ԱՄՆ-ԻՆ ՉԻ ՇՓՈԹԵՑՆԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ․ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ

Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների վերջին բանակցությունները դեռ երկար կմնան փորձագիտական հանրության քննարկման առարկա: Հայաստանում շատերն ուշադրություն են դարձրել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի բավական կտրուկ հայտարարություններին, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իսլամական Հանրապետությունը կդիմակայի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Նրա խոսքով՝ այդ սահմանը համարվում է հազարամյակներ շարունակ գոյություն ունեցող հաղորդակցական երթուղի։

Սա, անշուշտ, կարևոր հայտարարություն է հայկական շահերի տեսանկյունից, և դրան մենք դեռ կվերադառնանք, բայց ոչ պակաս կարևոր է նաև հանդիպման աշխարհաքաղաքական ֆոնը։ Առաջին հերթին հարկ է նշել, որ չնայած Ուկրաինայի իրադարձություններին, որոնք շեղում են Ռուսաստանի քաղաքական և ռազմական զգալի ռեսուրսները, Հարավային Կովկասը եղել և մնում է Մոսկվայի ու նրա շահերի ուշադրության կենտրոնում: Եվ Թեհրանի ու Անկարայի հետ երկխոսության հաճախակիացման առանցքային խնդիրը թույլ չտալն է, որ անդրօվկիանոսյան ուժերը միջամտեն Հարավային Կովկասի գործերին։

Բոլորից լավ, թերևս, Թեհրանում կայացած բանակցությունները բնութագրել է վերջերս Երևանում հյուրընկալված ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը։ Նա հայտարարել է, որ Իրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարներն իրեն հիշեցրել են իր սպիտակ մազերի մասին։ Բըրնսի անկեղծությանը, որը խոստովանել է, թե իր մազերը սպիտակել են ռուսների և իրանցիների հետ բանակցություններից, կարելի է միայն նախանձել:

Հայ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով, Հարավային Կովկասում հիմնական խնդիրը հանգում է մյուս բոլոր մրցակից խաղացողների վերացման փորձերին, ընդ որում՝ ոչ միայն ԱՄՆ-ին և ԵՄ-ին: Փորձագետի տեսանկյունից, մեծ հաշվով, Մոսկվայի շահերից է բխում նաև Կովկասում Թուրքիայի և Իրանի ազդեցության նվազեցումը։ Ասել, որ այդ ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան, նշանակում է ոչինչ չասել։

Գլխավոր հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններն են և նոր պատերազմի մշտական սպառնալիքը։

«Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը կարողանա լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ և օկուպացնի որոշ հայկական տարածքներ, ապա դա ոչ մի կերպ չի նպաստի Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի և նշանակության ավելացմանը»,-նշեց Պողոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում:

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ռուսաստանին մինչ օրս հաջողվել է և հաջողվում է զսպել Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան: Ավելին, այդ ագրեսիայի ճանապարհին միակ խոչընդոտը Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանն է։ Պողոսյանը համոզված է, որ ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ոչ էլ մեկ ուրիշը զորք չեն մտցնի Սյունիքը պաշտպանելու համար։

Սակայն պետք է հասկանալ, որ նույնատիպ խնդիր են դնում նաև ամերիկացիները՝ փորձելով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, ասում է փորձագետը։ Դա բազմաթիվ նշաններից է երևում, այդ թվում՝ տարածաշրջանում ամերիկացիների աննախադեպ դիվանագիտական ակտիվությունից։ Պողոսյանի տեսանկյունից, որպես Ռուսաստանին դուրս մղելու առաջին քայլ ամերիկացիները դիտարկում են 2025 թվականին Արցախից ռուս խաղաղապահների հեռանալը:

«Եթե խաղաղապահ զորակազմի հեռանալու արդյունքում Արցախը մնա առանց հայերի, ապա ամերիկացիներին դա առանձնապես չի տխրեցնի։ Քաղաքավարությունից դրդված կարող են մտահոգություն հայտնել, «ցավակցություն և կարեկցանքի» մի քանի խոսք ասել, բայց ոչ ավելին։ Չի կարելի ասել, որ Վաշինգտոնն ուղղակիորեն շահագրգռված է Արցախի հայաթափման հարցում, բայց տվյալ դեպքում գործում է «անտառը կտրում են, տաշեղները թռչում են» կանոնը»,–հավելեց փորձագետը։

Անդրադառնալով Խամենեիի հայտարարություններին՝ Պողոսյանն ընդգծեց, որ դրա հասցեատերերը եղել են Թուրքիան և Ադրբեջանը: Ինչպես նշվեց վերևում, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վտանգը պահպանվում է, և Բաքուն չի թաքցնում իր սպառնալիքներն ու ոտնձգությունները Սյունիքի մարզի նկատմամբ: Իրանի հոգևոր առաջնորդը հասկացրել է, որ ԻԻՀ-ն խիստ բացասական կընկալի Սյունիքը գրավելու Ադրբեջանի փորձերը։

«Իրանցիներն, իհարկե, լավ հասկանում են, որ Հարավային Կովկասում առաջին ջութակը Ռուսաստանն է նվագում, և առաջին հերթին նա իրադարձությունների նման շրջադարձ թույլ չի տա։ Բայց ամեն դեպքում Թեհրանը բավականին թափանցիկ մեսիջներ է հասցրել Անկարային ու Բաքվին»,-նկատեց նա։

Այնուամենայնիվ, ասվածը չի նշանակում, որ եթե Ադրբեջանը վստահություն զգա իր ուժերի նկատմամբ և հարձակվի Հայաստանի վրա, ապա Իրանը զորքեր կմտցնի, իսկ Կապանում և Գորիսում մարտեր կսկսվեն իրանցի և ադրբեջանցի զինվորականների միջև։ Այդ դեպքում Թուրքիայի միջամտության սպառնալիքն է ի հայտ գալիս, և հազիվ թե Իրանը հիմա շահագրգռված լինի նման սցենարի հարցում։

Sputnik Արմենիա