ԷՊԻԶՈԴԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
«Այն, կարծում եմ, չի համապատասխանում իրականությանը, մենք տեսնում ենք, որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն իսկապես ավելացել է, դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունը նվազած լիներ»։ «Արմենպրես»- ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վիճակագրական կոմիտեի տվյալները՝ առաջին կիսամյակի արդյունքներով գյուղատնտեսության անկման մասին:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. նախարարը, իհարկե, իրավունք ունի չվստահել վիճակագրական կոմիտեի տվյալներին։ Սակայն հենց իրեն՝ նախարարին չվստահելու հիմքերն անհամեմատ ավելի շատ են։ Սա այն նախարարն է, որն անցած տարի խոստացավ հրաժարական տալ, եթե երկրի տնտեսության մեջ երկնիշ աճ չգրանցվի։ Նման աճ, իհարկե, չեղավ։ Բայց Քերոբյանը չհեռացավ։ Նույնիսկ չփորձեց։ Թերևս միայն այդ փաստը բավական է, որպեսզի վիճակագրական տվյալների անարժանահավատության մասին քերոբյանական վարկածը վստահություն չներշնչի։
Ասենք, տվյալ դեպքում հետաքրքիր է մեկ այլ բան։ Այն, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական կոմիտեի ներկայացրած բոլոր բնութագրիչներից նախարարն իրականությանը չհամապատասխանող է համարում միայն գյուղատնտեսական վիճակագրությունը։ Ուշագրավ է դա նրանով, որ հենց և միայն այդ ոլորտն է կիսամյակի արդյունքներով արձանագրել 5,5% տոկոս անկում։ Մնացած բոլոր հիմնական բնութագրիչներով աճ է գրանցվել։
Այսպես, կիսամյակի արդյունքներով 11,8%-ով աճել է տնտեսական ակտիվությունը, 5,8% աճ է արձանագրվել արդյունաբերական արտադրանքի ծավալի մասով, 12,7%-ով ավելացել է շինարարության ծավալը, 10%-ով՝ առևտրաշրջանառությունը, 26,9%-ով աճել է ծառայությունների ծավալը, 14,8%-ով՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, նույնիսկ միջին աշխատավարձն է ավելացել 11,3%-ով, չենք խոսում արդեն գների 8% աճի մասին: Այդուհանդերձ բոլոր այդ, ասենք այսպես, դրական բնութագրիչների պարագայում Քերոբյանը կասկածի տակ չի առնում թվերի հավաստիությունը, վիճակագրության հանդեպ նա դժգոհություններ չունի։ Դրանք (դժգոհությունները) ի հայտ են գալիս միայն այնտեղ, որտեղ կա բացասական ցուցանիշ։ Այսինքն՝ գյուղատնտեսության պարագայում։ Այ այդտեղ նախարարը չի հավատում…
Կրկին իսկ, հավատալը կամ չհավատալը նրա անձնական գործն է։ Բայց այստեղ կա մի փոքրիկ նրբություն։ Ավելի ճիշտ, այդօրինակ երկու նրբություն: Նախ, վիճկոմիտեն առաստաղից չի վերցնում այս կամ այն ցուցանիշները։ Տվյալները տրամադրում են համապատասխան գերատեսչությունները։ Գյուղատնտեսության դեպքում՝ հենց Քերոբյանի գլխավորած նախարարությունը։ Մի տեսակ տրամաբանական է ենթադրել, որ եթե վիճակագրական կոմիտեն ստում է ագրարային մասնահատվածում տիրող իրավիճակի մասին, ապա անում է դա էկոնոմիկայի նախարարության (գյուղատնտեսության ոլորտի համար պատասխանատուի) օգնությամբ և անմիջական մասնակցությամբ։ Եթե պիտի ինչ-որ մեկին կշտամբենք ներկայացված տեղեկատվության անհավաստիության համար, ապա նախևառաջ՝ տեղեկատվության հիմնական աղբյուրին, այսինքն Քերոբյանի գլխավորած նախարարությանը։
Երկրորդ, երբ նախարարը հայտարարում է, թե վիճկոմիտեի տվյալները չեն համապատասխանում իրականությանը, ապա նորմալ և տրամաբանական է զուգահեռաբար ներկայացնել իր կարծիքով հավաստի թվեր։ Մինչդեռ նախարարն այդպիսիք չի ներկայացնում։ Պարզապես վկայակոչում է տրամաբանությունը։ Ասել է թե՝ եթե գյուղատնտեսությունը նվազած լիներ, ապա արտահանման աճ չէր կարող լինել։ Երկաթե տրամաբանություն է, իհարկե։ Բայց այնուամենայնիվ կցանկանայինք դրանից բացի ինչ-որ այլ բան էլ տեսնել։ Օրինակ՝ վիճակագրական այլընտրանքային հաշվարկագիր։
Այո, տրամաբանությունը լավ բան է: Բայց օգտվել դրանից էպիզոդային կերպով, ընտրողաբար՝ բնավ լավագույն տարբերակը չէ։ Այ, չգիտես ինչու ինքը՝ Քերոբյանը, երբ պարբերաբար ազդարարում է աշխատատեղերի բացման մասով ռեկորդների մասին, առանձնապես չի հենվում տրամաբանության վրա։ Այդտեղ նրան չեն մտահոգում ո՛չ թվերի հավաստիությունը, ո՛չ էլ ռեկորդների ծագման աղբյուրները։ Իսկ չէ՞ որ տրամաբանական է ենթադրել, որ նոր աշխատատեղերը, ընդ որում՝ հազարներով հաշվարկվող, պետք է լինեն նոր ձեռնարկությունների, ընկերությունների ստեղծման արդյունք։ Բայց…