ՓԱՇԻՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ
Ապաշնորհ իշխանությունը ինքնաթիռներ էր գնում՝ չունենալով տարրական զրահաբաճկոններ
Այն ժամանակից ի վեր, երբ բանակային բարեփոխումների ոլորտում և ահաբեկչությունը, այսպես ասած, աչքաչափով պարզելու գործում գլխավոր մասնագետ (ինչպեսև ոչ այնքան վաղուց՝ գլխավոր ինֆեկցիոնիստ-համաճարակաբան) դարձան կիսագրագետ վարչապետ Փաշինյանն ու իր նմանները, արդյունքներին երկար սպասելու հարկ չեղավ: Դրանք բոլորն էլ ակներև են և դրոշմված ՔՊ-ական իշխանության «դեմքին»…
Ցուցաշական է, որ «հեղափոխական» իշխանությունը հենց սկզբից և ամենայն լրջությամբ հայտարարեց, թե իրենցից առաջ ավելի քան քառորդ դար շարունակ Հայաստանում արված բացարձակապես ամեն ինչ արատավոր է եղել։ Սակայն չունենալով բանիմաց կադրեր և սեփական նորարարական գաղափարներ ու արդյունավետ ծրագրեր՝ ՔՊ-ականները ժամանակի հետ սկսեցին վերակենդանացնել «նախկինների» բազմաթիվ ծրագրեր, հաճախ մանր «շտկումների» հաշվին ներկայացնելով դրանք արդեն իբրև սեփական մտահղացում։
Եթե խոսենք զինված ուժերի մասին (այլ ոլորտներին կանդրադառնանք ավելի ուշ), ապա բավական է աչքի անցկացնել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, որտեղ բծախնդիր հայացքը կորսա վաղուց ծանոթ բառակապակցություններ. «Պատիվ ունեմ», Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ (ժողովրդի մեջ ՝ 1000 դրամի հիմնադրամ), սպաների բնակարանային ապահովում։ Այս ամենը հորինվել և իրագործվել է նախքան Փաշինյանի խուժանապետության կողմից իշխանության զավթումը։
Հիշենք, 2017 թվականի սեպտեմբերին, «թավշե հեղափոխությունից» մի քանի ամիս առաջ և Արցախում պատերազմից երեք տարի առաջ ՀՀ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը Երևանում ներկայացրեց ռազմական գերատեսչությունում մշակված «Ազգ-բանակ» համակողմանի գաղափարախոսությունը, որի հիմքում դրված էին այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են զինվորական մասնագիտության պատվաբերության բարձրացումը, քաղաքացիական հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների ինտեգրումը, բանակի մատակարարների խրախուսումը՝ տեղափոխելու իրենց արտադրությունները սահմանամերձ գոտի, կուրսանտների որակական պատրաստականության բարելավումն ու զորացրված զինծառայողների անանուն (բայց կոնկրետ զորամասի նշումով) հարցումների անցկացումը՝ կոչված բացահայտելու նրանց ծառայության ընթացքում զորամասում առկա խնդիրները:
Իհարկե, «Ազգ-բանակ» գաղափարախոսության կարևոր ուղղություններից մեկը ռազմական արդյունաբերությունն ամեն կերպ զարգացնելն էր, և նախկին իշխանություններն այն դիտարկում էին ոչ թե որպես տնտեսության ուսերին ծանրացած բեռ, այլ որպես նոր հնարավորություններ։ Պաշտպանական-արդյունաբերական համալիրում արդյունավետ բարեփոխումներ սկսեց իրականացնել պաշտպանության փոխնախարար, Հայաստանի ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը. բացառիկ և, անշուշտ, տաղանդավոր անձնավորություն: Արդեն հեռու չէր այն օրը, երբ Հայաստանից կիրականացվեր սպառազինության և նույնիսկ հանդերձավորման լուրջ արտահանում։ Այսպես, հաշվի առնելով հայ կոշկագործների հաստատուն ավանդույթները, որոշում էր կայացվել Ռուսաստանից ներմուծել համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներն ու մինչև ձմռան սկիզբ էապես ավելացնել մեր արտադրական հզորությունները…
Ավաղ, երբ համեմատում ես մինչնիկոլյան ժամանակների բանակային փայլուն կադրերը նրանց հետ, ովքեր ահա արդեն 4 տարի շարունակ կասկածելի բարեփոխումներ են իրականացնում ՀՀ ԶՈՒ-ում, որևէ այլ հույզեր չես ապրում, բացի դառը վհատությունից ու անզոր զայրույթից։ Անպատեհ սկսված «թավշե հեղափոխությունը» թույլ չտվեց իրականացնել Կարեն Կարապետյանի կառավարության լուրջ մտահղացումները։ Տնտեսությունը պատշաճ կերպով նախապատրաստված չէր պատերազմի, այսինքն չուներ ինքնաբավության բարձր մակարդակ՝ ռազմական պաշարների առկայությամբ։ Այդ խնդիրը դրված էր, բայց Փաշինյանի իշխանության գալուն մնացել էին հաշված ամիսներ…
Հիշենք նաև 2017 թվականի սեպտեմբերին Ավետիք Չալաբյանի՝ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահի և McKinsey&Company խորհրդատվական ընկերության ռուսաստանյան գործընկերոջ իրականացրած բավական օգտակար շնորհանդեսը՝ «Ինչպես մոբիլիզացնել ազգային ներուժը զինված ուժերի կառուցման ոլորտում» թեմայով: Նրա խոսքերով՝ մենք չենք կարող գերազանցել Ադրբեջանին ո՛չ սպառազինությունների մրցավազքում, ո՛չ էլ ժողովրդագրական ցուցանիշներով։ Եթե 1990-ական թվականներին յուրաքանչյուր հայ զինվորին միջին հաշվարկով դիմակայում էր թշնամու 1,5 զինվոր, ապա քառորդ դար անց այդ հարաբերակցությունն արդեն հասել էր 1-ը 4-ի։ Իսկ ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա նավթի հաշվին Ադրբեջանը տարբեր ժամանակներում դրա վրա ծախսել է 3-7 անգամ ավելի շատ միջոցներ, քան Հայաստանը։
Ընդ որում, Ա.Չալաբյանը ոչ միայն բարձրացնում էր հարցերն, այլև առաջարկում դրանց լուծումը։ Այսպես, նրա խոսքերով, Հայաստանը միայն մեկ ելք ունի. եթե մենք չենք կարող հակառակորդի հետ հավասարություն ապահովել կրակային հզորության հարցում, ապա մեր կրակը (մեր զենքը) պետք է լինի բարձր դիպուկության, եթե մենք ի վիճակի չենք ժողովրդագրական հավասարակշռություն ապահովել հակառակորդի հետ, ապա մեր զինվորը պետք է լինի ավելի հմուտ, ավելի կարողունակ և նեղ մասնագիտացած: Այլ ճանապարհ չկար։
Իսկ ի՞նչ արեց այդ առումով 2018-ին իշխանության եկած Փաշինյանը։ Չունենալով հմուտ կադրային ներուժ՝ այդ «բիրդան աղան», նախկին կառավարության կողմից արդեն նախանշված լուրջ խնդիրների լուծման փոխարեն, կենտրոնացավ այն բանի վրա, ինչն ավելի մատչելի էր նրա խորապես գավառական ուղեղին. ելակի ու վարտիքի։ Հընթացս «գերագույն գլխավոր հրամանատարը» կադրային ջարդ էր կազմակերպում ՀՀ ԶՈՒ-ում, միջամտում պաշտպանական պետպատվերին, շոուներ կազմակերպում՝ առանց մարտական լրակազմի ինքնաթիռներ գնելով. մի խոսքով՝ ղեկավարում էր, ինչպես ուզում էր և ինչպես կարողանում էր։
Այսօր այդ «բարեփոխումներ» անվանյալի արդյունքն ակնհայտ է բոլորին ու յուրաքանչյուրին։ 2020թ. սեպտեմբերին Արցախում ճայթած պատերազմն ակներևաբար բացահայտեց ՔՊ-ական իշխանության անգրագետ բարեփոխումների ողջ դատապարտվածությունը, որոնք սաստկացրեցին Հայաստանի անվտանգության ողջ համակարգի խոցելիությունը։ Զինվորները, որոնց ելակ էին խոստացել ճաշի սեղանին, մարտերի ժամանակ օրեր շարունակ մնացել են առանց տարրական հացի ու ջրի, գնված ու գովազդված գրոհային ինքնաթիռները՝ առանց մարտական լրակազմի, պատերազմի բոլոր 44 օրերին կանգնած են մնացել անգարներում՝ որպես անօգուտ բեռ, իշխանությունը ոչ դես, ոչ դեն կոչ էր անում պահեստազորայիններին ու կամավորներին ներկայանալ զինկոմիսարիատներ սեփական զրահաբաճկոններով ու սաղավարտներով, իսկ պետգնումների ցանկից ջնջված «Տոր» և «Պանցիր» համալիրների բացակայությունը անպաշտպան թողեց զորքերին մարտական ԱՕԹՍ-ների օդային հարձակումների առջև։ Եվ ինչպե՞ս կարելի էր այս ամենից հետո թույլ տալ այդ մարդկանց շարունակել ղեկավարել երկիրը։