ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՆՈ՛Վ

Այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, բանանը Հայաստանում թանկացել է 13,6%-ով: Ուղիղն ասենք, սա թեև էական, բայց սկզբունքորեն ամենամեծ թանկացումը չէ։ Օրինակ, շատ ավելի տպավորիչ է վարունգի գնի աճը (93%), 43%-ով թանկացել է կաղամբը, 30%-ով՝ կանաչին։ Կարտոֆիլի գների թռիչքին առհասարակ դժվար է արձագանքել առանց հայհոյանքի։

Բայց բանանն այնուամենայնիվ առանձնահատուկ պտուղ է, իսկ դրա թանկացումը դուրս է սպառողական շուկայի շրջանակներից, պետության սոցիալական քաղաքականության կամ պարենային անվտանգության սահմաններից: Բանանը հասարակության և իշխանության փոխհարաբերությունների ժամանակակից մոդելի գաղափարախոսության հիմքն է։ Եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնեմ, որ 2018 թվականին հայ հասարակության մի ահռելի զանգված տեսավ երկրի բարգավաճ տնտեսական ապագան բանանի շուկայում մենաշնորհի վերացման ու այդ էկզոտիկ մրգի գների անկման մեջ։ Եվ սխալվեց։ Նախ՝ գներն աճեցին, այլ ոչ թե իջան, ինչպես խոստացել էր թավշե իշխանությունը։ Եվ այդ մասին վկայում է վիճակագրությունը։ Երկրորդ՝ ընդամենը 4 տարվա ընթացքում Հայաստանը վերածեցին իսկական բանանային հանրապետության։

Այստեղ, թերևս, հարկ է մեջբերել «բանանային հանրապետություն» տերմինի բնորոշումը. թերզարգացած տնտեսություն, աղքատ բնակչության մեծ տոկոս ունեցող երկիր՝ ազգային արտադրանքի բաշխման զգալի անհավասարությամբ, կոռուպցիայով և ծախու չինովնիկներով։ Ինչպես ասում են՝ գտեք թեկուզ մեկ տարբերություն 2018-2022 նմուշի Հայաստանից։

Որոշ ժամանակից ի վեր հայկական իշխանությունը ձեռնամուխ է եղել վերաբրենդավորմանը։ Հիմա արդեն շուկաների ապամենաշնորհացման, կոռուպցիայի դեմ պայքարի և, որպես դրա հետևանք՝ գների իջեցման մասին ոչ ոք ծպտուն անգամ չի հանում։ Հիմա թավիշը անխնա շահագործում է նոր բրենդ՝ «խաղաղության դարաշրջանը», ուր փորձում են հրել Փաշինյանն ու թիմը իրենց իսկ կողմից բանանային հանրապետության վերածված Հայաստանը։ Այժմ «պայծառ ապագան», հատկապես տնտեսականը, կապակցվում է թշնամի հարևանների հետ հաղորդակցությունների բացման և Անկարայի ու Բաքվի կողմից Հայաստանի տնտեսական փաստացի կլանման հետ։

Այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, նույն Թուրքիայի պարագայում արդեն պայմանավորվում են օդային բեռնափոխադրումների մասին։ Ամեն ինչ կարծես թե կառուցողական է թվում, ինչպիսին որ ոչ այնքան վաղուց շատերին թվում էին ապամենաշնորհացումն ու հակակոռուպցիան։ Սակայն մինչ օրս ոչ ոք, հայկական կառավարության ոչ մի կառույց, ոչ մի պաշտոնյա չի հաշվել և չի կանխատեսել Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրման գործարկումից ստացվելիք արդյունքը Հայաստանի տնտեսության համար։ Տեսականորեն արդյունքը կարող է լինել նույնը, ինչ բանանի շուկայի ապամենաշնորհացումից։ Իսկ գործնականում հերթական անգամ «բանանային հանրապետություն» ենք ստանում «խաղաղության դարաշրջանում»։

Այնպես որ չի կարելի թերագնահատել բանանի դերը մեր կյանքում։ Այն, ըստ էության, առանցքային է. Հայաստանն այսօր ապրում է ֆեյքային նպատակներով, որոնք նրան տանում են դեպի պետականության վերջնական կորուստ։ Երդվում եմ բանանո՛վ։