Սուրեն Սարգսյան․ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահներին պետք է հրավիրի Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ եթե Հայաստանը ինչ-որ բան է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից, ապա այս լարված իրավիճակում պետք է նախաձեռնի և Մինսկի խմբի համանախագահներին հրավիրի Երևան: «Մինսկի խմբի համանախագահող պետությունների հարաբերությունները լարված են, համանախագահող պետությունները փորձում են միմյանց մեղադրել, թե ինչու չի շարունակվում Մինսկի խմբի գործունեությունը: Ամենակարևոր հարցը չենք կարողանում ստանալ՝ ինչ է ուզում Մինսկի խմբից Հայաստանի իշխանությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը:
Միջազգայնագետի կարծիքով՝ Ադրբեջանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը. «Ինչպիսի համանախագահ պետք է ունենա Մինսկի խումբը, գլոբալ առումով Ալիևը չի որոշելու: Եթե այսօր լարված են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, դա չի նշանակում, որ վաղն այդ հարաբերությունները չեն ուղղվելու: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն երեկ նոր համանախագահ նշանակեց: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ Մինսկի խումբը ամենահարմար ձևաչափն է կոնֆլիկտի կարգավորման համար, ինչին Հայաստանից ադեկվատ պատասխան չի հնչում»:
Սարգսյանը ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի կան նաև ոչ ֆորմալ ձևաչափեր ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման գործում. «Բրյուսելյան ձևաչափը ենթադրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են և քննարկում են խնդրի կարգավորումը, իսկ Մոսկվայում երբ հանդիպում են, քննարկում են նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը: Խնդրի կարգավորմամբ զբաղվում է Բրյուսելը, ասելով Բրյուսել՝ պետք է հասկանանք նաև ԱՄՆ, Ֆրանսիա՝ որպես Մինսկի խմբի համանախագահող պետություններ, իսկ մյուս կողմը Ռուսաստանն է: Մոսկվային ասում են՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է քո գլխավորությամբ, դու էլ այս գործընթացը մինչև վերջ տար»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։
News.am