«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ ՉԿԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ երիտասարդների, որոնք Starmus փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգից հետո, ոգևորվելով, հայրենասիրական երգեր են երգել և շուրջպար բռնել Երևանի Ազատության հրապարակում, իր էջում հայտնել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ուղեկցելով գրառումը համապատասխան տեսանյութով:
Թերեվս, երիտասարդներին մոտեցած ոստիկանության աշխատակիցներին է միայն հայտնի, թե ինչու չի կարելի հայրենասիրական երգեր երգել Արցախի, Նախիջևանի, հայերի համախմբման մասին և պարել։ Սերը Հայրենիքի նկատմամբ և ընդհանրապես այն ամենը, ինչը բարձրացնում է հայրենասիրական, ազգային ոգին, հարգի չեն ներկայիս իշխանության կողմից։ Այժմ Էկոնոմիկայի նախարարը, պատասխանելով երիտասարդների հարցերին, հորդորում է, թե Թուրքիան հանգստի ամենասիրելի ուղղություններից մեկն է հայերի շրջանում։ Այժմ դպրոցներում այլևս չեն ուսումնասիրում «Հայ Եկեղեցու պատմություն», կրճատված տարբերակով են անցնում ռազմագիտությունը, իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունն իսպառ բացակայում է։ Այժմ ավագ դպրոցների աշակերտները ուսումնասիրում են ադրբեջաներեն ու թուրքերեն և, ինչպես պնդում է կրթության նախարարությունը, մեծ պատրաստակամություն են հայտնել այդ հարցում։ Այժմ բուհերն իրենց ցանկությամբ կարող են որոշել, թե ներառեն արդյոք հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայ ժողովրդի պատմությունը պարտադիր առարկաների ցանկում։ Այժմ բուհերն աշխատանքից հեռացնում են բարձր որակավորում ունեցող դասախոսներին այն բանի համար, որ նրանք սիրում են իրենց Հայրենիքը և չեն լռում այդ մասին։ Այժմ բուհերը ուսանողների պակասի կամ բացակայության պատճառով միավորում են ամբիոնները, լուծարում հեռակա ուսուցման բաժինները…
Իհարկե, բոլոր այս վայ-բարեփոխումները իշխանությունը հրամցնում է գեղեցիկ «փաթեթավորմամբ»։ Օրինակ, թե «մենք պետք է ունենանք ընդհանուր պատմություն, որպեսզի ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ՝ մեր բոլոր հաջողություններով ու ձախողումներով», և «Հայ Եկեղեցու պատմությունը պետք է պատշաճ ձևով ներկայացվի Հայաստանի ընդհանուր պատմության մեջ», ինչպես «պարզաբանեց» Փաշինյանը 2019-ի նոյեմբերին իր ֆեյսբուքյան լայվերից մեկում։ Կամ, օրինակ, «մեր բուհական համակարգը պետք է մրցունակ լինի առաջատար բուհերի հետ», իսկ դրա համար բնավ պարտադիր չէ «Հայոց լեզվի», «Հայոց պատմության» և «Հայ գրականության» դասավանդումը մեր բուհերում», բավական է, իբր, նայել, թե «արդյոք անգլերենը և ԱՄՆ-ի պատմությունը պարտադիր առարկաներ են համարվում Հարվարդի համալսարանում, և մի՞թե բոլոր ուսանողները պարտադիր պետք է ուսումնասիրեն դրանք՝ անկախ ընտրած մասնագիտությունից», ֆեյսբուքյան նույն այդ ուղիղ եթերում նյուվասյուկիական զուգահեռներ էր անցկացնում Փաշինյանը։ Այժմ նսեմացել են դպրոցներում ադրբեջաներենի և թուրքերենի ուսումնասիրության և փողոցում ազգային-հայրենասիրական երգ ու պարի արգելման աստիճանի…
Իսկ ահա նաև այլ զուգահեռներ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Վերջերս Թուրքիայում կայացած խորհրդաժողովում Ալիևը, խոսելով կրթության մասին, այսպիսի միտք է հայտնել. «Կրթությունը մեզ համար շատ կարևոր է։ Այն դաստիարակում և կրթում է հայրենասերների, որոնք հողեր են վերադարձնում։ Մենք նրանց մոտիվացնում ենք։ Նվիրումը ամենամեծ առաքելությունն է»։
Ի՞նչ է անում Հայաստանը. երկու տարի առաջ ՀՀ ԿԳՄՍ-ն հանկարծ իր կայքում զետեղեց գաղտնիության պայմաններում մշակված «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների դասավանդման հայեցակարգն ու չափորոշիչները։ Եվ պարզվեց, որ աշխատանքային խմբի անդամների մեծ մասը ո՛չ մասնագետ է, ո՛չ էլ առարկայի դասավանդման փորձ ունի։ Պարզվեց նաև, որ նրանց մեծ մասը թուրքերի հետ համագործակցության մեծ փորձ ունի, անգամ որոշ բաժիններում ներառել են թուրքական կողմի մոտեցումները։
Ըստ էության, մինչ «հաշտություն» և «եղբայրություն» արևելյան հաշիշ-դիսկուրսով թմրեցնում ու բթացնում էին հայ հասարակությանը, մինչ ակադեմիական շրջանակներին հեռու էին պահում և օտարում չափորոշիչների մշակման գործընթացից, մինչ ազդեցության գործակալների հայկական ցանցը թուրքից «եղբայր» էր կերտում, իսկ նախկիններին հրեշայնացնում, հերոսներին նսեմացնելով՝ սպանում, պատմությունից ջնջում էին մեր ազգային-ազատագրական պայքարը, և մեր հասարակությունը սրընթաց ապազգայնանում էր, կեղծիքի ու ստի մեջ կորցնում բարոյական ուղենիշները, ինքնությունը։
Իսկ այդ ընթացքում «խաղաղասեր եղբայր» Թուրքիայում բայրաքթարներ էին արտադրում, Ադրբեջանում «հայրենասերներ» էին կրթում, իսկ մեր բանտերը՝ լցվում քաղաքական այլախոհներով. սրանք թշնամի մեր մեջ էին որոնում. արժանապատվություն ու Հայրենիք չուրացողների մեջ։
Ու մանկուրտացած այս միջավայրում վարչապետն ու իր հետևորդները նախընտրում են Քելբաջար, Էյվազլի և Չայզամի ասել, Շուշիին՝ Շուշա, ու առահասարակ՝ դժգույն ու դժբախտ։
Մեկ անգամ էլ կարդացի-թերթեցի կառավարության կողմից հաստատված «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ» նախագիծը։ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ բառն այնտեղ չկար։ Մենք ինքնասպանություն բովանդակությամբ խաղաղություն ենք բեմադրում»։