ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԱՐԴՆ Է ԳԼԽԱՎՈՐ ՌԵՍՈՒՐՍՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
Նրանք հպարտանալու բան ունեն իրենց մասնագիտական տոնին
Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակի օրը իրենց տոնն են նշում խիզախ մասնագիտության տեր մարդիկ՝ հանքագործներն ու մետալուրգները: Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը հպարտանալու և տոնելու բան կա։ Բայց գլխավոր հարստությունը, ինչպես մշտապես նշում են հանքարդյունաբերական ընկերություններում, մարդիկ են, աշխատանքային կոլեկտիվները։
GEOPROMINING (GPM) ընկերության նախագահ Ռոման Խուդոլին ընդհանրապես համարում է, որ հենց մարդիկ են արդիականության գլխավոր ռեսուրսն ու հիմնական կապիտալը, որը հաղթանակ կբերի XXI դարի մրցակցային պայքարում: «Այս տոնը միշտ եղել և մնում է հպարտության առիթ բոլոր նրանց համար, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են այս դժվարին ու համարձակ մասնագիտությանը։ Սա իրենց գործին նվիրված, խիզախ ու վճռական մարդկանց տոնն է»,- ասում է նա։
Հայաստանի լեռնահանքային բնագավառում այսօր աշխատում է շուրջ 10 հազար մարդ, որոնցից ավելի քան 7 հազարը՝ GPM-ի ձեռնարկություններում։ Մարդիկ աշխատում են այդ հանքերում սերնդեսերունդ, և ընկերությունն ամեն կերպ աջակցում է այդպիսի աշխատանքային դինաստիաներին: Կայուն աշխատանքն ու արժանապատիվ աշխատավարձը նույնիսկ ճգնաժամային ժամանակաշրջաններում հանգստություն և ապագայի հույս են պարգևում մարդկանց Հայաստանի տարբեր մարզերում:
Ագարակի և Մեղրիի բնակիչները կոմբինատի հուսալի ձեռքերում են
Օրինակ, Ագարակը յուրօրինակ մոնոքաղաք-ձեռնարկություն է, և կոմբինատը, այսպես թե այնպես, սոցիալական շոշափելի ազդեցություն ունի նրա բոլոր բնակիչների վրա։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԱՊՄԿ) ղեկավարությունը պատշաճ մակարդակով աջակցում է քաղաքային ենթակառուցվածքներին իր արտոնագրային պարտավորությունների և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում:
Ձեռնարկությունը փաստորեն իր վրա է վերցրել պատասխանատվությունը երկու քաղաքների՝ Ագարակի և Մեղրիի համար, որոնց բնակչության ընդհանուր թվաքանակը մոտ 9,5 հազար է, գումարած շրջակա բոլոր գյուղերը։ Դրանով է, մասնավորապես, թելադրված ի սկզբանե տեղական կադրերի ուղղությամբ կողմնորոշվելու GPM ընկերության որոշումը։ 2019 թվականից ի վեր կոմբինատի բոլոր աշխատողներն ունեն մշտական և շատ պահանջված բժշկական ապահովագրություն։
Ասենք ավելին։ Սոցիալ-տնտեսական համագործակցության շրջանակներում ԱՊՄԿ-ն ամեն տարի զգալի միջոցներ է հատկացնում համայնքի տեղական բյուջեին, օգնում պահպանել տարածաշրջանի ենթակառուցվածքները. թարմացնել կոմունիկացիաները, ասֆալտապատել փողոցները, վերանորոգել դպրոցները, հիվանդանոցներն ու մանկապարտեզները, սարքին վիճակում պահել տրանսպորտը, ամբողջովին կոմբինատի մշտական հաշվեկշռին է քաղաքի գիշերային լուսավորությունը: Բավական մեծ միջոցներ են հատկացվում նաև ԱՊՄԿ-ի պարտավորություններից դուրս՝ բարեգործության շրջանակներում։ Կարելի է ասել, որ համայնքում չկա մի ընտանիք, որին այս կամ այն կերպ չշոշափի ԱՊՄԿ-ի գործունեությունը։
Ամեն տարի Հանքագործի և մետալուրգի օրը GPM-ն ընտրում է մոտ 200 լավագույն աշխատողների իր բոլոր ակտիվներից՝ պարգևատրելով նրանց շնորհակալագրերով և այլ խրախուսանքներով: Ներկայացնենք այս տարի ընկերության տարբեր ստորաբաժանումներից պարգևատրման առաջադրված մի քանի մարդկանց…
Հրաչ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ծնվել է 1990 թվականին Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղում: Ավարտելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ստացել է «մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտություն: 2012 թվականից սկսել է իր աշխատանքային գործունեությունը ԱՊՄԿ-ում՝ աշխատելով որպես հարստացուցիչ ֆաբրիկայի փականագործ-վերանորոգող, աղացման տեղամասի և ջարդման արտադրամասի մեխանիկ։ 2018 թվականից առ այսօր աշխատում է որպես հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր մասնաշենքի մեխանիկ: Նրա մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր են խաղացել հայրն ու հորեղբայրը. երկուսն էլ երկար տարիներ աշխատում են ԱՊՄԿ-ում որպես մեխանիկ։ Օրինակ վերցնելով նրանցից՝ Հրաչը նույնպես դարձել է աշխատանքին նվիրված, բարեխիղճ, պատասխանատու և նախաձեռնող աշխատող։
Լիբիկ ՕՀԱՆՅԱՆԸ ծնվել է 1945 թվականին Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման տեխնիկումը՝ ստանալով տեխնիկ-էլեկտրիկի մասնագիտություն: ԱՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1963 թվականին՝ աշխատելով հարստացուցիչ ֆաբրիկայի խտացման տեղամասում որպես էլեկտրափականագործ, էներգետիկ արտադրամասի էլեկտրիկ և այնուհետ ավագ էլեկտրիկ: 1976 թվականին նշանակվել է էներգետիկ արտադրամասի գլխավոր էներգետիկ, իսկ 1977 թվականին՝ դրա պետ, և այդ պաշտոնում աշխատում է առ այսօր։ Լինելով բանիմաց, բարեխիղճ պրոֆեսիոնալ, ընդ որում՝ օժտված հումորի լավ զգացումով, նա անփոփոխ վայելում է ղեկավարության, ենթակաների և գործընկերների սերն ու հարգանքը…
Քաջարանցու բնավորություն
GPM-ի ձեռնարկություններում մեծ ուշադրություն է հատկացվում աշխատողների սոցիալական կարիքներին, հատկապես նրանց, ովքեր վերջերս են վերադարձել բանակից, ինչպես նաև պատերազմի մասնակիցներին: Այսպես, միայն այս տարեսկզբից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքի են ընդունվել այդպիսի շուրջ հարյուր նոր աշխատողներ…
Ահա արդեն 27 տարի է ԶՊՄԿ-ում խառատ է աշխատում Երևանի մեքենաշինական տեխնիկումի գերազանցիկ շրջանավարտ Ալբերտ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ։ 1985 թվականին նա սկսել է մեխանիկական տեղամասից, հետո աշխատել տեխնոլոգիական ավտոհավաքակայանում, տրանսպորտային միջոցների վերանորոգման տեղամասում։ Փորձառու հանքագործը արժանի հեղինակություն և հարգանք է վայելում գործընկերների շրջանում, ինչին նպաստում են նրա մասնագիտական հմտությունները, աշխատասիրությունը, համեստությունն ու սովորելու և առաջ շարժվելու մշտական ձգտումը: Ա.Հովսեփյանը գոհ է աշխատանքի պայմաններից, գնահատում է տեղամասի ղեկավարության հոգատար վերաբերմունքը:
- Մեր տեղամասում առաջընթացը նկատելի է նույնիսկ անզեն աչքով,- ասում է Ալբերտը,- և մենք այստեղ պատասխանատու և հմտորեն ենք մոտենում շարքից դուրս եկած տեխնիկական միջոցների վերանորոգման համար անհրաժեշտ դետալների պատրաստման խնդրին։ Մեր որակյալ աշխատանքի շնորհիվ կոմբինատը խուսափում է դրանց գնման լրացուցիչ ծախսերից։ Իսկ ես անձամբ շնորհակալ եմ կոմբինատի ղեկավարությանը՝ պատշաճ տեխնիկական հագեցվածության, աշխատանքի լավ պայմանների, տեղամասի նյութատեխնիկական սարքավորվածության բարձր մակարդակի համար։ Շատ երախտապարտ եմ նաև լավ կոլեկտիվին, աշխատանքային ընկերներիս, որոնք նույնպես նպաստել են իմ բազմամյա հաջող աշխատանքին, հարգանք ու հեղինակություն նվաճելուն…
Ուղիղ 40 տարի ԶՊՄԿ-ում աշխատում է Ռաֆիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։ 1982 թվականին որպես ավտոէլեկտրիկ աշխատանքի ընդունվելով տեխնոլոգիական ավտոհավաքակայանում՝ աշխատասեր և մարդամոտ պատանին շատ արագ հարգանք նվաճեց գործընկերների միջավայրում: Այդ ժամանակից ի վեր գտնվում է մշտական որոնման, ավելին իմանալու, լավ մասնագետ լինելու, առաջ շարժվելու ձգտման մեջ։ 2007-ին, 25 տարի ավտոէլեկտրիկ աշխատելուց հետո, ընտրեց և մինչ օրս աշխատում է մարտկոցագործի մասնագիտությամբ։ «Ինձ դուր է գալիս իմ գործը,- պատմում է նա,- և ամեն անգամ հաճույք եմ ստանում, որ իմ ջանքերով վերականգնվում է հերթական մարտկոցը։ Հետաքրքիր մասնագիտություն է, որը պահանջում է կարգապահություն, հմտություն, գիտելիք, ինչպես նաև անվտանգության կանոնների խստիվ պահպանում, քանի որ նույնիսկ փոքր անփութությունը կարող է կայծ առաջացնել ու հանգեցնել ծանր հետևանքների»:
Ռաֆիկը գոհ է անցած աշխատանքային ճանապարհից, գործընկերներից, արտադրամասի ինժեներատեխնիկական անձնակազմից: «Վերջին ամիսներին կոմբինատում ակներև են դրական փոփոխությունները,- շարունակում է նա,- աշխատելն ավելի հեշտ, ավելի հետաքրքիր է դարձել, աճել է հոգատարությունը մարդկանց նկատմամբ, բարձրացել աշխատավարձը։ Բարեբախտաբար, շատ են երիտասարդները, որոնք հաջողությամբ փոխարինում են մեզ՝ վետերաններիս։ Ուրախ եմ, որ ԶՊՄԿ-ի բազմահազարանոց կոլեկտիվում իր տեղը գտավ նաև որդիս՝ Հարությունը, որն աշխատում է տրանսպորտային միջոցների վերանորոգման նույն արտադրամասում որպես հերթափոխի մեխանիկ»։ «Խոստումնալից երիտասարդ մասնագետ է,- զրույցին միանում է արտադրամասի պետի տեղակալ Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։- Իր լավագույն հատկանիշներով՝ աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ, կարգապահությամբ, նման է հորը»…
Սպարտակ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թվականին՝ որպես էքսկավատորավարի օգնական, իսկ այնուհետ՝ տեղամասի մեխանիկ լեռնային արտադրամասում: Հետագայում տեղափոխվել է տրանսպորտային վարչության հատուկ ծրագրերի բաժին, որի ղեկավարն է այսօր: Նա բարձր է գնահատում գործընկերների աշխատանքը՝ համարելով, որ կոմբինատի բոլոր ձեռքբերումները նախևառաջ կոլեկտիվի համախմբվածության արդյունք են։ «Գործում ենք տարբեր ճակատներով, կատարում բազմաբնույթ աշխատանքներ, որոնք օգուտ են բերում և ինքնին հետաքրքիր են, - ասում է երիտասարդ ղեկավարը։- Այսպես, 2018 թվականից հետևողականորեն իրականացվում է պոչամբարի տարածքի ռեկուլտիվացման ահռելի ծրագիրը, զգալի ուշադրություն է հատկացվում նաև պատվարների կանաչապատման աշխատանքներին, ընդ որում՝ հաշվի առնելով գեղագիտական գործոնը: Նույնիսկ այս դժվարին շրջանում միջոցառումները ոչ մի պահ չեն դադարում. շարունակվում են հողային ռեսուրսների փոխադրման, կուտակման և պահուստավորման, հողածածկույթի վերականգնման աշխատանքները։ Այսուհետ էլ կանենք մեզանից կախված ամեն ինչ՝ ի նպաստ մեր ձեռնարկության, Սյունիքի և երկրի բարօրության»…
Ոսկու համար մղվող դժվարին պայքարում
...Ոսկին չի սիրում թուլակամներին։ Սառը և համառ քամու տակ անկոտրում կամքի տեր մարդիկ ոսկու հանքաքար են հանում Սոթքի ամուլ քարքարոտ հողից։ Ամեն րոպեն այստեղ պայքար է. ֆիզիկական ու մտավոր։ Եվ ամեն քայլափոխի մայր բնությունը հիշեցնում է, որ լեռներում ես։ Աշխատանքը ծանր է, բայց եթե դիմանաս փորձությանը, ապա բնությունը շռայլորեն կպարգևատրի քեզ…
Սոթքի ոսկու հանքավայրում աշխատող Սոս ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ 90 տոննանոց վիթխարի «Կամացու»-ի վարորդին, հավանաբար, ամեն ինչ մանր ու աննշան է թվում այդ բարձրունքից։ Ծնվել է 1961 թվականին՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում. մարտ ամսին նշեց իր 61-ամյակը։ 22-ամյա հասակում երիտասարդը, տեխնիկումում մեխանիկի մասնագիտությանը տիրապետելուց հետո, եկել է հանք և այդ ժամանակից ի վեր աշխատում է տարբեր հատվածներում: Հասցրել է վարել և՛ ԲելԱԶ, և՛ ԿրԱԶ, որոշ ժամանակ աշխատել դիսպետչեր, իսկ հիմա նստել է ճապոնական տեխնիկայի ղեկին և «Կամացու»-ով է փոխադրում է մշակված ոսկու հանքաքարն ու դատարկ ապարը ջարդման տեղամաս։ Շատ գոհ է աշխատանքային պայմաններից ու իր աշխատավարձից։
Սոթքի մեկ այլ վարորդի՝ 65-ամյա վարդենիսցի Գագիկ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ եղբայրը, ժամանակին սկսելով որպես էքսկավատորավար, իր աշխատանքով հասել է հանքի տնօրենի պաշտոնին, իսկ 1994-ից ինքն էլ է աշխատում այստեղ։ Սկսել է որպես ԲելԱԶ-ի վարորդ, այնուհետ՝ մեքենայից հորատանցքերը լցվող պայթուցիկների խառնման ու լիցքավորման հատուկ ԿամԱԶ-ի։ Ունի 3 զավակ, 6 թոռ. վաստակը բավականացնում է մեծ ընտանիքը պահելու համար։ «Եթե կարգապահ ես, կատարում ես պլանը, բարեխղճորեն կատարում պարտականություններդ, ապա և՛ լավ աշխատավարձ են տալիս, և՛ պարգևավճար, և՛ հավելավճար»,- ասում է նա:
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի (ԱրՈԿՖ) «Ալբիոն» տեխնոլոգիայի և ցիանավորման արտադրամասի օպերատոր Արման ԱՂԱՎԵԼՅԱՆԻ հետ զրույցս սկսվեց օրերս որդու ծնվելու կապակցությամբ իմ շնորհավորանքով: Ընտանիքն աճում է, հասակ առնում արժանի հերթափոխ։ Արմանն արդեն երեք զավակ ունի, որոնցից երկուսը՝ որդիներ, այնպես որ չի բացառվում, որ նրանք էլ գնան հոր հետքերով։ Ինչպես որ ինքն է ժամանակին գնացել ԱրՈԿՖ-ում 40 տարի փականագործ աշխատած հոր հետքերով։ Նրա ներկայիս աշխատանքի էությունը հանքաքարից ոսկու կորզման և ձուլման գործընթացում անհրաժեշտ հատուկ ածուխի վերամշակումն է: «Այսօրվա դրությամբ աշխատավարձը բավականացնում է, թեև գնաճն օրեցօր ավելի ու ավելի է ճնշում,- ասում է նա։- Բայց ֆաբրիկայում գիտեն մեր կարիքների մասին, աջակցում են կյանքի բոլոր իրավիճակներում, ամեն տարի ուրախացնում հաճելի նորամուծություններով»…
Իսկ ամփոփելով՝ մեզ մնում է ևս մեկ անգամ շնորհավորել մեր հանքագործներին ու մետալուրգներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթել ամենայն բարիք և ուրախություն, նորանոր ձեռքբերումներ իրենց աշխատանքում: Եղեք նույնքան ամուր ու անսասան, որքան մեր լեռները։