«ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ», ԲԱՅՑ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ

Մինչ Երևանը Անկարայի հետ երկխոսություն է վարում հարաբերություններն «առանց նախապայմանների» կարգավորելու շուրջ, թուրքական կողմը չի դադարում Երևանին պարբերաբար հիշեցնել իր նախապայմանները: Նախ, TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասում է թուրքական դիվանագիտության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, Երևանը պետք է հաշվի առնի Բաքվի դիրքորոշումը, այլապես ոչինչ չի ստացվի, քանի որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակարգում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Մասնավորապես, ասում է Չավուշօղլուն, Հայաստանը պետք է «հստակ քայլեր» կատարի «Զանգեզուրի նախագծի» հարցում։

ՆԿԱՏԵՆՔ, ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ։ Միայն «Զանգեզուրի նախագծի», որը հարկավոր է Ալիևին, որպեսզի ապահովի Ադրբեջանի ցամաքային կապը Նախիջևանի ինքնավարության և այնուհետ Թուրքիայի հետ։ Ընդ որում հայտնի է, որ Ալիևի երազանքն է, որպեսզի հայկական Սյունիքի տարածքով անցնող այդ ճանապարհ-ուղիները ունենան արտատարածքային բնույթ։

Ինչպես հայտնի է, առայժմ համաձայնեցված է միայն երկաթուղային երթուղին, ավտոմոբիլային երթուղիների որոշման հարցում համաձայնություն չկա։ «Հստակ քայլերի» տակ, հավանաբար, նկատի է առնվում, որ Երևանը պետք է հավանություն տա ավտոմոբիլային ճանապարհների երթուղիների վերաբերյալ ադրբեջանական առաջարկներին։

Բայց Անկարայի նախապայմանները վերաբերում են ոչ միայն «Զանգեզուրի նախագծին»։ Չավուշօղլուն խոսում է նաև այն մասին, որ Հայաստանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հետ «համապարփակ խաղաղ պայմանագիր» կնքելու ուղղությամբ։ Նկատի ունենալով ադրբեջանական դիրքորոշումը, որ Ղարաբաղի հարցն այդ կերպ հանվի վերջնականապես։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայի և Բաքվի մոտեցումների տարբերությունը նույնն է, ինչ բարի ոստիկանի և չար ոստիկանի վարքագծի տարբերությունը՝ անհրաժեշտ ցուցմունքները հետաքննվողից կորզելիս: Մինչ Անկարան «փափուկ բարձ է դնում», Բաքուն չի հոգնում սպառնալ «երկաթե բռունցքով» և պարբերաբար պահանջներ ներկայացնում Հայաստանի այս կամ այն տարածքների նկատմամբ։

Ինչո՞վ է պատասխանում Երևանը։ Փորձում է ուժեղացնել միջազգային կառույցների ճնշումն Ադրբեջանի վրա, բայց իրական շարժ չենք տեսնում նույնիսկ Բաքվում մնացած հայ ռազմագերիների հարցում։ Ավելին, վերջին ամիսներին, այն բանից հետո, երբ ընդդիմությունը դադարեցրեց իր ակտիվ գործունեությունը, շարունակ լսում ենք Երևանի պաշտոնյաների հայտարարությունները Բաքվի այս կամ այն ցանկությունները կատարելու պատրաստակամության մասին. լինի դա այլընտրանքային ճանապարհը դեպի Արցախ և Լաչինի հանձնումն Ադրբեջանի վերահսկողությանը, թե Հայաստանի զինծառայողների ամբողջական դուրսբերումն Արցախից։

Ոչ մի նշան չկա, թե միտումը կարող է փոփոխությունների ենթարկվել առաջիկա ամիսներին։ Ավելին, հենց հիմա, քանի դեռ ընդդիմությունը կրկին բողոքի բազմահազարանոց ակցիաներ չի նախաձեռնել և քանի դեռ չի ավարտվել զինված հակամարտությունն Ուկրաինայում, Բաքուն կփորձի նոր պարտավորություններ պոկել Հայաստանից։

Սակայն Փաշինյանը մտավախություն ունի, որ եթե նոր զիջումներ անի Ադրբեջանին, ապա դա կարող է դառնալ ներքաղաքական սրացման հերթական փուլի կատալիզատոր։ Ուստի վարչապետն իր խնդիրներն ունի. նա կփորձի առաջ անցնել իրադարձություններից և հասնել իր գլխավոր քաղաքական ընդդիմախոսների վարկաբեկմանը մինչև աշնանային քաղաքական սեզոն, երբ խորհրդարանական ընդդիմությունը, բացի ամենից, մտադիր է գործարկել նաև վարչապետի իմպիչմենտի գործընթացը։

Ամեն դեպքում, կարծում ենք, ներքաղաքական անդորր աշնանը հաստատ չի լինի։ Չմոռանանք նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի մասին, որը փափագում է, որ «Դիմադրությունը» տապալվի, որպեսզի ինքը ճանկի նախաձեռնությունը Փաշինյանի հրաժարականի համար պայքարում։ Բայց նկատի ունենալով միանգամայն այլ աշխարհաքաղաքական կողմնորոշիչներ…