Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացվեց

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացվել։

Նշենք, որ դատարանն ավելի վաղ հրատապ նիստ էր հրավիրել՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը, սակայն մերժել է գրավի միջնորդությունը։ Ընդ որում, թեև դատախազները բարձրաձայնել էին հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին, դատարանը մերժել է գրավի կիրառումը՝ առանց նշանակելու փորձաքննություն։ Արդյունքում՝ պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այժմ ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկվում է միջնորդությունը։

Պաշտպանության կողմը, ներկայացնելով Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունները, ևս մեկ արձանագրեց, որ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։

Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդության դեմ՝ գտնելով, որ առկա է բժշկական տեղեկանք և բժշկական փաստաթղթի հիմնավորվածությունը կարող է ստուգվել միայն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եղանակով։

Լսելով կողմերին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 12;30-ին։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբկալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: