ՄԻ՛ ՆԱՅԵՔ, ԹԵ ՈՎ Է ԳԱԼԻՍ. ԴԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ…

Հովակիմյանի խորապատկերին կշահի ցանկացած ֆրեզերագործ…

2021 թվականին 168.am կայքում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հեռակա ուսուցման ավարտից հետո Մովսես Խորենացու համալսարանում ստացել է բակալավր-իրավագետի դիպլոմ ու որակավորում, այլ կերպ ասած՝ մարդը մասնավոր բուհում բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել 47 տարեկանում:

Դե, իսկ ի՞նչ կա որ։ Ներկայիս նախագահ Տիգրան Մուկուչյանը (1969թ. ծնված) ավարտել է թիվ 13 պրոֆտեխուսումնարանը՝ ռադիոէլեկտրոնային սարքերի մոնտաժողի որակավորմամբ: Իսկ գիտե՞ք, թե որ արտահայտությունն է այսօր առավել հաճախ հնչում ի պատասխան այն տեղեկությունների, որ իշխող կուսակցությունը (իմա՝ Փաշինյանը) մտադիր է Մուկուչյանի տեղում նշանակել ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին։ Վարչապետի կուսակցությունում ասում են (ամենայն լրջությամբ), որ Մուկուչյանի (որի լիազորությունները լրանում են աշնանը) հավանական իրավահաջորդի դերում Հովակիմյանի անունը նշում են այն նպատակով, որպեսզի նրա՝ Հովակիմյանի խորապատկերին ԿԸՀ նախագահի աթոռի ցանկացած հավակնորդ ընդունելի թվա։

Եվ սա ճիշտ մոտեցում է. եթե սկզբի համար վախեցնեն քաղաքականացված հանրությանը Հովակիմյանով, ապա այդ շոկից հետո նրա համար ընդունելի կլինի ցանկացած ոք։ Հովակիմյանի հետ համեմատության մեջ կշահի ով ասես, բառի բուն իմաստով։ Ի դեպ, Նիկոլի և Հովակիմյանի կուսակիցները ամեն հարմար առիթով հիշեցնում են, որ Մուկուչյանը նաև ֆրեզերագործ է աշխատել…

Դե, նախ, մեզանում ամեն մի աշխատանք հարգի է, իսկ Մուկուչյանով ոչ ոք երբեք (համենայնդեպս, «ԳԱ»-ի հրապարակումներում) չի հիացել, նա ամենևին էլ էտալոն չէ, բայց Հովակիմյանի հետ համեմատելիս խամրում են Մուկուչյանի բոլոր բացթողումներն ու սխալները։ Այնպիսի տպավորություն է, որ իշխող կուսակցությունը կադրային քաղաքականության մեջ առաջնորդվում է «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Չենք նկարագրի Հովակիմյանի գործունեությունը լրագրողական ասպարեզում («Օրագիր» և «Հայկական ժամանակ» թերթեր, Pаnоrаmа.аm կայք), բավական է հիշել քաղաքական գործիչներից մեկի հետ հեռուստահարցազրույցի ժամանակ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի արտահայտությունն այն մասին, որ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ լրագրող սարքել Հովակիմյանից։

Չենք հիշատակի նաև Հովակիմյանի հեղինակած բոլոր հակասահմանադրական օրենքները, որոնք ընդունվել են նախորդ գումարման խորհրդարանի կողմից, կսահմանափակվենք լոկ հիշատակումով, որ Հովակիմյանը միշտ պատրաստակամությամբ է դրել իր ստորագրությունը ցանկացած օրինագծի տակ, ինչից, օրինակ, նրբանկատորեն խուսափել է Վլադիմիր Վարդանյանը։

Թռավ նստեց պատգամավորական աթոռին և դրա համար նվիրված է Նիկոլին

Հովակիմյանը ծնվել է 1974 թվականին, 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, դիմանալով ընդամենը 2 տարի, այնուհետ 1996-2000 թթ. սովորել է փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում, որը նույնպես չի ավարտել, սովորել է 3 տարի: Զգո՞ւմ եք համընկնումը Փաշինյանի կենսագրության հետ։ Հենց «գենետիկ» նմանության պատճառով էլ Նիկոլը վերցրեց թերուս Հովակիմյանին իր անձնական օգնական՝ 2012-ի թորվածքի ԱԺ-ում։ Ավելի ուշ Հովակիմյանն ընդգրկվեց խորհրդարանի հաստիքակազմում որպես «Ելք» խմբակցության փորձագետ։ Դա արդեն 2017-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում էր։

Ֆրեզահաստոցի առջեվ աշխատելուց հետո՝ մոնտաժող Մուկուչյանը ծառայել է խորհրդային բանակում և ընդունվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: Ծառայողական աստիճաններով իր վերելքը նա նույնպես սկսել է խորհրդարանից։ Աշխատել է որպես խորհրդական, ղեկավարել տեղեկատվական-իրավաբանական կենտրոն, հետո աշխատանքի է անցել մայրաքաղաքի աշխատակազմում, որտեղ իրավաբանական բաժնի պետից հասել է քաղաքապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին, որից հետո գլխավորել է մայրաքաղաքի քաղաքապետի աշխատակազմը: Դրանից հետո Մուկուչյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար։

Մինչ ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը, եղել է Վարչական դատարանի նախագահ, այնուհետ՝ Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ, և միայն դրանից հետո 2011 թվականին Մուկուչյանը նշանակվել է ԿԸՀ անդամ, ապա ընտրվել նախագահ: 2016-ին նրան վերընտրել են այդ պաշտոնում։

Մուկուչյանն անցել է մասնագիտական մեծ ճանապարհ, ինչը չի փրկել այն սխալներից, որոնց համար նրան անխնա քննադատում էր ընդդիմությունը։ Չնայած դրան, ամենայն պատասխանատվությամբ կարելի է ասել, որ Մուկուչյանի օրոք, նախքան 2018-ին իշխանության զավթումը, ԿԸՀ-ն սպասարկել է իրավաբան-պրոֆեսիոնալների մի ամբողջ կոհորտա։ Կարելի է նշել, օրինակ, Նունե Հովհաննիսյանին և այլ մասնագետների։ Լավ էր աշխատում մամուլի ծառայությունը Տաթևիկ Օհանյանի ղեկավարությամբ, ցանկացած պահի կարելի էր ստանալ ոչ միայն տեղեկություններ, այլև խորհրդատվություն ընտրական իրավունքի վերաբերյալ: Հանձնաժողովը մեծ ներդրում է ունեցել Ընտրական օրենսգրքի կատարելագործման հարցում:

Գիտակից կյանքի մեծ մասը Հովակիմյանն անցկացրել է լավ պաշտոններում և պատգամավորական աթոռին ցատկել Փաշինյանի շնորհիվ։ Վերջինիս նկատմամբ Հովակիմյանի անձնական նվիրվածության մասին թերթերը գրում են՝ օգտագործելով «շան հավատարմություն» բնորոշումը։ Գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակումից հետո շատերն արդեն չեն հավատում, որ Փաշինյանը կվերանայի Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակելու որոշումը։ Այն, որ սույն վայ-դրածոն (եթե բախտներս չբերի) կփլուզի ոչ միայն ԿԸՀ-ն, այլև ողջ ընտրական համակարգը, կասկածից վեր է։

Չունենալով համապատասխան կրթություն՝ Հովակիմյանը խորհրդարանի պատերի ներսում զբաղվել է հակասահմանադրական «սահմանադրական օրենքների» հորինմամբ, մասնավորապես՝ հանրաքվեի շրջանցումով խորհրդարանական մեծամասնության ուժերի կողմից հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ ԿԸՀ-ի ղեկավարի պաշտոնում նա, անկասկած, կզբաղվի ընտրական օրենսդրության «կատարելագործմամբ»։ Մի խոսքով՝ «փախեք-փրկվեք». մի՛ նայեք, թե ով է գալիս, դա վտանգավոր է տեսողության համար։ Դեռևս հույս ենք փայփայում, որ Հովակիմյանի անունն իսկապես շրջանառության մեջ է դրվել աչքներիս թոզ փչելու համար, որպեսզի նրա խորապատկերին իշխանական ճամբարից ցանկացած հավակնորդ դիտվի որպես ընդունելի թեկնածու։ Հույսը, ինչպես հայտնի է, վերջինն է մեռնում նույնիսկ արևահարությունից