Ո՞Վ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ՝ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հերթական անգամ արտահայտվեց Արցախի թեմայով և նրա հայտարարությունները կրկին վրդովմունքի ալիք բարձրացրեցին իրենց անպատասխանատվության, բարոյազրկության ու ցինիզմի աստիճանով: Հաստատելով ապացույցների կարիք վաղուց չունեցող ճշմարտությունը. Փաշինյանն ու իր խունտան անվերապահորեն կատարում են Բաքվի և Անկարայի պահանջներն այն ամենում, ինչ վերաբերում է Արցախին և Հայաստանին։ Պարզապես այս անգամ դա այնքան ակնհայտ էր, որ Ռուբեն Ռուբինյանը սկսեց արդարացնել հանցակցին, բայց այնքան ապաշնորհ կերպով, որ լոկ է՛լ ավելի վատթարացրեց իրավիճակը։
Գրիգորյանի հայտարարությունների էությունն այս անգամ հանգում էր նրան, որ հայաստանցի զորակոչիկներն այլևս ժամկետային ծառայություն չեն անցնելու Արցախում, իսկ մինչև սեպտեմբեր դուրս կբերվեն ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, որոնք պատերազմի օրերին օգնության են ուղարկվել պաշտպանության բանակին: Գրիգորյանն ակնհայտորեն խորամանկում է. հարցը վերաբերում է հայաստանցի այն ժամկետային զինծառայողներին, որոնք Արցախում ծառայելու են ուղարկվել երկու տարի առաջ։ Բառացիորեն օրերս՝ հունիսի 29-ին, այդ մասին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ Սահակ Սահակյանը: «Մեր վերջին զորակոչը եղել է 2020 թվականի ամռանը, նրանք զորացրվում են հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը, և այսուհետ Արցախում ժամկետային զինծառայողներ այլևս չեն լինելու»:
Գրիգորյանը նշել է նաև, որ «Լեռնային Ղարաբաղի անվտանգության առումով ոչինչ չի փոխվում, մինչ այդ էլ անվտանգության ապահովման գործառույթը կատարել է Պաշտպանության բանակը»: Իսկ անվտանգության երաշխիքը, նրա պատկերացմամբ, պետք է լինի «ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը»։ Համենայնդեպս հիշեցնենք ԱԽ քարտուղարին, որ հենց անվտանգության առումով շատ բան է փոխվել, քանզի Արցախի անվտանգության երաշխավորը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանը։ Ընդ որում, իրենք՝ քայլառաստները նույնպես ամրագրել են այդ կանխադրույթը ուղիղ 2 տարի առաջ՝ 2020-ի հուլիսին ընդունած «ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության» տեքստում, որտեղ բազմիցս նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»։
Թվում է, ԱԽ քարտուղարը ոչ մի նոր բան չասաց. այն մասին, որ ՀՀ բնակիչներն այլևս չեն ծառայելու Արցախում, սկզբունքորեն հայտնի էր վաղուց։ Այլ հարց է, որ բարձրաստիճան հայ պաշտոնյայի այդօրինակ հայտարարությունը, այն էլ սառը-անտարբեր տոնով, ինքնին կարող է հույզերի փոթորիկ առաջացնել։ Եվ ընդ որում հնչեց դա, ինչը ամենից ցուցանշականն է, գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ նույն թեմայով արտահայտվեց Ալիևը։ Հուլիսի 15-ին Բաքվի բռնապետը հայտարարել էր, որ ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խոստացել էին «ապահովել Ղարաբաղից հայ զինվորականների դուրսբերումը մինչև հունիս», սակայն պայմանավորվածությունը մինչ օրս չի կատարվել: Եվ որ «եթե Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա թող բացահայտ ասի այդ մասին», և Բաքուն կիմանա, թե ինչ անի այդ դեպքում։
«Հայաստանն այդ մասին բացահայտ ասաց» 4 օր անց. հուլիսի 19-ին Գրիգորյանը պատասխանեց Ալիևին։ Բայց նա արձագանքեց բնավ ոչ «հայ զինվորականներին Ադրբեջանի տարածքից դուրս բերելու» մասին խոսքերին, այլ շտապեց հանգստացնել, թե իբր՝ մի անհանգստացիր, Իլհամ, սեպտեմբերին Արցախում ոչ մի զինծառայող չի մնա ՀՀ-ից։ Այլ կերպ ասած, ինչպես նշել են որոշ հայ փորձագետներ, Գրիգորյանը առավել քան բացահայտ հասկացնել տվեց արցախցիներին, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են լվանալ ձեռքերն ու հանձնել Արցախը, ասել է թե՝ ինքներդ լուծեք ձեր խնդիրներն ու փրկվեք թուրքերից, ինչպես կարող եք։ Արդեն որերորդ անգամ հաստատելով ՀՀ իշխանությունների անսասան մտադրությունը՝ համաձայնելու Արցախի ընդգրկմանը Ադրբեջանի կազմում, նրա բնակիչների անվտանգության ողջ պատասխանատվությունը դնելով Պաշտպանության բանակի և ՌԽԶ-ի վրա։
Թե ինչն է խանգարում Փաշինյանին վաղը՝ որպես հաջորդ դավաճանական քայլ, համաձայնել ՊԲ-ն լուծարելու Բաքվի պահանջին, հռետորական հարց է։ Միանգամայն հավանական է, որ հենց այսօր դա անել նրան խանգարում է Մոսկվայի դիրքորոշումը, որն առայժմ արգելակում է տվյալ թեման։
Նշենք նաեվ, որ ՀՀ իշխանությունները միանգամայն գիտակցված շարունակում են իրենց մյուս հանցավոր ուղեգիծը։ Տասնամյակներ շարունակ, սկսած 90-ականներից, Ադրբեջանը հսկայական ջանքեր է գործադրել՝ ընդունել տալու համար, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված են հայկական զինված ուժեր, ինչից ինքնաբերաբար հետևում է, թե Հայաստանը օկուպանտ է։ Այսօր Փաշինյանն ու Գրիգորյանը կատարում են Բաքվի նաև այդ երազանքը, չմտածելով, թե ինչով է դա սպառնում մեր երկրին ապագայում։ Բայց մտածելը, առավելևս ապագայի մասին, ընդհանրապես այս իշխանությունների մասին չէ ասված։
Այն փաստը, որ Գրիգորյանն արտահայտվում էր ի պատասխան Ալիևի հայտարարությունների, այնքան ճչացող ակնհայտ էր, որ նրան օգնության շտապեց մեկ այլ քաղաքական թերահաս՝ Ռուբեն Ռուբինյանը, որը հայտնեց, թե իբր՝ «Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման մասին Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերը կապված չեն Իլհամ Ալիևի ելույթի հետ»: Իսկ ինչ վերաբերում է ժամանակային առումով այդչափ զարմանալի զուգադիպմանը, ապա, ինչպես համբերատար բացատրեց հանրությանն այդ դեղնակտուցը, «արտաքին քաղաքականության մեջ նպատակահարմարության գործոն կա (ժամանակի, ձևի և բովանդակության առումով)»։ Չնկատելով, որ դրանով իսկ լոկ հաստատում է. հենց այդ գործոնից ելնելով էլ Բաքվի և Երևանի հայտարարությունները հնչում են գրեթե միաժամանակ։
Վերադառնանք, սակայն, Արմեն Գրիգորյանի ասածին՝ փոքր-ինչ այլ տեսանկյունից։ Բանն այն է, որ ռուս խաղաղապահներին նրա ապավինումը չափազանց թույլ է ամրագրված իրավական, ասենք՝ նաև գործնական իմաստով։ Հարցը նույնիսկ որպես գործընկեր և դաշնակից Ռուսաստանի անհուսալիությունը չէ։ Հարցն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՌԽԶ-ի գտնվելու միակ իրավական (այն էլ ՝ փխրուն) հիմքը առ այսօր մնում են 2020թ. նոյեմբերի 9-10-ի հայտարարության չորրորդ կետի մի քանի տողերը։
«Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման մնալու տևողությունը 5 տարի է` հետագա 5-ական տարիներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»,- ասվում է այդ կետում: Այն ժամանակից ի վեր խաղաղապահների մանդատի, պարտականությունների, լիազորությունների, իրավունքների ու այլևայլ առումով ոչինչ չի ավելացել։
Ավելին, Բաքուն ոչ միայն այդպես էլ չհաստատեց ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը, այլև լայնածավալ քարոզարշավ է ծավալում նրանց դեմ, ամեն հարմար առիթով հիշեցնելով, որ նրանք Արցախում տեղակայվել են ժամանակավորապես։ Կասկածից վեր է, որ ընդամենը երեք տարուց քիչ ավելի ժամանակ անց Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կպահանջի դուրս բերել ՌԽԶ-ն «իր տարածքից»։ Ինչպե՞ս է պատկերացնում Արցախի բնակիչների անվտանգության երաշխիքները Հայաստանի ներկայիս ղեկավարությունը։ Այստեղ պատասխանը շատ հստակ է. Փաշինյանը, Գրիգորյանն ու թուրքամետ թիմի մյուս անդամները համոզված են, թե դա բացառապես Ադրբեջանի ներքին գործն է։
Եվ եթե Բաքուն սկսի ցեղասպան մեթոդներով «մաքրազտել» Արցախն անհնազանդ հայերից, ապա ՀՀ իշխանությունը (եթե, իհարկե, դա դեռևս լինի փաշինյանական թիմը, Աստված մի՛ արասցե) մատը մատին չի տա հայրենակիցներին օգնելու համար։ Եվ նույնիսկ կնախատի նրանց. իբր՝ մենք նախապես զգուշացրել էինք ձեզ։
Երիտհայերից որևէ այլ բան ակնկալել անհնար է։ Հիշեցնեմ միայն ևս մեկ փաստ. Արցախի բնակիչները ՀՀ անձնագրեր ունեն, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Համաձայն մեր երկրի Սահմանադրության 3-րդ հոդվածի՝ «Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»։ Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում այդ առնչությամբ Փաշինյանը՝ Գրիգորյանի և Ռուբինյանի հետ միասին։ Թե՞ Ալիևը նրանց այդ մասին դեռ ոչինչ չի ասել։