ՌԴ-Ն «ՋՐԵՑ» ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԿՐԿՆԱԿԻ ԹԻՐԱԽԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Արմենպրես պետական գործակալությանը տված հարցազրույցը Երևանի պաշտոնական արձագանքն է Ալիևի պահանջներին։ Ընդ որում, Ալիևն այդ պահանջները հասցեագրել էր Ռուսաստանին՝ որպես նոյեմբերի 9-ի երաշխավորի, պահանջելով կատարել խոստումները՝ հասնել Արցախից հայկական զորքերի դուրսբերմանը, «փակել» Մինսկի խումբը և պահանջել, որ Հայաստանը մոռանա կարգավիճակի մասին։

ՀՀ իշխանությունն ի դեմս ԱԽ քարտուղարի ընդունում է ՀՀ զինված ուժերի ներկայությունն Արցախում և մանրամասն հաշվետվություն տալիս, թե ինչու են դեռ այնտեղ և երբ է դուրս բերվելու ՀՀ-ից վերջին զորակոչիկը, ավելացնելով, որ զորակոչիկներ այլևս չեն ուղարկվելու։ Իհարկե, միշտ էլ կարելի է հղում անել նոյեմբերի 9-ի թղթով պարտավորությունների կատարմանը (թեև Արցախից զորքը հանելու մասին կետ չկա), ինչպես մնացած բոլոր դեպքերում, և դա ՀՀ իշխանության «ալիբին է»։ Մինչդեռ, Բաքուն և նոյեմբերի 9-ի երաշխավոր Մոսկվան պարբերաբար խախտում են այն առաջին իսկ օրից, և ՀՀ իշխանությունը կարող էր իր պարտավորությունների կատարումը պայմանավորել Մոսկվայի ու Բաքվի կողմից պարտավորությունների կատարման հետ։ Օրինակ, ազատ արձակել գերիներին, վերադարձնել ներքին տեղահանվածներին, վերադառնալ նոյեմբերի 9-ի օրվա դիրքերին, և այլն։ Չխոսելով արդեն այն մասին, որ ՌԴ դեսպանի այցը Շուշի ընդհանրապես «ջրում է» նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Մոսկվայի երաշխավորությունը։

ՀՀ իշխանությունը կարող էր օրինակ հայտարարել, որ զորքը չի կարող հանել այն պարագայում, երբ առկա են նոյեմբերի 9-ի հիմնարար խախտման այդ իրողությունները՝ ի հակակշիռ «ստեղծված իրողություններն» ընդունելու Բաքվի պահանջի։ Երբ սա չի արվում, այլ եզրաբանություն իշխանության հասցեին, ինչպես օրինակ Ալիևին հաշվետվություն տալը կամ նրա պահանջները կատարելը, չի կարելի կիրառել։ Նույն հարցազրույցում ԱԽ քարտուղարը չի կիրառում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրերը, ինչը նույնպես Բաքվին ու Մոսկվային հաշվետվության վկայություն է։

Հիշեցնենք, որ այս իրադարձությունները տեղի ունեցան Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարի, ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի և ՌԴ արտաքին հետախուզության տնօրենի այցերի օրերին։ Բաքուն հանդես է գալիս պահանջատիրական դիրքերից՝ միաժամանակ առաջարկելով իր միջազգային դերակատարության հայտը նոր իրողություններում։ Ի՞նչ դերակատարություն ու սուբյեկտություն է պատկերացնում ՀՀ իշխանությունը Հայաստանի համար, «խաղաղության օրակարգի» դատարկաբանությունից բացի։ Իրականում, այդ օրակարգը հանգեցնում է նրան, որ Հայաստանը կարող է դառնալ կրկնակի թիրախ և գլխացավանք քաղաքական հիմնական դերակատարների համար։ Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում։

Lragir.am