ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ
«Առավոտյան 08։00-ից սկսած, հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արամ Թորոսյանը: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, վաղ առավոտից Սիսիանում Իշխանասարի հատվածում մարտական գործողությունները վերսկսվել են, ծանր մարտեր են ընթանում, հակառակորդը գնդակոծում է զինվորական հոսպիտալը, խաղաղ բնակչությանը, մոտակա գյուղերն ու տները, տարհանվել են կանայք, երեխաներն ու տարեցները:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՄՆ ԼԻՆՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԴԱՌԸ, ԱՅԼԵՎ ԴԱԺԱՆ։ Երիտասարդ տղաները, բնավ ոչ լավագույնս զինված, դիմակայում են մինչև ատամները զինված, ռազմական տեխնիկայի վերջին խոսքով հանդերձավորված, լավ պատրաստված, թուրքական և իսրայելական ԱՕԹՍ-ների շնորհիվ օդում լիակատար գերազանցություն ունեցող ագրեսորին։ Մեր նորակոչիկ զինվորները զսպում են ագրեսորին բառացիորեն սեփական կյանքի գնով։
Ո՞վ է պատասխանատու զոհված տասնյակ, եթե ոչ ավելի մեծ թվով երիտասարդների մահվան համար։ Զոհերի վերաբերյալ վերջին տվյալները Պաշտպանության նախարարությունն առայժմ թաքցնում է։
Ո՞վ է կրում այդ պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյա՞նը։ Դա ճշմարտության մի մասն է, այսօր արդեն այնքան ակնհայտ, որ նույնիսկ արդիական չէ։ Անմիջական պատասխանատվություն են կրում նաև այն 680 հազարը, որոնք 2021-ի հունիսին կողմ քվեարկեցին երբեք և ոչ մի մեղք չունեցող «մոդերատորի» օգտին։ Այդ 680 հազարն ամբողջությամբ կիսում է իշխող թիմի պատասխանատվությունը երիտասարդ հայրենակիցների մահվան համար։ Որոնք զոհվում են, որպեսզի Փաշինյանի խորհրդարանական ձեռնասուն մակակները համերաշխ ու ճշտակատար սեղմեն անհրաժեշտ կոճակները, իսկ հետո գործադիր իշխանությունից ստանան իրենց վաստակած բանանները։
«Եկեք պատմեմ ձեզ, թե ոնց է ամեն ինչ լինելու։ Պայմանավորված պատերազմ կսկսվի, հետո այս ներքին թուրքը կհայտարարի, թե այլ ելք չի ունեցել։ Ե՛վ Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում, և՛ Սյունիքը կտա, և՛ էյվազլին չայզամիով հանդերձ։ Իսկ երևանցիները էշի ականջում կքնեն այնքան ժամանակ, մինչև որ ադրբեջանական գնդակը կչլմփա Կասկադում ուղիղ իրենց սուրճի բաժակի մեջ»: Այս խոսքերը պատկանում են վերջերս հենց նիկոլական դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին։
Իսկ ի՞նչ անել։ ՄԱԿ, ՀԱՊԿ, Պետդեպարտամենտ, Ռուսաստան, Թեհրան, Փարիզ... Այս ամենը կարևոր է, շատ կարևոր։ Ահավասիկ ԱԳՆ-ը հայտնում է, որ Լյուքսեմբուրգն էլ է հանդես է եկել հայտարարությամբ։ Կեցցե՛ս, Լյուքսեմբուրգ, իսկական ընկեր....
Ոչ ոք ի վիճակի չէ բուժել ուղեղից հիվանդին, եթե հիվանդն ինքը համառորեն չի ցանկանում բուժվել։ Մենք փաստացի երկու ճակատ ունենք. մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին։ Առաջինը մեր երիտասարդ տղաներն են պաշտպանում իրենց կյանքի գնով, և այստեղ նրանց կարող է օգնել վերոնշյալ և այլ դերակատարների դիվանագիտական աջակցությունը։ Բայց Հայաստանում և Արցախում հայոց պետականությունը հետևողականորեն ոչնչացնող ներքին թշնամու հարցերը լուծել մեզ ոչ ոք չի օգնի։ Դա բացառապես մեր գործն է։ Ժամանակը սուղ է, մնացել են հաշված շաբաթներ, եթե ոչ օրեր։
Կա՛մ մենք հեռացնում ենք այս... հարմար մակդիրներ չկան բնորոշելու համար։ Կա՛մ կլինի ագրեսիայի նաև երրորդ ալիքը։ Ապա չորրորդ ալիքը, և հինգերորդը: Այնքան, մինչև որ լուծենք այդ խնդիրը։ Դե, իսկ եթե ի վիճակի չենք լուծել դա ցանկացած դասավորության պարագայում, ապա կիրականանան Արմեն Գրիգորյանի խոսքերը, և հետևաբար՝ պետք է թուրքերեն սովորել։ Ամենայն ջանասիրությամբ։ Օրինակ վերցնել Փաշինյանից, որն արդեն սերտել է թուրքերեն տեղանունները։
Ուրիշ էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի ժողովրդի ոչ թե մի մասին, ոչ թե նրա մեծամասնությանը, այլ բոլորին վերջապես պարզ դառնա. այս ապիկար իշխանությանը հեռացնելը ամենաագործուն, եթե ոչ միակ բանն է, որ պետք է անել Հայաստանի քայքայման ու ոչնչացման գործընթացը կասեցնելու համար։ Որպեսզի նորակոչիկների թափած արյունն ապարդյուն չլինի։ Որպեսզի վերջապես մենք գոնե ինչ-որ բարոյական իրավունք ունենանք այցելել այն տղաների շիրիմներին, որոնց կյանքը պարտավոր էին, բայց չկարողացանք պահպանել։
Հ.Գ.- Տելեգրամ-ալիքներից մեկի գրառումը. «Շնորհակալ եմ» բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ հասկանում են ու ոչինչ չեն անում։ Չկա ավելի սարսափելի բան, քան գնալ մարտի՝ գիտակցելով, որ հրամանատարդ դավաճանական ռեժիմն է և ի վերջո կրկին դավաճանելու է քեզ ու բոլոր նրանց, ովքեր կողքիդ ուս-ուսի տված անում են ամեն ինչ հանուն Հայրենիքի»։