ՈՒՄ ՀԵՏ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ ԲԸՐՆՍԸ

Ինչո՞ւ էր Հայաստան եկել ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը: Իհարկե, շատ բան պարուրված կմնա գաղտնիքի քողով, բայց այդ հարցի պատասխանի ակնարկը, ըստ երևույթին, պետք է փնտրել ոչ թե նրանում, թե ում հետ է այստեղ հանդիպել Բըրնսը, այլ հակառակը՝ ում հետ չի հանդիպել։

ԻՍԿ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ ՆԱ ՀՀ ԱԱԾ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԻ ՀԵՏ։ Մինչդեռ պիտի որ հենց նրան այցելեր առաջին հերթին, այնուամենայնիվ գործընկերներ են իրենց երկրների պետական շահերի համար պայքարի անտեսանելի ճակատում։ Բայց, ինչպես տեսնում ենք, Աբազյանին Բըրնսն անտեսեց։ Պետք է հասկանալ այնպես, որ չի վստահում. յուրային չէ, օտար է։

Իսկ այ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին վստահում է։ Վերջինս ուշագրավ անձնավորություն է։ Ո՞վ էր Արմեն Գրիգորյանը «հեղափոխությունից» առաջ։ Լոկ մեկը՝ բազմաթիվ քաղաքագետներից, ընդ որում՝ բնավ ոչ ամենահեղինակավորներից։ «Հեղափոխությունից» հետո վերահսկում է ազգային անվտանգությունը, կարևորագույն բանակցություններ վարում Երևանի անունից։ Անմիջական բանակցություններ է վարում Իլհամ Ալիևի աշխատակազմի հեղինակավոր ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի հետ։ Ընդ որում այդ բանակցություններն ընթանում են, որպես կանոն, եվրոպական մայրաքաղաքներում, հեռու մոսկովյան ամենատես աչքից... Դժվար թե Գրիգորյանը այդպիսի սրընթաց թռիչք կատարեր քաղաքագետից մինչև երկրի անվտանգության համար պատասխանատուի պաշտոն, եթե մեծ տանիք չունենար։ Եվ ահա, պետք է ենթադրել, տանիքը գնահատել է հավատարմությունն ու ջանքերը, եկել շնորհակալություն հայտնելու ծառայության համար և քաջալերելու. ասել է թե՝ ճիշտ ճանապարհով եք գնում, ընկերներ, շարունակեք նույն կերպ, Արևմուտքը ձեզ հետ է և միշտ կօգնի։

Իսկ հիմա առաջանում է հաջորդ հարցը, թե այդ ի՞նչ ճանապարհ է, որին հետևելու համար ԿՀՎ տնօրենն անձամբ է եկել իր գործընկերներին քաջալերելու։ Դա էլ մի մեծ գաղտնիք չէ։ Այսօր Արևմուտքին հետաքրքրում է միայն մեկ ճանապարհ. Մոսկվայի զսպումը, կամ, ինչպես ասում են Ռուսաստանում, «ՀակաՌուսաստան» ծրագիրը։

Հիմքեր չկան կասկածելու, որ այդտեղ է պետք փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչու էր եկել Բըրնսը։ Հարկ է ենթադրել, որ տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության ուժեղացման և Ռուսաստանի ազդեցության սահմանափակման ճանապարհին Գրիգորյանը, Փաշինյանի հավանությամբ, լավ առաջ է գնացել, և հենց դրանով է բացատրվում վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների ակնհայտ պաղումը։

Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու Օտտավայի որոշման հետ կապված պատմությունը, երբ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները, առանձնակի նրբանկատություն չցուցաբերելով, մատուցեցին դա Ռուսաստանի զսպման քաղաքականության համատեքստում, և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան սուր արձագանքը նման մեկնաբանությանը, այսբերգի լոկ տեսանելի մասն են։ Մինչդեռ Մոսկվային զայրացրել է ավելի շուտ գործընթացի սքողված մասը, բայց հենց դա էլ այնքան է ուրախացրել Բըրնսին, որ նա որոշել է մի քանի ժամ հատկացնել, գալ, անձամբ շնորհակալություն հայտնել ցուցաբերած ջանասիրության համար։ Դե, նաև մի երկու-երեք խորհուրդ տալ, այնուամենայնիվ ԱՄՆ ԿՀՎ ներկայիս տնօրենը դիվանագիտական աշխատանքի ավելի քան 20 տարվա ակտիվ փորձ ունի հետխորհրդային, իսկ այնուհետ հակառուսական ուղղությամբ։

Դե, իսկ այն, որ այցը կարող է նյարդայնացնել Մոսկվայի՞ն։ Է՛հ, հոգ չէ, թե ինչից ռուսներն այնտեղ դժգոհ կլինեն հերթական անգամ. ոչ մի բանից չվախենա՛ք, կպաշտպանենք, չկասկածեք, Մոսկվային կվերցնենք մեզ վրա։

Եվ որպեսզի պարզ լինի, որ Բըրնսը խոսքերը քամուն չի տալիս, և Երևանը չպետք է կասկածի Վաշինգտոնի աջակցության հարցում, Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների անարդյունք բանակցություններից անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդը զանգում է մեր Միրզոյանին և հետաքրքրվում, թե ինչպես է ամեն ինչ անցել։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշում է, թե «Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների լուծման ամենահուսալի միջոցն է»:

Դե ինչ, գուցեև լավ է, որ այդպիսի վստահություն և ուշադրություն են ցուցաբերում մեր մեղսավոր գործերի նկատմամբ, միայն թե ինչպե՞ս ապահովագրվենք, որ ամենաանհրաժեշտ պահին հանկարծ կրկին չհիշեն վաղեմի, բայց շատ համոզիչ փաստարկն այն մասին, որ ո՛չ անգլիական, ո՛չ էլ ամերիկյան նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները