ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
Երեք շարժումները գործում են համաձայնեցված…
Օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում Էդգար Ղազարյանի կազմակերպած հանրահավաքի տեսքով «փորձաքարը» ցույց տվեց, որ փողոցային պայքարն իրեն չի սպառել։
Ընդդիմությունը կարիք ունի այնպիսի ուժի, որը կկարողանա կուտակել բողոքող զանգվածների տրամադրությունները, որպեսզի ճիշտ հունով ուղղորդի նրանց գործողությունները։ Թեժ քաղաքական աշնան հեռանկարով կոնկրետ կանխատեսումներ կանենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 2-ին նախատեսված հանրահավաքներից ու երթերից հետո։ Ակցիաները ծրագրվում է անցկացնել Երևանում, Ստեփանակերտում և հայկական Սփյուռքի մի շարք կենտրոններում։ Երևանում կազմակերպիչը «Դիմադրություն» շարժումն է՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների գլխավորությամբ:
Եթե քաղաքական աշունը ցույց տա, որ հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածը չի վստահում «Անկախություն», «Դիմադրություն» և «Ազատագրում» շարժումներին («Զարթոնք» և «5165» կուսակցություններին), ապա պետք է մտածել ընդդիմության ապագայի մասին։ «Կրկնելու ենք այնքան, մինչև հասնենք նպատակին»,- օրերս երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նկատի ունենալով Փաշինյանին հրաժարական պարտադրելու փորձերը։
Ընդդիմությունը չի կարող հրաժարվել իր նպատակներից, բայց պարտավոր է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու ռեժիմի հանդեպ դժգոհության աճով հանդերձ՝ բողոքի փողոցային ակցիաների մասնակիցների քանակի վրա այդ աճը ոչ մի կերպ չի արտացոլվում։ Բացառված չէ, որ պատճառը ընդդիմադիր գործիչների հետևողական վարկաբեկումն է, որ ծավալել է Փաշինյանի ձեռքից սնվող ֆեյքերի ֆաբրիկան։ Վարչախմբի քարոզչամեքենան Սաղաթելյանին կնքել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «նախագիծ», իսկ Ղազարյանի «Անկախություն» շարժումը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հանդիպակաց նախագիծ»։ Ընդ որում Ղազարյանին հետին թվով մեղադրեցին նրանում, թե իբր՝ մարզպետի պաշտոնում կեղծել է ընտրությունները…
Ընդդիմության համար կարևոր է, որ այդ երեք շարժումները գործում են համաձայնեցված։
Ոստիկանական տեռորին փոխարինելու են եկել ռումբերի մասին ահազանգերը
Մտածող հանրությունը շատ ավելի վստահում է բանտում գտնվող Գերասիմ Վարդանյանին, Գոռ Սարգսյանին, Ավետիք Չալաբյանին և Տարոն Մանուկյանին, քան ամեն օր տեսախցիկների առջև ճամարտակող ԱԺ պատգամավորներին։ Հիշեցնեմ, որ խոսքը քաղբանտարկյալների մասին է, որոնց ռեժիմը պատանդ է վերցրել, և որոնք պահվում են բանտային ծանր պայմաններում։ Այն մասին, որ այդ գործիչներին ներկայացված մեղադրանքները շինծու են, խոսվել է բազմիցս։
«ժողովրդական համախմբում» կուսակցության երիտասարդ առաջնորդ Սուրեն Պետրոսյանը 2 շաբաթ Բերձորում էր՝ փորձելով ինքնապաշտպանություն կազմակերպել։ Օգոստոսի 21-ից հետո վերադառնալով Երևան, նա քննադատության տարափ տեղաց ընդդիմության հասցեին՝ այն բանի համար, որ վերջինս, իբր, գործելու փոխարեն միայն խոսում է։ Պետրոսյանն ասաց, որ հանձնելուց առաջ վերջին օրերին Աղավնո են այցելել արցախցի պատգամավորներն ու Հայաստանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, որոնք, սակայն, չեն աջակցել իր առաջարկին։ Արդյունքում երիտասարդ կուսակցապետը հանգել է անմխիթարական եզրակացության. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, իշխանության և ընդդիմության համատեղ ջանքերով համակարգված ձևով Արցախը հանձնվում է»:
Ժամանակը ցույց կտա Պետրոսյանի իրական տեղը քաղաքական քարտեզում, իսկ մենք մեջբերեցինք նրա խոսքերը՝ ցույց տալու համար, որ գործող քաղաքականության մեջ չափից շատ են պատահական մարդիկ, որոնք փորձում են ինքնահաստատվել ընդդիմությանը հասցեագրվող քննադատության հաշվին։ Դրա համար էլ այդքան շատ են խոսակցություններն ու այդքան քիչ՝ գործողությունները, ընդ որում խոսակցությունների մեծ մասը միտված է ընդդիմությունից դուրս մղել քաղաքական ծանրաքաշներին, որոնք առանց այդ էլ հատուկենտ են... Եթե երեք շարժումներն այս աշնանը գործուն քայլեր չձեռնարկեն դավաճանի ու պոպուլիստի ռեժիմը տապալելու ուղղությամբ, ապա անհրաժեշտություն կառաջանա արմատապես վերակառուցելու ընդդիմադիր դաշտը։
Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ այսօր ընդդիմությունն առավել քան երբևէ կարիք ունի նոր դեմքերի ու նոր գաղափարների, սակայն այդ խոսքերը գործնական մարմնավորում չստացան:
«Դիմադրություն» շարժումը մեծ հնարավորություններ ուներ քննադատորեն տրամադրված ողջ զանգվածը մեկ ճակատի միավորելու համար, սակայն պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում. ռեժիմի հանդեպ դժգոհությունն աճում է, բայց դա կուտակող ու անհրաժեշտ հունով ուղղորդող չկա։ Վերլուծաբանները ընդդիմության ձախողումները վերագրում են 2018թ. ապրիլին Փաշինյանի ավազակախմբի կողմից իշխանության զավթման սցենարը վերարտադրելու փորձին, իսկ քաղաքականության մեջ ցանկացած պատճենում դատապարտված է ձախողման…
Քաղաքականացված հայ հանրությունը դեռ ուշքի չի եկել փողոցային պայքարի մասնակիցների դեմ ոստիկանական տեռորի հարուցած ստրեսից։ Մարդիկ ընկճված են, դրա համար էլ չեն հավատում իշխանափոխության հեռանկարին։ Ստացվում է, որ ոստիկանական գազանությունները (այլ բնորոշումն այստեղ տեղին չէ) ավելի մեծ ազդեցություն են ունեցել զանգվածների վրա, քան չվախենալու և Նիկոլի հրաժարականի պահանջով համարձակ հանդես գալու ընդդիմության կոչերը։
Ոստիկանական տեռորին փոխարինելու են եկել ահազանգերը՝ ռումբերի մասին հաղորդումներով։ Հասարակության ներկայիս վիճակի վերաբերյալ հետաքրքիր դիտարկում է արել Աղասի Ենոքյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյուններից հետո. «Սուրմալու»–ի պայթյունը մի մեսիջ ունի. դուք միշտ պետք է վախենաք: Կարևոր չի, թե ով է սպառնալիքը՝ ադրբեջանցին, թուրքը, ռուսը, քաղաքապետը, հակահրդեհային պաշտոնյան, թե փնթի պարեկը…»,- գրել է քաղաքագետը։
Ենոքյանի վարկածով՝ ռեժիմը որոշել է շարունակել ահաբեկման ուղեգիծ ցանկացած մեթոդներով, քանզի ցանկացած վախ առաջին հերթին կաթվածահար է անում կամքն ու խանգարում պայքարին։
«Իսկական ընդդիմությունը մենք ենք՝ արևմտամետներս»
Եվ այդուհանդերձ ընդդիմության վիճակը բնավ այնքան անհույս չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Այլապես Փաշինյանը չէր հայտարարի սեպտեմբերի 1-ից թոշակների ու նպաստների բարձրացման մասին՝ հունվարի 1-ի փոխարեն։ Աշնանային ավանդական սրացումը գոնե ինչ-որ կերպ մեղմելու փորձն ինքնին խոսուն է, մնում է հասկանալ, թե ով է իրական ընդդիմություն, իսկ ով՝ իշխանությունների նախագիծ։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն օրերս հայտարարեց, թե ժամանակն է ջրբաժան անցկացնել իսկական ընդդիմության և խորհրդարանական ընդդիմության միջև։ Նրա խոսքերով՝ իսկական ընդդիմությունն այն ընդդիմությունն է, որը քննադատում է Փաշինյանին և խորհրդարանական փոքրամասնությանը՝ Ռուսաստանին կողմնակցության համար։
«Իսկական ընդդիմությունը մենք ենք՝ արևմտամետներս, քանի որ ռազմավարական ավելի քիչ կախվածություն ունենք Ռուսաստանից»,- հայտարարեց նախկին վարչապետը։ Դրանք՝ արևմտամետները (խոսքը գաճաճ կուսակցությունների ոչ ֆորմալ կոալիցիայի մասին է) գտնվում են Փաշինյանի հովանու ներքո, ուստի Մոսկվայից ռեժիմի պարգլխի կախվածության վերաբերյալ նրանց քննադատությունն ընդամենը «պատվերով համերգ» է։
Եվ այդ «իսկական» ընդդիմությունը հաստատ չի աջակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տարեդարձին նվիրված ակցիաներին։