ԱՄԵՐԻԿՅԱՆ-ԻՐԱՆԱԿԱՆ-ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂԵՓԱԿՈՑ

Եվ այսպես, կարելի է խորը շունչ քաշել ու թեթև սրտով արտաշնչել, կարելի է շարունակել գարեջուր խմել Կասկադում, ապրել, զվարճանալ և ոչ մի բանի մասին չմտածել: Տարածաշրջանային, ասենք՝ ընդ որում նաև համաշխարհային առաջատար երեք խաղացողները անվտանգության երաշխիքներ են տվել Հայաստանին ու Արցախին և ուղեփակոց դրել Հայաստանի ու Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նոր փուլի ծրագրերի առջև։

Սկզբում տեղի ունեցավ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի այցը, որը համոզվելով, որ Երևանը Բաքվին և Անկարային դիմակայելու իր ծրագրերում լուրջ աջակցության կարիք ունի, հավաստիացրեց, որ Երևանը կստանա այդ աջակցությունը: Եվ ահա Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ուղղակիորեն ասում է, որ, ճանաչելով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Իսլամական Հանրապետությունը այդուհանդերձ կտրականապես դեմ է հայ-իրանական սահմանը վտանգող քաղաքականությանը։ Դա «հազարամյա կոմունիկացիոն երթուղի է», հայտարարել Է Իրանի առաջնորդը, և Էրդողանն այդ շշպռանքին չի արձագանքել։

Սակայն նախքան Թեհրանում կայացած հանդիպումները՝ Հայաստան այցելեց ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը։ Ինչպես ավելի ուշ կասի Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Բըրնսի անսպասելի այցը կապված էր հենց իր առաջիկա այցի հետ: Բըրնսը հավաստիացրել Է Երևանին, որ, ինչպես նախկինում խոստացել են իրենց մարդուն՝ Արմեն Գրիգորյանին, Վաշինգտոնը դիվանագիտական աջակցություն կցուցաբերի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Երևանի քայլերին, բայց քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի, ապա Փաշինյանին ու Գրիգորյանին համառորեն խորհուրդ է տրվում Նարիշկինի այցի ընթացքում հավաստիքներ ստանալ, որ Մոսկվան անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր դաշնակցին ցուցաբերել նաև ռազմական աջակցություն

Այնուհետ եկավ Նարիշկինը, որը բանակցություններ վարեց իր պաշտոնակից Արմեն Աբազյանի հետ, որին Բըրնսն անտեսել էր իր այցի ընթացքում: Նարիշկինը հանդիպեց նաև Նիկոլ Փաշինյանի հետ, որը հանդիպման էր տարել նաև Արմեն Գրիգորյանին, բայց ավելի ուշ Նարիշկինը լրագրողներին կասի, որ հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Աբազյանի հետ... Սակայն գլխավորը Նարիշկինի հայտարարությունն է, որ Ռուսաստանը բավարար ռեսուրսներ ունի իր դաշնակիցներին պաշտպանելու համար։ Պետք է ենթադրել, որ նկատի էր առնվում ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը։

Վերջ, կարելի է հանգիստ գարեջուր խմել Կասկադում և ուրախանալ։ Բայց եթե անկեղծ, ապա ուրախանալու բան առանձնապես չկա այն իրավիճակում, երբ քո անվտանգության երաշխավորը ոչ թե քո իսկ զինված ուժերն են, այլ օտար, թեկուզև բարյացակամ տրամադրված քեռիները։ Կար ժամանակ, երբ մենք հպարտ էինք, որ մեր բանակը Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորն է։ Բայց այդպես էր մինչև 2020 թվականը, ավելի ճիշտ՝ մինչև 2018-ը։ Հիմա այդ մասին կարելի է մոռանալ, ավաղ։

Այո, տարածաշրջանում հակամարտության նոր օջախ պետք չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին, ո՛չ Մոսկվային, և նրանք հստակ հասկացրեցին, որ դեմ են Հայաստանի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի ծրագրերին։ Բայց բոլոր երեք խաղացողներն էլ հասկացնել տվեցին նաև, որ քանի որ Երևանն ինքն է այսպիսի նվաստացուցիչ վիճակի մեջ դրել իրեն, ապա ավելի լավ է ընդառաջ գնա Բաքվի այս կամ այն պահանջներին։ Մասնավորապես՝ նրան, որ Հայաստանը չպետք է ԶՈՒ ստորաբաժանումներ ունենա Արցախում։ Դրան են դրդում Երևանին և՛ Շամխանին, և՛ Բըրնսը, և՛ Նարիշկինը։

Դա բխում է Իրանի հոգևոր առաջնորդի այն խոսքերից, որ ինքն ուրախ է, որ Ղարաբաղը վերադարձավ Ադրբեջանին։ Դա հետևում է այն փաստից, որ Նարիշկինը Երևան ժամանեց Ալիևի այն հայտարարությունից հետո, որ ռուս խաղաղապահները խոստացել էին մինչև հունիս փակել Արցախում Հայաստանի զինծառայողների գտնվելու հարցը։ Վերջապես, դա բխում է նրանից, որ նվաստացուցիչ հայտարարությունն այն մասին, որ Երևանն արդեն վաղուց զինծառայողներ չի ուղարկում Արցախ, այնտեղ պարզապես որոշ ստորաբաժանումներ են մնացել դեռ պատերազմի օրերից, բայց նրանք էլ, չկասկածեք, կհեռանան մեկ-երկու ամսվա ընթացքում, հնչեցրեց ԿՀՎ տնօրենի «յուրային մարդը»՝ Արմեն Գրիգորյանը։

ԴԱ ԱՅՆ ԳԻՆՆ Է, ՈՐ ՎՃԱՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ ԹԵՀՐԱՆԻ, ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ։ Այդ նախկինում՝ «թալանի» տարիներին էր, որ մեր բանակը Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորն էր։ Հիմա Փաշինյանի «իմաստուն» քաղաքականության շնորհիվ այլևս անհնար է խոսել այն մասին, որ Հայաստանի զինված ուժերը կարող են լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Այսօր Արցախի անվտանգության երաշխավորներն են Իրանի դիրքորոշումը, Վաշինգտոնի դիվանագիտական աջակցությունը և ռուսական խաղաղապահ զորախումբը։ Եվ հայաստանցի մի քանի հազար նորակոչիկները կամ պայմանագրային զինծառայողներն Արցախում, պետք է խոստովանել, ոչ մի դեր չեն խաղում։ Դրա համար էլ և՛ Թեհրանը, և՛ Մոսկվան, և, Վաշինգտոնը խրախուսում են Երևանի այդ քայլը, չնայած նրան, որ հայկական կողմին ուղղված ոչ մի նման պահանջ չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ համաձայնագրում...

Պե՞տք է արդյոք մխիթարվենք նրանով, որ Երևանից առայժմ պահանջել են միայն այդպիսի զիջում՝ Փաշինյանի «խաղաղության օրակարգին» աջակցելու դիմաց։ Չեն խրախուսել, օրինակ, Ալիևի պահանջները, որ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը չբարելավվի։ Թեև, ո՜վ գիտե, եթե Փաշինյանի կառավարությունը դեռ երկար մնա, ապա հնարավոր է, որ շուտով մեր առողջապահության նախարարը հանդես գա հայտարարությամբ, որ այսուհետ հայ ընտանիքներում չպետք է մեկից ավելի երեխա լինի, իսկ այնտեղ, որտեղ նրանք ավելի շատ են, ավելորդ երեխաներին պետք է ուղարկել արտասահման. Իրան, ԱՄՆ, Ռուսաստան, ուր պատահի... Կարևորը, որ Հեյդարիչը հանկարծ նորից չբարկանա։

Ի՞նչ ժամկետով են գործելու դաշնակիցների երաշխիքները։ Գուցե՝ գոնե մեկ տարով, քանի որ անվտանգության երաշխիքը չպետք է ավելի կարճ լինի, քան լվացքի մեքենայի խափանման դեպքում երաշխիքային կտրոնի ժամկետը: Նշանակում է՝ դեռ մեկ տարի կարելի է զվարճանալ ու գարեջուր խմել Կասկադում, ամեն ինչ լավ է, «խաղաղ օրակարգը» հաղթում է, ամեն ինչ լավ է, ամեն ինչ՝ հիանալի