկրում մոլեգնում է բռնապետությունը՝ բառի ամենաուղղակի իմաստով։ Բռնապետի դերում հանդես է գալիս նա, ով 4 տարի առաջ խոստանում էր վերածել Հայաստանը ժողովրդավարության բաստիոնի և ժողովրդավարական արժեքներ արտահանողի։
Նրան շրջապատում է կամակատարների հանցախումբը, ներառյալ 1995 թվականի հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների և Սահմանադրության ընդունման հանրաքվեի արդյունքների գլխավոր կեղծարարը։ Գագիկ Ջհանգիրյանն այն ժամանակ ԿԸՀ փոխնախագահն էր, այսօր ժամանակավորապես գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը։ «Լևոնի հագով կարված Սահմանադրությանը» ասված համաժողովրդական «ոչ»-ը նրա ջանքերով վերածվեց «այո»-ի։ Ջհանգիրյանը միշտ պահանջված է եղել բարձր պաշտոններում, պահանջված է նաև այսօր, չնայած նրան, որ անխորտակելի կեղծարարի տեղը վաղուց և հաստատապես բանտում է։
Շատ շուտով բռնապետությանը փոխարինելու կգա նորմալ իշխանություն, որը կհարգի Սահմանադրությունը։ Այդ ժամանակ Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորանքները տեղին կհնչեն, իսկ առայժմ, ներող կլինեք, պարզապես հիշեցնեմ, որ պետության կործանումն անպայման ներառում է ոտնձգություններ նրա Հիմնական օրենքի դեմ։ Հուլիսի 5-ին կլրանա Հայաստանի Սահմանադրության 27 տարին։