ԿԱՐԱԳ ՈՒ ՇԱՔԱՐ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԹԵԿՈՒԶ ԲԻՇՔԵԿ, ԹԵԿՈՒԶ ՄՈՍԿՎԱ
Ինչո՞ւ են Հայաստանում ապրանքներն ամենից թանկը ԵԱՏՄ և ԱՊՀ տարածքում
Օգոստոսին 12-ամսյա գնաճը (2021թ. օգոստոսի տվյալների համեմատ) Հայաստանում կազմել է 9,1%՝ նախորդ ամսվա ընթացքում ավելանալով ևս 0,2%-ով: Այս մասին է վկայում սեպտեմբերի 5-ին Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփիչ զեկույցը։
Միջին գնաճի պաշտոնական հաշվարկում, առաջին անհրաժեշտության ապրանքների հետ մեկտեղ, ընդգրկվում են նաև այնպիսիք, որոնք միջին վիճակագրական քաղաքացին գնում է չափազանց հազվադեպ, եթե ընդհանրապես գնում է: Ինչ-որ չեմ հիշում, օրինակ, որ ես երբևէ կղմինդր կամ մեծ տրամագծով խողովակներ գնած լինեմ։ Փոխարենը ամենօրյա ռեժիմով պետք է գնել սննդամթերք և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, որոնք մեկ տարվա ընթացքում թանկացել են 12,5%-ով։ Ուզես թե չուզես, բայց ստիպված ես ծախսել նաև տրանսպորտի վրա, որի ծառայությունները թանկացել են 8,7%-ով։ Մերկ ու ոտաբոբիկ էլ ման չես գա, մինչդեռ հագուստն ու կոշկեղենը տարվա կտրվածքով թանկացել են 10,5%-ով։ Սպառողական բարձր հետաքրքրություն է սովորաբար սևեռված նաև բենզինի և դիզվառելիքի գների դինամիկային, որոնք թանկացել են համապատասխանաբար 6,5 և 38 տոկոսով։ Եվ այլն, և այդպես շարունակ:
Սա նշում ենք՝ նկատի ունենալով, որ լայն հասարակայնությանը սովորաբար հետաքրքրում են սննդամթերքի գները, հետո՝ վարտիքի ու կոշիկի, և միայն 10-րդ հերթին քաղաքացիներին գուցեև հետաքրքրեն մեխերի ու մեծ տրամագծով խողովակների գները, թեև դա էլ բնավ փաստ չէ։
Ահա ուրեմն, ինչ վերաբերում է սննդամթերքին. գրեթե բոլոր մթերատեսակները մեկ տարվա ընթացքում թանկացել են երկնիշ տեմպերով։ Արագ աչքի անցկացնենք դրանցից հիմնականները։
Հացամթերքն ու ձավարեղենը թանկացել են 20,2%-ով (ս.թ. օգոստոսի տվյալներով՝ 2021թ.օգոստոսի համեմատ), միսը՝ 12%-ով, կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ 13,6%-ով, միրգը՝ 16,5%-ով, շաքարը, մեղրն ու շոկոլադը՝ 8,4%-ով, սուրճը, թեյը և կակաոն՝ 12,1%-ով, հանքային և աղբյուրի ջուրը՝ 9,4%-ով, օղին՝ 10,1%-ով, գարեջուրը՝ 9,5%-ով, ծխախոտը՝ 9%-ով, ալյուրը՝ 16,6%-ով, արևածաղկի բուսայուղը՝ 2,4%-ով, մակարոնեղենը՝ 32,7%-ով: Եվ այսպես շարունակ՝ նույն ոգով: Միակ մխիթարանքն այս «կյանքի տոնում» բանջարեղենն է, որի գները նվազել են 5,5%-ով, սակայն լոկ այն բանից հետո, երբ մինչ այդ հասել էին աննախադեպ բարձունքների։
Փաշինյանի կառավարության չինովնիկները, ասենք՝ նաև ինքն անձամբ, ի պատասխան այն մեղադրանքների, որ իշխանությունը ոչինչ չի անում երկրում մոլեգնող գնաճը սանձելու համար, սովորաբար պատճառաբանում են դա նրանով, թե «այդպես է ողջ աշխարհում»։ Հատուկ նրանց համար Armstat-ը ներկայացնում է այս տարվա հուլիսին ԵԱՏՄ և ԱՊՀ տարբեր մայրաքաղաքներում հիմնական պարենային ապրանքների գների կոմպարատիվ (համեմատական) վիճակագրությունը՝ արտահայտած ՌԴ ռուբլիով։ Եվ ի՞նչ է պարզվում։
Առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկությամբ Երևանը զբաղեցնում և ամուր պահպանում է բնավ ոչ պատվաբեր 1-ին տեղը։ Ճիշտ է, որոշ մթերքների գներով մեր մայրաքաղաքը զիջում է, բայց միայն Մոսկվային, որն, իմիջիայլոց, արևմտյան կոշտ պատժամիջոցների տակ է։ Այսպես, տավարի միսը (ոչ անոսկորը) Երևանում արժե 585 ռուբլի, իսկ Մոսկվայում՝ 602։ Սակայն մյուս բոլոր մայրաքաղաքներում, որոնց հետ մենք, ըստ էության, տնտեսական նույն գոտում ենք, այդ միսը շատ ավելի մատչելի է բնակչությանը. Մինսկ՝ 239 ռուբլի, Նուր-Սուլթան՝ 325, Բիշքեկ՝ 383, Դուշանբե՝ 363, Տաշքենդ՝ 341 ռուբլի։
Տարբերությունը կարելի է զգալ նաև կարագի օրինակով, որը Երևանում արժե 922 ռուբլի, իսկ Մոսկվայում՝ քիչ ավելի. 1095 ռուբլի։ Մինչդեռ Մինսկում այն արժե 490 ռուբլի, Նուր-Սուլթանում՝ 443, Դուշանբեում՝ 724, Տաշքենդում՝ 383, իսկ Բիշքեկում՝ ընդամենը 307 ռուբլի։ Երևանը թանկությամբ միայն Մոսկվային է զիջում նաև եփած երշիկեղենի, թարմ կաթի, բարձր կարգի հացի, խնձորի գներով։
Բայց ամենացավալին այն է, որ առաջին անհրաժեշտության որոշ մթերատեսակների գներով մեր մայրաքաղաքը բացարձակ առաջատար է, այսինքն գերազանցում է նույնիսկ պատժամիջոցների տակ գտնվող Մոսկվային, չենք խոսում արդեն մյուս մայրաքաղաքների մասին։ Օրինակ, Երևանում արևածաղկի ձեթն արժե 187 ռուբլի, իսկ Մոսկվայում՝ զգալիորեն ավելի էժան. 139 ռուբլի։ Բոլոր մայրաքաղաքներին, այդ թվում՝ Մոսկվային, գերազանցում է Երևանը նաև ձվի, շաքարի, բարձր կարգի ցորենի ալյուրի գներով։
Դե, ի՞նչ կասեք, պարոնայք ՔՊ-ականներ։ Թեպետ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պատասխանը՝ Վինի Թուխի ոգով, հայտնի է կանխավ. «սխալ մեղր է», այսինքն՝ սխալ մեթոդաբանություն։ Հետաքրքիր կլինի այս առնչությամբ լսել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։ Ինչ-որ տարօրինակ ու անբնական բան չի՞ տեսնում արդյոք ՄՊՀ ղեկավարը ստեղծված իրավիճակում։