Ռուբեն Վարդանյանն այցելել է Բերդաձորի ենթաշրջանի համայնքներ և հանդիպել բնակիչների հետ

Հայտնի գործարար, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն այցելել է Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող, Լիսագոր համայնքներ և տեղի բնակիչների հետ զրուցել բնակավայրերի զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին Վարդանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Երեսուն տարվա ընթացքում արցախցիներն իրենց հողը պահել, շենացրել են՝ հույսով, որ անվտանգ են ապրելու: Այսօրվա մեր անելիքն է ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը: Համոզված եմ՝ պետք է սկսել գյուղերից, ամրացնել մեր տան՝ Արցախի պատերը:

Որովհետև գյուղերը պահելով ենք պահպանելու Արցախը: Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող, Լիսագոր համայնքների ներկայացուցիչների հետ խոսել ենք երիտասարդներին գյուղական կյանքին ակտիվ մասնակից դարձնելու, գյուղը նրանց միջոցով զարգացնելու անելիքների մասին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։

Armenia Today