ՎՍՏԱՀՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Փաշինյանն անկարող է օրինական պահանջներ ներկայացնել

Շուշին և Հադրութը հանձնելուց հետո (հակառակ 2020 թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկի) մինչև Քարվաճառի հանձնումը, Կովսականից և Սանասարից զորքերի դուրսբերման պահից մինչև օգոստոսի 25-ին Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայերին վտարելու մասին լուրը հայ հասարակությունը առաջին շուրթերից շարունակաբար վկայություններ է ստացել ռեժիմի դավաճանական քաղաքականության մասին:

«Տիգրան Մեծ» գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը պատմել է, որ ադրբեջանցիները Շուշի են մտել լեռնային ճանապարհով, որը դեռ նախքան 44-օրյա պատերազմը մաքրել են՝ հատելով դարավոր հաստաբուն ծառերը: Վկայություններ կան, որ մարտական գործողությունների 7-րդ օրը առաջնագծում լուրեր էին շրջում Քարվաճառը հանձնելու մասին։ Անուղղակի ապացույցներ կան, որ պայմանավորված պատերազմից և Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնելուց հետո իշխող ռեժիմի պարագլուխը միտումնավոր չի կանխել Սյունիքի և Գեղարքունիքի տարածքների բռնազավթումը 2021թ. մայիսի 12-ից ի վեր

Ինչո՞ւ են մարդկային ու տարածքային ահռելի կորուստների համար Փաշինյանին ավելի քիչ քննադատում, քան Սերժ Սարգսյանին՝ 2016-ի Ապրիլյան հաղթական պատերազմից հետո, որի արդյունքներով հակառակորդը ստացավ 400 հեկտար հայկական հող։ Ապրիլյան պատերազմը դադարեց, երբ Ալիևը աջակցության համար դիմեց Պուտինին, բայց Փաշինյանի քարոզչամեքենային հաջողվել է ներշնչել հայ հասարակությանը, թե այդ պատերազմում հայկական զինուժը չի հաղթել հակառակորդին։ Մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը, Փաշինյանի կառավարման ընդամենը մեկուկես տարվա ընթացքում, ըստ մամուլի հրապարակումների՝ Նախիջևանի հատվածում առանց գեթ մեկ կրակոցի Ադրբեջանին է անցել մոտ 11 հազար հեկտար տարածք։ Ոչ մի արձագանք, ոչ մի նախատինք։

44 дня боевых действий власть обманывала народ лозунгом 'Мы победим!'

Այսօր լրատվամիջոցներն ահազանգում են դեպի Որոտան այլընտրանքային ճանապարհի շինարարությունը դադարեցնելու մասին (արդեն 4 ամիս շարունակ)։ Գորիս-Կապան ճանապարհահատվածը ադրբեջանցիներին հանձնելուց հետո Որոտանը կարող է հայտնվել մեկուսացման մեջ և կիսել Աղավնոյի ճակատագիրը։

Մարտական գործողությունների բոլոր 44 օրերին իշխանությունը խաբում էր ժողովրդին «Հաղթելո՛ւ ենք» կարգախոսով, թեև պատերազմի 3-րդ օրը դադարեցվել էր զինվորների համալրումն առաջնագծում, իսկ 4-րդ օրը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է դադարեցնել մարտական գործողությունները՝ մեծ կորուստներից խուսափելու համար։ Փաշինյանն անտեսեց այդ զեկույցը, իսկ ավելի ուշ անտեսեց Շուշիի և Հադրութի նկատմամբ վերահսկողության պահպանումով պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը

2021 թվականին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Գասպարյանը նման բան չի ասել, որպես ապացույց հանրությանը ներկայացրեցին նիստի մոնտաժված տեսագրությունը։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բանտից հաստատեց ԱԽ նիստում Գասպարյանի ելույթի փաստը, սակայն հարցը կոծկեցին, ինչպես որ կոծկեցին ազգային և պետական շահերի դավաճանության գործով Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու զոհված զինվորների ծնողների պահանջը:

Երբ իշխող վերնախավին փորձում են հասկացնել, որ խաղաղության պայմանագրի պայմանը պետք է լինի ադրբեջանական զորքերի դուրսբերումը բռնազավթած տարածքից և Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ապա վերնախավը պատասխանում է, թե Հայաստանը նման ռեսուրսներ չունի։ Ալիևն ասում է, թե Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի, ակներև է Փաշինյանի և Ալիևի մոտեցումների լիակատար համընկնումը, մինչդեռ Նիկոլը խոստանում էր լուծում, որը «ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Վաղը ռեժիմը ռեսուրսներ չի ունենա պատասխանելու Վարդենիսը, Սևանն ու հետն էլ Երևանի կենտրոնը հայ բնակչությունից ազատելու ադրբեջանցիների պահանջին

Ողջամիտ ուղեղի համար դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ պետությունը իրավական ոլորտում պահանջներ ներկայացնելու ռեսուրսներ չունի։ Ավաղ, իրականությունը ստիպում է ընդունել, որ իշխող հանցախումբը վախենում է անգամ հիշատակումներից այն մասին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մի բառ անգամ չկա, թե այլընտրանքային ճանապարհի կառուցման արդյունքներով հայերը պետք է հեռանան Բերձորից, Աղավնոյից և Սուսից։ Շեշտեմ ևս մեկ անգամ. Փաշինյանն անկարող է օրինական պահանջներ ներկայացնել, փոխարենը իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն փորձում է պարտադրել ժողովրդին այն միտքը, թե նպատակահարմար է հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ Ցեղասպանության փաստի մոռացության վրա։

Նա չհամարձակվեց նույնիսկ հայտարարել, որ չի բանակցի հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, մինչև որ ադրբեջանական գերությունից չվերադառնան բոլոր հայերը։ Ավելի հեշտ է զանգվածներին պարտադրել խոսնակ Ալեն Սիմոնյանի դիրքորոշումը, որը մասնավոր զրույցում հայտարարեց, որ այդ մարդիկ իր համար գոյություն չունեն։ Ինչո՞ւ ենք մենք բոլորս մեզ պահում այնպես, ասես մեզ համար էլ գոյություն չունեն ադրբեջանական գերության մեջ տառապող հայերը։

Խաղաղություն՝ հակաօրինական պայմաններով

Կառուցողական կուսակցության առաջնորդ Անդրիաս Ղուկասյանն այս ամռանը մատնանշեց Փաշինյանի հրապարակային հրաժարումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից: Մերժման վկայությունը դարձան կուսակցության ղեկավարի պատասխանները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին։ Այդ առանցքային դրույթները, Ղուկասյանի գնահատմամբ, վերաբերում էին Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովմանը, և հենց այդ դրույթներին են կողմ քվեարկել ընտրողները 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում: Ցուցադրական հրաժարումը, օրինակ, Շուշիի ապաբռնազավթման վերաբերյալ դրույթից, Ղուկասյանի խոսքերով, նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն է բացում։

«Փաշինյանը չունի ժողովրդի համաձայնությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու այն պայմաններով, որոնց օգտին ժողովուրդը չի քվեարկել 2021 թվականի հունիսի 20-ին: Փաշինյանը մանդատ չունի իջեցնելու նշաձողը և զրկելու Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքից: Համաձա՞յն է արդյոք հայ ժողովրդի մեծամասնությունը հակաօրինական պայմաններով խաղաղության։ Փաշինյանը խոստացավ գործել օրենքով և խաբեց»,- ընդգծել է Ղուկասյանը։

Տրամաբանություն դրանում առկա է. եթե քաղաքական ուժի առաջնորդը, որը 2021թ. հունիսի 20-ի քվեարկության արդյունքներով գլխավորում է կառավարությունը, հրապարակավ հրաժարվել է իր նախընտրական խոստումներից, ապա նա պարտավոր է ընդունել, որ խաբել է ընտրողներին և հրաժարական տալ։ Այսպես է լինում նորմալ երկրներում, իսկ Հայաստանում արդեն 4 տարի և 3 ամիս շարունակ պետական կառավարումը կառուցվում է գլոբալ խաբեության և գլոբալ դավաճանության վրա։ Զանգվածները չեն նկատում (կամ չեն ուզում նկատել), որ դավաճանությանն ու ստախոսությանը վերջ չկա, որ Կովսականին ու Սանասարին հաջորդեց Փառուխը, իսկ Սև լճի 30%-ին, որի համար Փաշինյանը, իր իսկ խոսքերով, չի պատերազմելու, հաջորդեցին Բերձորը, Աղավնոն ու Սուսը։ Օգոստոսի 25-ին կշրջվի կապիտուլյացիայի ևս մեկ էջ, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, կրկնեմ, ոչ մի բառ չկա այն մասին, թե այլընտրանքային ճանապարհը ենթադրում է 3 բնակավայրերի հանձնում:

Ինչո՞ւ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որպեսզի դադարեցնի այս աղաղակող խայտառակությունը։ Մի՞թե Փաշինյանին հաջողվել է վերջնականապես ընտելացնել զանգվածներին մարդկային ու տարածքային շարունակական կորուստներին։ Ժողովրդին պայքարի հանելու համար ընդդիմությունը պետք է գտնի այս հարցերի պատասխանները։

Ճանապարհային քարտեզը ենթադրում է ընդամենը 3 հանրահավաք և Փաշինյանի հրաժարական

1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն առաջարկել է այդ օրը հանրահավաք հրավիրել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

ԱՅԴՊԻՍԻՆ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՐԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԹԻՎ 1 ԿԵՏԸ։ Օգոստոսի 23-ից հետո հանրահավաք տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։ Այն նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին, իսկ Փաշինյանի հրաժարականին նախորդող վերջին հանրահավաքը, ըստ Ղազարյանի ճանապարհային քարտեզի, տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը։

Ղազարյանը համարում է, որ Փաշինյանի հրաժարականը տեղի կունենա խորհրդարանի պատերի ներսում՝ ժողովրդի ճնշման տակ։ Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը կրկին շարժվում է սահմանադրական ճանապարհով՝ փորձելով մոբիլիզացնել զանգվածներին ռեժիմի դեմ պայքարի։ Կհանգեցնի՞ արդյոք այդ ճանապարհը Փաշինյանի հրաժարականին։ Ձեռքը սրտին դրած՝ փաստենք, որ սահմանադրական միջոցների արդյունքներով Փաշինյանի հրաժարականին արդեն ոչ ոք չի հավատում։ Ասեմ ավելին. այսօր բոլոր ճանապարհային քարտեզներն ու բռնապետի ռեժիմի տապալման սահմանադրական մեթոդների կոչերը հիշեցնում են բացարձակ դատարկախոսություն և ճղճիմ պրոֆանացիա։

Ռեժիմի պարագլուխը վստահորեն շարժվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի տարածքային ամբողջականության ոչնչացման ճանապարհով, ընդդիմությունը ենթարկվում է դաժան բռնաճնշումների, ռեժիմն օգտագործում է զանգվածային բողոքի խաղաղ ցույցերի ճնշման հակասահմանադրական մեթոդներ: Այս իրավիճակում գործնական քաղաքականության ոլորտի զանգվածային հանդիսությունների կազմակերպիչներն իրենց ճանապարհային քարտեզներով առնվազն անհեթեթ են թվում, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանում է հավատալ, թե 3 հանրահավաք անցկացնելով կարելի է ստիպել Փաշինյանին հրաժարական տալ, ապա դա իր անձնական գործն է, թող հավատա, իսկ վերնագրում բովանդակվող հարցի պատասխանը թողնում եմ ընթերցողներին