2020թ. ՏԱՎՈՒՇ, ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԼՈՒՅՍ 13-Ի ԳԻՇԵՐԸ
Արցախի վերաբերյալ համաձայնագրերի չեղարկումն արձակեց Բաքվի ձեռքերը ագրեսիայի համար
Քաղաքական և փորձագիտական շրջանակներում առ այսօր չկա միասնական գնահատական Տավուշի մարզում 2020թ. հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Անվիճելի է մեկ բան. այդ իրադարձությունները դարձան 44-օրյա պատերազմի նախաբանը, որը սկսվելու էր հաշված ամիսներ անց։
Նշված գիշերը հայ-ադրբեջանական սահմանին՝ Մովսես գյուղի մերձակա դիրքերի մոտ, ընդհարում տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև: ՀԱՊԿ-ը քննարկեց միջադեպը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց երկու կողմերին դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել:
Այդ իրադարձությունները քաղաքական օրակարգից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի նպատակաուղղված դուրսմղման հետևանքն էին։ Դրանով էր զբաղված Փաշինյանի ռեժիմը 2018 թվականից: Հիշեցնեմ, որ համաձայնագրերը նախատեսում էին շփման գծի մշտադիտարկում, միջադեպերի հետաքննության մեխանիզմների գործարկում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչների լիազորությունների ընդլայնում:
Իհարկե, այդ համաձայնագրերը վերաբերում էին Արցախի շփման գծին։ Տավուշը Հայաստանի տարածքն է, սակայն հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերվա իրադարձությունները ցույց տվեցին, որ նոր իշխանությունն ընդհանրապես չունի արձագանքելու և նման միջադեպերը կանխելու որևէ մարտավարություն։ Արցախի վերաբերյալ հիշյալ համաձայնագրերի փաստացի չեղարկումը արձակեց ադրբեջանական ղեկավարության ձեռքերը նաև ինքնիշխան Հայաստանի տարածքի նկատմամբ։ Տվյալ դեպքում կապն ակնհայտ է։
Հետախուզություն մարտով և խոսակցություններ խաղաղության մասին
2 տարի առաջ հուլիսի կեսերին շատերը հարց էին տալիս. ինչո՞ւ են ադրբեջանցիներն ակտիվացել ոչ թե Արցախում, այլ Հայաստանի հետ սահմանին: Երկար ժամանակ ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե լոկալ մարտական գործողությունների արդյունքում հայկական զինված ուժերի վերահսկողության տակ իսկապես անցե՞լ է նոր դիրք:
Այն ժամանակ գլխավոր վարկածը հանգեց երկրի ներսում լարվածությունը թուլացնելու Ալիևի փորձին, նա այդքան հզոր դիմադրություն չէր սպասում հայկական կողմից: Այսօր շատերն են խոսում այն մասին, որ Տավուշի հուլիսյան իրադարձությունները յուրօրինակ հետախուզություն էին մարտով, որից հետո Ալիևը հասկացավ, որ Արցախի Հանրապետության դեմ նոր ագրեսիան կարող է ավարտվել ջախջախիչ պարտությամբ, եթե ակտիվ աջակցություն չցուցաբերի Թուրքիան։
Հուլիսյան դեպքերից հետո այն ժամանակ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը վստահ հայտարարեց, թե նոր ագրեսիայի դեպքում Թուրքիան չի պատերազմի Ադրբեջանի կողմից։
Այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց «Ադրբեջանի կողմից հանդես գալու պատրաստակամության մասին՝ ընդդեմ ցանկացած ոտնձգության նրա իրավունքների և տարածքի նկատմամբ»։ Տավուշյան իրադարձություններից հետո Անկարայի հռետորաբանության մեջ անհնար էր չորսալ ահագնացող սպառնալիքի նոտաները, սակայն ռեժիմը անմիջապես ընկավ էյֆորիայի մեջ և սկսեց դատողություններ անել խաղաղության մասին։ Նույն այն ժամանակ, երբ Ադրբեջանը գնդակոծում էր Տավուշի սահմանը, ինչպես նաև խաղաղ համայնքները, ներառյալ Բերդ քաղաքը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսում էր խաղաղության մասին, իսկ որդին՝ Աշոտ Փաշինյանը, ճամարտակում, թե հակառակորդի գնդակոծության հետևանքով չորս հայ զինվորականները զոհվել են «հանուն խաղաղության»...
Տավուշյան իրադարձությունները ձգան դարձան Բաքվում լայնածավալ փողոցային ակցիաների մեկնարկի համար՝ հայերի դեմ պատերազմ սկսելու Ալիևին ներկայացվող պահանջով։ Նույն այդ ժամանակ պաշտոնական Երևանը խոսում էր խաղաղության մասին՝ չնկատելով, թե ինչպես են ամպեր կուտակվում Արցախի գքխավերևում։ Արցախի ազատագրման և անկախության համար երկու պատերազմներում (1992 - 1994թթ. և 2016թ.) տարած հաղթանակները, որոնց արդյունքներով Ադրբեջանը (երկու անգամն էլ) Մոսկվայից հրադադար էր թախանձում, անխոցելիության պատրանք էին ստեղծել 2018-ին իշխանության ղեկին հաստատված դիլետանտների մոտ։ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»,- հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Ի դեպ, 44-օրյա պատերազմի ընթացքում հասարակությունը ամենից քիչ լսում էր հենց նրա ձայնը…
Նախքան Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիան՝ ռեժիմի վերնախավին բացարձակապես չէին մտահոգում թուրք-սորոս-ադրբեջանական եռյակի ծրագրերը։ Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից կստի, թե իբր ինքը չգիտեր ագրեսիայի մեկնարկի օրվա և ժամի մասին, իսկ հետո կհավելի, որ որոշակի կասկածներ ունեցել է։ Մինչդեռ Տավուշի դեպքերը ցույց տվեցին, որ Ալիևը պատրաստվում էր լայնածավալ պատերազմի։
Ցանկացե՞լ է արդյոք Փաշինյանը կանխել 44-օրյա պատերազմը
Ռազմական փորձագետները 2 տարի առաջ նախազգուշացնում էին, որ պետք չէ ծաղրել Բաքվին տավուշյան գործողության ուռճացված գնահատականներով, Փաշինյանի կողմից պաշտպանական մարտերի մասնակիցների պարգևատրման շքեղ արարողությամբ և այլն: Նիկոլն ու իր ծառայանին տավուշյան դիրքերի վրա հարձակումից հետո իրենց պահեցին անհեռատես ու անտրամաբանական։
Դա այն ժամանակահատվածն էր, երբ 44-օրյա պատերազմը հնարավոր էր կանխել դիվանագիտական օպերատիվ միջոցներով, ինչի մասին հայտարարել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Անհրաժեշտ էր համարժեք արձագանք Տավուշի դեպքերին՝ միջազգային հանրության ներգրավմամբ, ինչպես նաև յուրաժամանակ ռազմական պատրաստականություն, ներառյալ ժամանակակից սպառազինության գնումը...
Տավուշի դեպքերի խորապատկերին խաղաղության մասին դատողությունները լոկ բորբոքեցին ադրբեջանցիների հավակնությունները, որոնք վարչապետի կնոջ և որդու շուրթերից հնչող այդ հռետորաբանությունը գնահատեցին որպես սեփական թուլության ընդունում հայ ժողովրդի կողմից։ Տավուշի իրադարձություններից հետո դեռ կար 44-օրյա պատերազմը կանխելու թեկուզև ոչ մեծ, բայց այնուամենայնիվ հնարավորություն, դա կասկածից վեր է, ռազմական փորձագետները համակարծիք են գնահատականներում…
Հարց. ցանկանո՞ւմ էր արդյոք Փաշինյանը կանխել այդ պատերազմը, թե՞ սադրեց բանակցությունների ձախողում՝ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններին ճշգրիտ համապատասխան: Ալիևն ու Փաշինյանը, հիշեցնեմ, հանդիպեցին ԱՊՀ անդամ երկրների համաժողովի շրջանակներում։ Ուղիղ 2 տարի անց՝ սեպտեմբերի 27-ին (գրեթե նույն ամսաթվին) սկսվեց 44-օրյա պատերազմը, որին նախորդել էին հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերվա տավուշյան իրադարձությունները…