ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱԺԱՐՈՒՄ «ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻՑ», ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ...

«Ուղիղ երկխոսությունը հայ-ադրբեջանական տարաձայնությունների կարգավորման ամենաճիշտ ճանապարհն է»,- հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս կայացած հանդիպումը Թբիլիսիում: Բլինքենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի քայլերից. Բլինքենը գոհ է։ Իսկ ինչո՞ւ պիտի, մի հարցնող լինի, գոհ չլինի, երբ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ կատարում են այն ամենը, ինչ թելադրում են «Բլինքենն ու ընկերախումբը», փոխարենը ստանալով Արևմուտքի լայն փակած աչքերը «ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցող հակաժողովրդավարական աղաղակող գործընթացների վրա։

Ամեն ինչ ընթանում է «Բոլթոնի ծրագրով». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի, թուրքական հայտնի լոբբիստի, ոչ պակաս խորշելի անձնավորության, որքան տխրահռչակ Զբիգնև Բժեզինսկին կամ գունավոր հեղաշրջումների ճարտարապետ Ջորջ Սորոսը։ «Սիրո և համերաշխության հեղափոխությունից» հետո ժամանելով Հայաստան, սույն պարոնը, որն, ի դեպ, խոստովանել է տարբեր երկրներում պետական հեղաշրջումների կազմակերպումը, ոչ դես, դեն կոչ արեց հայերին ձերբազատվել «պատմական կաղապարներից», զիջումների գնալ Արցախի հարցում՝ նախապես հասարակությանը պատրաստելով խաղաղության, բարեկամանալ Թուրքիայի հետ՝ հրաժարվելով Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, խզել բարեկամությունը Իրանի և Ռուսաստանի հետ։

Այս սցենարի մի մասն արդեն իրագործված է. հավանաբար, արևմտյան հրահանգիչները չէին էլ սպասում, որ հայկական իշխանությունները կսկսեն այսպիսի արագությամբ ազատվել «պատմական կաղապարներից», ուրեմն ինչո՞ւ պիտի Բլինքենն այսօր մեղր չծորացնի Փաշինյանի ու իր թիմակիցների ականջները՝ ամրապնդելով գովեստները դոլարներով ու եվրոներով և Հայաստանում հաղթած ժողովրդավարության մասին դատարկախոսությամբ։

Հիշենք, որ Եվրահանձնաժողովը որոշել է 3 մլն եվրո հատկացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման համար, ավելի քան 640 հազար դոլար էլ կնվիրի ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ «ժողովրդավարության մշակույթի» զարգացման համար։ Ամերիկյան դեսպանատունը վերջերս մտահոգվեց Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության թեմայով, այդ գործի համար 400 հազար դոլար հատկացնելով գրանտակեր կազմակերպություններին, որպեսզի դրանք համոզեն մեր հասարակությանը, թե ի՜նչ սքանչելի բան է ադրբեջանցիների և թուրքերի հետ բարեկամություն անելը։

«Ուղիղ երկխոսությունը հայ-ադրբեջանական տարաձայնությունների կարգավորման ամենաճիշտ ճանապարհն է»,- ուրախանում է Բլինքենը:

Энтони Блинкен

Եթե դա երկխոսություն է, ապա այո, բայց իրականում ոչ մի երկխոսության մասին խոսք անգամ չկա, այլ կա թուրք-ադրբեջանական մենախոսություն՝ մի կողմից, և բոլոր դիրքերի տոտալ հանձնում՝ մյուս կողմից, համեմված «պատմական կաղապարներից» ձերբազատման սոուսով։ Ոչ այնքան վաղուց «ԳԱ»-ին տված հարցազրույցում քաղաքագետ, ՄՀՄՊԻ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը ասաց. «Փաշինյանը հանձնում է ամեն ինչ. և՛ Ղարաբաղը, և՛ բոլոր պայմանավորվածությունները, և՛ Թուրքիայի հետ կապված բոլոր խնդիրները, որոնք օբյեկտիվորեն Հայաստանի և Թուրքիայի միջև բարդ հարաբերությունների պատճառն էին։ Նիկոլին ու իր կողմնակիցներին թվում է, թե այդպիսով իրենք վերացնում են խոչընդոտները հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատման ճանապարհին։ Սակայն ճշմարտությունն այն է, որ արդյունքում դրանք նորմալ հարաբերություններ կլինեն թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որի հանդեպ հայերը ոչ մի հարց, պահանջ, դժգոհություն չեն ունենա։

Բայց այ հարց է. երբ Հայաստանը ամեն ինչ հանձնի, ընդ որում միջազգային հանրության առջև հրաժարվելով թուրքերի հանդեպ ցանկացած պահանջներից, ի՞նչ երաշխիք ունեն մեր ներկայիս վայ-դիվանագետները, որ հետո Ադրբեջանն ու Թուրքիան էլ համապատասխան պահվածք կցուցաբերեն Հայաստանի նկատմամբ՝ չոտնահարելով հայկական իրավունքներն ու շահերը. ինչպես տարածքային, այնպես էլ ինքնիշխանության առումով։ Եթե ճիշտ եմ հասկանում, փաշինյանական իշխանությունը գաղափարներ ունի այն առնչությամբ, թե իրենք կներգրավեն Արևմուտքին, ԱՄՆ-ին կամ էլի ինչ-որ մեկին, ով կկարողանա երաշխավորել ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց ախր ոչ մի նման բան նույնպես չի նշմարվում։ Այսինքն, փաստորեն, մի կողմից՝ տեղի է ունենում Ռուսաստանի դուրսմղում, մյուս կողմից՝ չկա շահագրգիռ Արևմուտքի գալուստ, որը կդառնա այն երաշխավորը, որի դերում երկար տարիներ և բազմաթիվ ծայրահեղ իրավիճակներում հանդես է եկել Ռուսաստանը։ Եվ այդժամ, հանձնելով ամենն ու ամենքին, Հայաստանը մեն-մենակ կհայտնվի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Այ դա կատարյալ աղետ է։ Կարող է պարզվել, որ այսօրվա փուլը զիջումների լոկ սկիզբն է, իսկ հետո կլինեն շարունակական ճնշում ու պահանջներ, և ոչ ոք չի պաշտպանի, չի աջակցի ու չի դիմակայի։ Թե կա մի բան, որ կտրականապես չէր կարելի անել, դա այն է, որ այս բանակցություններն ու ցանկացած պայմանավորվածություններ ստորագրվեին մեկուսի. Հայաստանը՝ Թուրքիայի հետ, Հայաստանը՝ Ադրբեջանի հետ, և Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»։

Այն մասին, որ Արեվմուտքը, աչքը չթարթելով, կզոհաբերի հայերի շահերը, վկայում է հենց թեկուզ էներգակիրների առումով Ադրբեջանի նկատմամբ նրա ներկայիս շահագրգռվածության փաստը։ Ի դեպ, օրերս այցելելով Բաքու, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Իլհամ Ալիևի հետ իրենց մտադրությունների մասին ստորագրել է հռչակագիր, որի համաձայն Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումները կկրկնապատկվեն, և որը, եվրաչինովնիկի խոսքերով, Ադրբեջանի հետ «էներգետիկ համագործակցության նոր էջ է բացում»:

Վերադառնալով «Բոլթոնի ծրագրին» (և մտապահելով էներգետիկայի հետ կապված իրավիճակը), անդրադառնանք 4 տարի առաջ Երևանում նրա արած տարօրինակ հայտարարությանը, թե Իրանի հետ սահմանը «կարող է խնդիր դառնալ», որից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ չի բացառում Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակումը: Հենց այդ ժամանակ էլ հնչեց Բոլթոնի կոչը, թե իբր՝ հայերը պետք է «ձերբազատվեն պատմական կաղապարներից». Արցախի հարցով և Թուրքիայի հետ հարաբերություններում։ Կոչ, որն այնուհետ ամրապնդվեց Երևանի վրա գործադրվող անդրկուլիսյան ճնշմամբ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների համատեքստում։ Ի դեպ, այդ մասին բացահայտ հայտարարել է ՀՀ ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանը 2019-ի հուլիսին, երբ աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում. «Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ը Հայաստանի վրա ճնշում չգործադրի Իրանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով։ Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- ասաց Միրզոյանը։

Մինչդեռ աշխարհաքաղաքական խաղի էությունը իր «Ջոն Բոլթոնը Հայաստանում պետք է առաջ մղի օրենքի գերակայությունը» հոդվածում բավական թափանցիկ կերպով ներկայացրել է ոմն Թեոդոր Կարասիկ՝ Լեքսինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող և ազգային անվտանգության փորձագետ, որը մասնագիտացած է Եվրոպային, Եվրասիային ու Մերձավոր Արևելքին առնչվող հարցերում և «մարտական մկրտություն» է ստացել «Ռենդ» կորպորացիայում։

Проазербайджанская лоббистка и ярая русофобка Бренда Шаффер

Ներկայացնենք լոկ մի կարճ մեջբերում. «Հայաստանի և Իրանի միջև կապերի խզումը կարող է օգնել թուլացնել Ռուսաստանի թափը։ Բոլթոնի այցը Երևան առաջին հզոր քայլն է այդ գործընթացում»,- գրել է Կարասիկը։

Ներկայիս աշխարհաքաղաքական դիմակայության, իսկ ըստ էության՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմի և աշխարհի գլոբալ վերաձևման մեջ առանցքային խաղացողների նպատակներն առավել քան ակնհայտ են դառնում, ինչպեսև այն, որ Հայաստանն օգտագործում են որպես մանրադրամ՝ Հայաստանի ղեկավարության համաձայնությամբ ու օրհնությամբ։ Եվ Բլինքենի ռևերանսներն էլ պայմանավորված են հենց դրանով:

Եվ որպես դեսերտ. ուղիղ 2 տարի առաջ, «Արևմուտքը կօգնի մեզ ինքնասպան լինել։ Բրենդա Շաֆերի բաղադրատոմսերը» հոդվածում մենք գրել ենք Natural Gas World-ում հայտնի ադրբեջանամետ լոբբիստուհի և թունդ ռուսատյաց Բրենդա Շաֆերի հեղինակած օպուսի մասին՝ «ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի նկատմամբ. հաջորդը բնական գա՞զն է» վերնագրով, որում նա Հայաստանից պահանջում է դադարեցնել գազի ներկրումն Իրանից և, համապատասխանաբար, էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան (չենթարկվելու դեպքում պատժամիջոցներ կիրառելով), փակել ատոմակայանը, փոխարենը կառուցել «էժան ածխային էլեկտրակայան»:

Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ բնավ փաստ չէ, որ վաղը, նույն «պատմական կաղապարներից» ազատվելու համատեքստում, Արևմուտքը Հայաստանին չի առաջարկի հրաժարվել ռուսական գազի ներկրումից և ածուխ գնել Թուրքիայից։ Խրախուսելով ուղիղ երկխոսությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև հայոց պետության վերջնական և անդառնալի ինքնասպանությունը։