ՊԵՏՊԱՐՏՔԸ ՄՈՏԵՑԵԼ Է 10 ՄԻԼԻԱՐԴԻ

Հուլիսի վերջին Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց հերթական զեկույցը սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին։ Ասենք անկեղծ. մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները հուսադրող են։ Աճ է արձանագրվել գրեթե բոլոր ուղղություններով։ Ընդ որում՝ բավական տպավորիչ աճ։

Օրինակ, անցած տարվա հունիսի համեմատ՝ 2022-ի հունիսին 18,5%-ով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, 16,7%-ով՝ շինարարության ծավալը, 19%-ով՝ արդյունաբերության ծավալը, 35%-ով՝ ծառայությունների ծավալը, 71%-ով ավելացել է արտաքին առևտրաշրջանառությունը։ Մի խոսքով, որ կողմ նայես՝ համատարած աճ է։ Մինչդեռ պետք է խոստովանել. բնավ ամեն աճ չէ, որ կարելի է դասել դրական կատեգորիային։ Եվ խոսքն այստեղ այն մասին չէ, որ զգալիորեն աճել են նաև գները, և դա առանցքային ազդեցություն է թողել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ընդհանուր վիճակագրական պատկերի վրա։ Տվյալ դեպքում խոսքը մեկ այլ՝ պարտքի աճի մասին է։

Այս տարվա հունիս ամսվա դրությամբ Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 10 միլիարդի (9,9 միլիարդ) և հասել ՀՆԱ-ի 76%-ի։ Թերևս չարժե հերթական անգամ հիշեցնել այն մասին, որ ՀՆԱ-ի և պարտքի հարաբերակցության վտանգավոր գիծը հատված է։ Այդպիսի ռիսկերի վրա հայկական կառավարությունը վաղուց ձեռքը թափ է տվել ու առանց երկմտանքի և արգելակների պարտքեր է հավաքում։ Հետաքրքիրն այստեղ մեկ այլ բան է. ՀՀ պետական պարտքը կատաղի տեմպերով աճում է ներքին պարտքի հաշվին։ Միայն հունիսի ընթացքում ներքին պարտքն աճել է ավելի քան մեկ երրորդ (388 մլն) միլիարդ դոլարով։ Իսկ տարեսկզբից դա (ներքին պարտքը) 2,5 միլիարդից հասել է 3,4 միլիարդի: Այսինքն՝ գրեթե մեկ միլիարդ կես տարվա ընթացքում։

Իր հերթին ներքին պարտքն աճում է հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին։ Այսպես, միայն հունիսին ռեզիդենտների կողմից ձեռք են բերվել ավելի քան 350 մլն դոլարի այդպիսի պետական արժեթղթեր։ Ընդգծենք, որ միայն մեկ ամսում ռեզիդենտները ավելի քան մեկ երրորդ միլիարդ փոխառություն են տվել Հայաստանի կառավարությանը։ Ովքե՞ր են նրանք, Հայաստանի այն քաղաքացիները, որոնք այդպիսի վիթխարի կապիտալ ունեն՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ վստահ են, ինչպես ասում են, վաղվա օրվա նկատմամբ, նրանում, որ Հայաստանի պետական պարտատոմսերով գումար պահելը հուսալի է։ Հաստատ նրանք չեն, ովքեր շարունակում են հավատալ այս իշխանության այն կարգախոսին, թե «ապագա կա»։ Հավատալը՝ գուցե հավատում են, բայց դժվար թե հնարավորություն ունենան մեկ ամսվա ընթացքում գրեթե մեկ երրորդ միլիարդ տալ կառավարությանը... Իսկ այն ռեզիդենտները, ովքեր իսկապես ունեն նման ֆինանսական հնարավորություններ, պրագմատիկ մարդիկ են և հաստատ այնքան միամիտ չեն, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, հայկական սահմաններին տիրող կրիտիկական իրավիճակում, երկրում տնտեսական և ներքաղաքական ճգնաժամի պայմաններում իրենց գումարները ներդնեն գործնականում փլուզված պետության, մեղմ ասած, մշուշոտ հեռանկարում:

Օրերս «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Երևանում՝ Հանրապետության հրապարակի մոտ տաքսի է նստել, որի ղեկին ադրբեջանցի է եղել։ Եթե Երևանում ադրբեջանցին կարող է հանգիստ տաքսի վարել, և դրան ոչինչ չի խանգարում, ապա ի՞նչն է խանգարում ադրբեջանական խոշոր կապիտալին պարտքային պարտավորությունների տակ գցել Հայաստանը՝ ռեզիդենտի անվան տակ գնելով պետական պարտատոմսերը։ Տեսականորեն շատ բան կարող է խանգարել, իսկ գործնականում՝ գրեթե ոչինչ։