Ղրիմում ջախջախել են «Հիզբ ութ Թահրիրի» բջիջը, որը համակարգվում էր Ուկրաինայից

Ջանկոյում և Յալթայում ոչնչացվել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի» ահաբեկչական խմբավորման գաղտնի գործող բջիջը, որը համակարգվում էր Ուկրաինայից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ուժայինների տվյալներով՝ Ուկրաինայից ահաբեկչական կազմակերպության էմիսարների համակարգմամբ` ձերբակալվածները «Ռուսաստանում ահաբեկչական գաղափարախոսություն տարածելու նպատակասլաց աշխատանք» են վարել, ինչպես նաև իրենց շարքերն են հավաքագրել տեղի մահմեդականներին:

Ձերբակալվածների տներից առգրավվել են Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամիի» քարոզչական նյութեր, կապի միջոցներ և տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ: Հարուցվել են քրեական գործեր։

«Իսլամական ազատագրման կուսակցությունը» («Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի») աշխարհի մի շարք երկրներում ճանաչվել է ահաբեկչական, Ռուսաստանում նրա գործունեությունն արգելված է ՌԴ գերագույն դատարանի 2003 թվականի որոշմամբ:

Կազմակերպության նպատակն է ոչ մահմեդական կառավարությունների վերացումն ու համաշխարհային մասշտաբով Իսլամական կառավարման հաստատումը՝ «համաշխարհային իսլամական խալիֆայության» ստեղծման միջոցով։ «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամիի» անդամներին պարբերաբար ձերբակալում են Ռուսաստանի տարբեր շրջաններում, առավելապես Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում:

Sputnik Արմենիա