ՈՐՈՆՎՈՒՄ Է 18 ՔԱՂԱՔԱՑԻ, ԱԻՆ-ԻՆ ՀԱՅՏՆԻ Է` ՔԱՆԻՍՆ ԵՆ ԱՅՑԵԼՈՒ, ՔԱՆԻՍԸ` ԱՇԽԱՏՈՂ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնվում է 18 քաղաքացի։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Որոնում ենք 18 քաղաքացու, որոնց տվյալները մենք ունենք, տեղյակ ենք՝ եղել են այցելու, թե տոնավաճառի աշխատակիցներ։ Տարբեր ԲԿ–ներում բուժում է ստանում 23 քաղաքացի»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` առևտրի կենտրոնում հրդեհը մարված է, սակայն ժամանակ առ ժամանակ փոքր օջախներ են բռնկվում։ Փամբուխչյանը նշեց նաև, որ հրավառության նյութերից դեռ մնացել են պահեստում, ինչպես նաև պլաստմասե նյութեր կան, որոնք վառվում են։ Դա կարող է շարունակվել մի քանի օր, փրկարարները պատրաստ են դրան։ Այս պահին հրդեհը միայն պահեստի տարածքում է շարունակվում, մնացած մասերում մարված է։
Ինչ վերաբերում է փրկարարների աշխատանքներին, ապա երեկ դեպքի վայրում 350 փրկարար է աշխատել, իսկ այս պահին նրանց թիվը մոտ 70 է։ Նախարարը հայտնեց` 7 փրկարար տարբեր վնասվածքներ էին ստացել, նրանցից 2-ը հոսպիտալացվել են, իսկ մյուսները տեղում են բուժօգնություն ստացել։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Զոհերի թիվն այս պահին 6 է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։