ԴԵՌ ՎԱՂ Է ԹԱՂԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ն

Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղ կարգավորման ուղղությամբ, այլ ոչ թե փորձի վերակենդանացնել Մինսկի խմբի ձևաչափը, որը չի գործում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, հաղորդում է Sputnik Արմենիան։

Բաքվում կրկին կասկածի տակ են առել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Երևանի ձգտումը։ «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա պետք է քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե ժամանակ վատնի մի ձևաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի անդամները բացահայտ հայտարարում են դրա գործունեության անհնարինության մասին», - նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ադրբեջանական ԱԳՆ-ը, դատելով ամենից, լրիվ խելքը թռցրել է։ Այդ ո՞նց հաջողացրեց միայն Լավրովին անվանել «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անդամներ»։ Իրականում համանախագահների այդ խմբի ոչ պակաս լուրջ անդամը, այն է՝ Վաշինգտոնը, ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի շուրթերով հայտարարել է, որ ակնկալում է Մինսկի խմբի աշխատանքի շարունակում։ Այո, Լավրովը ծանրակշիռ կերպար է, բայց ոչ այնքան, որ նրա մասին խոսես հոգնակի թվով, ոչ այնքան, որ արտահայտի մյուս բոլոր համանախագահների և ընդհանրապես ձևաչափի մյուս մասնակիցների դիրքորոշումը։

Այլ հարց է, որ ինչ-որ մեկը սաբոտաժի է ենթարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Իհարկե, նկատի ունեմ բնավ ոչ Բաքուն, որը միշտ երազել է այդ ձևաչափն իսպառ լուծարելու մասին։ Խոսքը համանախագահողների մասին է, որոնք Մինսկի խմբի պարապուրդի մեղքը բարդում են միմյանց վրա։ Ահավասիկ հիմա ամերիկացիները պնդում են, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու համար։ Ցավոք, ռուս համանախագահը չի ընդունել հրավերը»։ Իսկ այ մի քանի օր առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր համարեին Մինսկի խմբի համանախագահների եզակի միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա քամահրել մասնակից բոլոր պետությունների հավանությանն արժանացած մանդատը։ Նրանք առանց որևէ քննարկումների ցուցադրաբար ընդհատել են շփումները ՄԽ ռուսաստանյան համանախագահի հետ փետրվարի 24-ին»։

Իհարկե, պարզ է, որ համանախագահների միջև լուրջ հակասություններ կան։ Պարզ է, որ նման պայմաններում այդ ձևաչափի աշխատանքի արդյունավետություն ակնկալելը պարզապես անիմաստ է։ Սակայն դա բնավ չի կարող հիմք հանդիսանալ այդ միջնորդական հարթակը թաղելու համար՝ միայն այն պատճառով, որ միջնորդները վիճել են միմյանց հետ։ Եվ ընդհանրապես, այսօր վիճում են, վաղը կարող են հաշտվել։ Ինչո՞ւ փլուզել հարթակը։

Մյուս կողմից, ըստ էության, միջնորդական առաքելության գործունեության դադարեցման մասին որոշումը պետք է համաձայնեցվի կամ գոնե քննարկվի հակամարտող կողմերի հետ։ Այո, Բաքուն ավանդաբար կողմ է այդ ձևաչափի ապամոնտաժմանը։ Նախկինում Ադրբեջանը դա պատճառաբանում էր առաքելության անարդյունավետությամբ, հիմա՝ պատերազմից հետո, ընդհանրապես լուծված է համարում ղարաբաղյան հիմնախնդիրը։ Իսկ այ Երևանի կարծիքը ոչ ոք չի հարցնում, ինչը մի կողմից հասկանալի է. Երևանն ինքն է արդեն երկար ժամանակ ներկայանում որպես կամազուրկ խաղալիք։ Բայց մյուս կողմից՝ իրականում արցախյան հակամարտությունը սպառված չէ, լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, և ԵԱՀԿ առանցքային առաքելությունը թեև կատարված չէ, այդուհանդերձ մնում է ուժի մեջ։ Հետևաբար՝ դեռ վաղ է թաղել այդ ձևաչափը։

Բայց գլխավորը դա չէ։ Տարվելով առկա հակասություններով՝ համանախագահները մոռանում են, որ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափի ստեղծման, այնպես էլ դրա փլուզման գործընթացն ամեն դեպքում որոշակի կոնսենսուս է պահանջում։ Քանի դեռ դա (կոնսենսուսը) չկա, իսկ դատելով կողմերի տարբեր հայտարարություններից՝ այն իսկապես չկա, դժվար թե հաջողվի իրապես խաչ քաշել այդ ձևաչափի վրա։ Եթե միջնորդ կողմերից որևէ մեկը որոշի առաջ տանել կարգավորման իր բանաձևը, ապա մյուսը կսկսի ակտիվորեն խանգարել դրան։ Եվ հակառակը։ Մինչ ոմանք իրենց վրա են քաշում վերմակը, մյուսները նույնպես կձգեն դա իրենց վրա։ Դժվար թե կողմերից որևէ մեկը նահանջի։ Եվ ահա այս իրավիճակում խնդիրն առավելևս չի կարող կարգավորվել։ Այն է՛լ ավելի կխորանա։ Քանզի լուծվում է երկարաժամկետ հեռանկարի հարց, Արցախի ճակատագրի հարցը, և իրավիճակային լուծումներն այստեղ չեն գործի։ Համենայնդեպս՝ հետագայում, երբ Երևանի կամքն արթնանա։

Բաքվում վաղ են ուրախանում, թաղելով ԵԱՀԿ ՄԽ-ն։ Ձևաչափը ստեղծվել է կոնսենսուսի ձեռք բերման միջոցով և իր դերը կարող է կորցնել միայն շահագրգիռ բոլոր կողմերի համընդհանուր համաձայնությամբ։ Քանի դեռ նման համաձայնություն չկա, քանդես թե չքանդես, սաբոտաժես թե չսաբոտաժես, ԵԱՀԿ ՄԽ ուրվականը շրջվելու է տարածաշրջանում։ Քանզի այդ ձևաչափը կոչված է փոխադարձ զիջումներ ապահովելու հակամարտության կողմերի միջև։ Իսկ այդ փոխադարձությունը չկա։ Ուստի միջնորդական առաքելությունը մնում է չկատարված և դեռևս արդիական: