ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՒՄ

Պետական վերահսկողական ծառայությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների գործունեության մեջ, հայտնել են կառույցի մամլո ծառայությունից: Վերահսկիչ մարմնի աշխատակիցները քաղաքապետարանի 2018-2022 թթ. գործունեության մոնիտորինգ են իրականացրել, հաղորդում է Sputnik Արմենիան։

Ծավալուն ստուգումների ընթացքում հայտնաբերվել են 8,5 մլրդ դրամի խախտումներ։ Դրանք վերաբերում են հիմնականում դոտացիաների բաշխման կարգին և հիմքերին, մայրաքաղաքի փողոցների ընթացիկ վերանորոգմանը, փողոցների բարեկարգմանը և լանդշաֆտային դիզայնին, ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման կարգին, արտասահմանյան գործուղումներին և այլն:

Այս և այլ խախտումների վերաբերյալ տվյալների հիման վրա Պետական վերահսկողական ծառայությունը դիմել է գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական մշակելու և քննության հետագա ընթացքը նախորոշելու նպատակով:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՇՓՈԹԵԼ Է: Պարզապես բացառված է, որ արմատախիլ արված կոռուպցիայի երկրում պետական կառավարման ընդամենը մեկ ստորաբաժանումում այդչափ տպավորիչ գումարի խախտումներ հայտնաբերվեն։ Հիշեցնենք, որ ինչպես պնդում էր Նիկոլ Փաշինյանը 2018-ին, երբ դեռ նոր էր եկել իշխանության, Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արված մեկընդմիշտ։ Ճիշտ է, որոշ ժամանակ անց նա մի փոքրիկ շտկում կատարեց այդ հայտարարության մեջ. մեկընդմիշտ վերջ է տրված համակարգային կոռուպցիային։ Ինչևէ, այսօր վերահսկողական ծառայությունը խոսում է այն մասին, ինչը ի բնե չի կարող լինել կոռուպցիային հաղթած թավիշի պայմաններում։

Այստեղ բերենք մի քանի օրինակներ, որոնք վերաբերում են հայտնաբերված խախտումների էությանը։ Օրինակ, գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները, որոնք հիմք են հանդիսանում Երևանի քաղաքապետարանին պետական բյուջեից տրամադրվող դոտացիաների հաշվարկման համար, պակաս են ներկայացվել 7,1 մլրդ դրամով։ Մեկ այլ օրինակ. ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 մլն դրամ գույքահարկ, իսկ մոտ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4,3 մլն դրամի չափով գույքահարկի պարտավորությունը մարելու: Երրորդ օրինակը. 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, սակայն դրանց մասով առկա 124,6 դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել։ Օրինակ չորրորդ. փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր։ Համաձայնեք. դե, չի կարող լինել այդ ամենը «լիովին ապակոռումպացված երկրում»։

Եվ էլի մի փաստ՝ ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից։ Պարզվել է, որ «ապակոռումպացված» քառամյա թավշե ժամանակաշրջանում խախտումներն ավելի շատ են եղել, քան «նախկինների» կառավարման և «կոռուպցիայի ծաղկման» նախորդ 7 տարիների ընթացքում։ Վերահսկողական ծառայությունից ստացած տեղեկատվության հիման վրա քաղաքապետարանի կողմից իրականացվող մոնիտորինգով հայտնաբերվել են 2011-2018թթ. ընկած ժամանակահատվածում շինարարության թույլտվությունների և հողամասերի օտարման մասով 7,3 մլրդ դրամի խախտումներ: Նկատենք տարբերությունը և՛ բովանդակության, և՛ ընդհանուր գումարի առումով։ Չորս տարի շարունակ մայրաքաղաքային թավշե իշխանությունը խախտել է օրենքները շատ ավելի բազմազան, տարբերակված, քան «նախկինները»՝ 7 տարվա ընթացքում։ Ներկայիս իշխանավորների աշխատանքի 4 տարիների ընթացքում խախտումների ընդհանուր գումարը (8,5 մլրդ դրամ) գերազանցել է նախորդ 7 տարիների ցուցանիշը (7,3 մլրդ): Ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Ստանիսլավսկին կասեր. «Չե՛մ հավատում»։

Ասենք, տվյալ դեպքում խոսքն այն մասին չէ, որ կոռուպցիայի և պետական միջոցների փոշիացման առումով «նախկինները» շատ ավելի համեստ են «ներկաներից»։ Դա, բնականաբար, այդպես է։ Այն, ինչ արվում է այսօր, նախկին պաշտոնյաները երազում անգամ չեն տեսել։ Բայց հարցն այլ է։ Վարկած կա, որ վերահսկողական ծառայության նշյալ բացահայտումներն ուղղված են նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ և մայրաքաղաքի աշխատակազմի առաջիկա ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» նախապատրաստման տարրերից մեկն են։

Ահա ուրեմն, անկախ նրանից, թե ով է զբաղեցնում Երևանի քաղաքապետի պաշտոնը, բացահայտված մեղքերի պատասխանատվությունը կրում է հենց քաղաքական ուժը, որը Մարությանին նստեցրել է քաղաքապետի աթոռին։ Դա, ինչպես ասում են, տարրական բան է։ Ասվածն ամենևին չի նշանակում անձնական պատասխանատվության բացակայություն։ Բայց հիմնականը (պատասխանատվությունը) կոլեկտիվ է, որը շոշափում է իշխող թիմի բոլոր ներկայացուցիչներին։ Դե, և իհարկե՝ դրա առաջնորդին, որն «արմատախիլ է արել կոռուպցիան Հայաստանում»…