ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԺԱՄԸ 19:30-ԻՆ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատգամավոր Աղազարյանը չկողմնորոշվեց և ասաց ճշմարտությունը
Նիկոլական հեռուստաալիքների մեկշաբաթյա մշտադիտարկումը ցույց է տալիս, որ ռեժիմը վախենում է սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված ակցիաներից:
Վերապատմել մտքի անդադար «հեղեղը», որը կոչված է վարկաբեկելու խորհրդարանական ընդդիմությանը, պարզապես անհնար է, ուստի կենտրոնանամ թափառող սյուժեների և թեզերի վրա: Վերջին շրջանում իշխանության հեռուստաալիքների աստղն է դարձել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։ Երկրորդ և երրորդ նախագահների միջև «անհաղթահարելի հակասությունների» մասին հեքիաթը նրա շարադրմամբ առանձնահատուկ հուզական համուհոտ է ստացել։
Քրեական անցյալ ունեցող այդ նորաթուխ կուսակցապետը ամենայն մանրամասնությամբ պատմում էր, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վիճարկում առաջնության դափնին ընդդիմադիր թևում։ Ընդ որում, Սուրենյանցի վարկածով, երրորդ նախագահը երկրորդին մղել է ֆալստարտի՝ Ֆրանսիայի հրապարակում ակցիաների տեսքով, իսկ ներկայումս դրդում է «Դիմադրություն» շարժմանը հնչեցնել վարչապետի պաշտոնի իր թեկնածուի անունը: Եթե շարժումը նշի իր թեկնածուի անունը, ապա դա կհանգեցնի «ընդդիմության փոշիացման» (Սուրենյանցի բնորոշումը)։
Ի դեպ, ինքն անձամբ մասնակցել է «Հայրենիքի փրկության շարժմանը», որը ծրագրում էր ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը Փաշինյանի հրաժարականից հետո։ Ի արդարացում իրեն, Սուրենյանցն ասաց, որ շարժման շարքերում մնացել է ընդամենը 20 օր, այսինքն՝ մինչև որ իրեն հայտնի է դարձել, թե Մանուկյանի թեկնածությունը համաձայնեցված է Մոսկվայի հետ։ Ներկայումս Սուրենյանցի կուսակցությունը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին 5 համայնքներում, ընդ որում ակնհայտ է, որ դրանցից ոչ մեկում նրան չի հաջողվի ներկայացուցչություն ունենալ։ Փոխարենը՝ Սուրենյանցն այս ամռանը առկայծեց իշխանության բոլոր հեռուստաալիքներում, շարունակ կրկնելով ընդդիմության ներսում «պառակտման» և երկրորդ ու երրորդ նախագահների միջև «տարաձայնությունների» մասին հեքիաթը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պակաս «հեռատես» գտնվեց այն առումով, որ միանգամից չհասկացավ, թե ինչու են իրեն հրավիրել եթեր, իսկ երբ հասկացավ, արդեն ուշ էր։ Նա հասցրել էր ասել, որ Քոչարյանի և Սարգսյանի միջև բոլոր տարաձայնությունները գեղարվեստական հորինվածքի շարքից են, և որևէ գլոբալ տարաձայնություններ նրանց միջև չկան։ Մի խոսքով, պատգամավոր Աղազարյանը չկողմնորոշվեց և ասաց ճշմարտությունը, ինչով խիստ «քաշեց» իր տիրոջը…
Սխալների հետ անսահմանակցելի մեղք …
Նախագահների մասին օրերս հիշեցրեց նաև փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Երեք նախագահներին մեղսագրվող բոլոր մեղքերը եթե վերցնենք մի հանրագումարի մեջ ու բարձրացնենք խորանարդ աստիճանի, միայն Նիկոլ Փաշինյանի մեղքերի քառակուսի արմատը որ իջեցնենք՝ էլի չեն սահմանակցելու»։
«Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելուց, 44-օրյա պատերազմում պարտվելուց և արտաքին քաղաքականության ներկա փուլից հետո ռեժիմին այլ ելք չի մնում, քան խստացնել ռեպրեսիաները։ Չի կարելի Հայաստանի Հանրապետությունը կոչել իրավական պետություն։ Ավելին. վերապահումով կարելի է Հայաստանն առհասարակ կոչել պետություն։ Իսկ իրավական, սոցիալական պետության մասին խոսելն արդեն անհեթեթ է», - արձանագրեց փաստաբանը։ Եփրիկյանը հիշեցրեց, թե ինչպես է 4 տարի առաջ Փաշինյանը հնչեցրել հետևյալ հայտարարությունը. «Ես քննիչին ցուցում եմ տվել, որ իմ բարեկամի նկատմամբ քրեական գործ հարուցեն»։ Այդ ժամանակից ի վեր, փաստաբանի խոսքերով, քննիչներին ցուցումներ են տրվում մշտապես...
Իսկ հիմա գլխավորի մասին
Սեպտեմբերի 2-ի ժամը 19:30-ին մեզանից յուրաքանչյուրին սպասում են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկելու են «Դիմադրություն» շարժման ակցիաները՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին: Նույն օրը ակցիաներ տեղի կունենան Ստեփանակերտում և Սփյուռքի մի շարք համայնքներում: Դրանք մեկնարկ կտան ռեժիմի տապալման համար փողոցային պայքարի նոր փուլին։ Միայն այդպես կարելի է թույլ չտալ կապիտուլյանտին խաղաղության պայմանագիր ստորագրել Ալիևի պայմաններով, պահպանել Արցախի Հանրապետությունից մնացած պատառիկը։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին մեզանից յուրաքանչյուրի պարտքն է գալ Ֆրանսիայի հրապարակ: 31 տարի առաջ այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը։ Նիստում ընդունվեց որոշում, որի առաջին կետով հռչակվեց ԼՂՀ-ն։ Հանրապետության կազմում ընդգրկվեցին նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքները։
Ռեժիմը հույս է փայփայում, թե կոտրել է դիմադրությունը ոստիկանական տեռորի, անթիվ ձերբակալությունների և փողոցային պայքարի մասնակիցների նկատմամբ բռնության միջոցով։ Պետք է ցույց տալ, որ դա այդպես չէ, որ ժողովուրդը կոտրված չէ, որ պայքարը շարունակվում է։
Խրամորթի, Բերձորի, Աղավնոյի բնակիչների ճակատագիրը սպառնում է յուրաքանչյուր հայի
Սեպտեմբերի 2-ին պետք է գալ Ֆրանսիայի հրապարակ՝ հիշեցնելու համար Տարոն Մանուկյանի, Գոռ Սարգսյանի, Գերասիմ Վարդանյանի և մյուս քաղբանտարկյալների մասին, որոնց պահում են բանտային ծանր պայմաններում։ Պետք է գալ՝ կանգնելու 44-օրյա պատերազմում զոհված 5 հազար հայրենակիցների տեղում, պետք է գալ, որպեսզի Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս ոմանք հասկանան, որ անհնար է ժողովրդին քշել ռեժիմի ստրուկների ախոռն ու ստիպել նվաստացումներ հանդուրժել մի կույտ լկտիացած «ուսապարկերից» ու նրանց պարագլխից։
Տողերիս հեղինակը պատրանքներ չունի նրանց վերաբերյալ, ովքեր վաղը կմնան տանը։ Բայց թող այդ մարդիկ չզարմանան, եթե մինչև ցրտերն ընկնելը ադրբեջանցի զավթիչները ևս 4 տասնյակ կիլոմետր խորանան Հայաստանի տարածքում։ Նրանք, ովքեր կապ չեն տեսնում սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի հրապարակում մարդկանց թվաքանակի և Հայաստանի սողացող բռնազավթման միջև, արժանի են կարեկցանքի։ Նրանց, ովքեր կարծում են, թե ձեռքը թափ տալով Արցախի ճակատագրի վրա՝ կարելի է հանգիստ թաքնվել սեփական տան դռան հետևում, սպառնում է Խրամորթի, Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչների ճակատագիրը։
Եվ նաև շուռնուխցի դեռահասի ճակատագիրը, որն իր բարեկամների տան պատշգամբից ամեն օր տեսնում է, թե ինչպես են ադրբեջանցիները տեր ու տնօրինություն անում իր հայրական տանը, որը պոկել են «ջի-փի-էս»-ի միջոցով։
Ալիևը չի թաքցնում նկրտումները Զանգեզուրի, Սևանի ու Երևանի նկատմամբ։ Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե կդառնան արդյոք այդ նկրտումները իրական քաղաքականության փաստ, թե արժանի հակահարված կստանան։ Քանի դեռ մենք հանդուրժում ենք վարչապետի աթոռին բազմած Բաքվի և Անկարայի փոխանորդին, Հայաստանն ու Արցախը դատապարտված են նոր ցեղասպանության։ Այդ սպառնալիքը բնավ տեսական ու վիրտուալ չէ. այն բառացիորեն կանգնած է յուրաքանչյուր հայի շեմին։ Զավթիչները կրակում են մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա և սպանում հայ զինվորներին Երևանի կենտրոնից 200 կմ հեռավորության վրա։
ՀՀ Սահմանադրության 1-ին գլխի 1-ին հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Այդ սահմանումներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանի քաղաքականությունը, որն ուղղված է իշխանության պահպանմանը մշտական զիջումների միջոցով, հանգեցրել է ինքնիշխանության զգալի կորստի։
Հայաստանի մասին՝ որպես «ժողովրդավարության բաստիոնի», այսօր հիշում են լոկ այն հղումով, թե ինչպես Փաշինյանը խաբեց ժողովրդին։ Ի՞նչ ժողովրդավարություն՝ հավաքների և խոսքի ազատության քաղաքացիների իրավունքների տոտալ ոտնահարման պայմաններում: Ի՞նչ սոցիալական պետության մասին կարելի է խոսել, երբ, Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանի բնակչության ավելի քան 47%-ը աղքատ է։ Քաղաքացիների իրավունքները խախտվում են ամենուր, ռեժիմը քաղաքական հալածանքների ուղեգիծ է բռնել՝ քրեական հետապնդումների շղարշի տակ։
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը գործում է ընտրողաբար և օգտագործվում որպես մահակ՝ ռեժիմի քաղաքական հակառակորդների վրա ազդելու համար: Նույն գործառույթն են կատարում հակակոռուպցիոն կառույցները, ինչպես նաև քաղաքականացված ԱԱԾ-ն ու ոստիկանությունը։ Երեք նախագահներն էլ ունեցել են սխալներ, բայց փաստաբան Եփրիկյանն իրավացի է՝ պնդելով, որ Փաշինյանի մեղքը չի դիմանում ոչ մի համեմատության։
Ասենք, այդ մեղքը սահմանակից է դիտավորությանը. ի տարբերություն նախագահների՝ կապիտուլյանտն արդեն 4 տարի և 3 ամիս շարունակ ամեն օր ու նպատակաուղղված իրականացնում է հայկական երկու պետությունների ոչնչացման գործում Ալիևի և Էրդողանի փոխանորդի գործառույթները։ Փոխանորդին օգնում էր թիվ 4 նախագահը, այժմ օգնում է թիվ 5-ը: Վաղը անհրաժեշտ է գալ Ֆրանսիայի հրապարակ՝ վերջ դնելու պետական և ազգային շահերի դավաճանությանը։