ՁԻԵՐԻՆ ԳԵՏՆ ԱՆՑՆԵԼԻՍ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ, ՄԻՆՉԴԵՌ ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԱՆՑԱՏԵՂՈՒՄ

Ուղղակի սահմռկում ես այն կանխազգացումից, որ համայն ժողովուրդը շուտով ողջ բազմությամբ կնետվի փակելու երևանյան փողոցները՝ «Քայլ արա, մերժի՛ր Զասին» կատաղի գոչյուններով, իսկ առավել եռանդուն բողոքավորները, դագաղներն ուսերին, կվազեն ռուսական դեսպանատան առջև պատկերելու ՀԱՊԿ-ի խորհրդանշական թաղումը։ Եվ կրկին, ինչպես 2018-ին, ինչ-որ մեկը ստիպված կլինի խռպոտելու աստիճան կոկորդ պատռել՝ կոչ անելով ու աղաչելով հանդարտվել, չծիծաղեցնել աշխարհին ու բախտը չփորձել։

Այո, բնականաբար, մարդիկ կատաղած են մազութային թերպետության ղեկավարի մահաբեր արարքներից, վրդովված են իրենց լիակատար անօգնականությունն ու երկչոտությունը բյուրոկրատական քաշքշուկի հետևում թաքցնելու ՀԱՊԿ-ի գեներալների ապաշնորհ փորձերից, նրանք նաև զայրացած են Պուտինի և Էրդողանի սամարղանդյան թևանցուկ  զբոսանքներից՝ հենց այն ժամանակ, երբ թուրանական շները մասնատում էին զոհված հայ զինծառայողուհու մարմինը…

Սակայն փոթորկվող հույզերի ողջ ըմբռնումով և նույնիսկ արմատական հակառուսական ալիքին միանալու գայթակղությամբ հանդերձ՝ պետք է դիմել զայրացած զանգվածներին կոչով. կա՛նգ առեք և հանդարտվե՛ք: Դեռ բոլորովին վերջերս՝ 4 տարի առաջ, նույնպիսի փոթորկվող հույզերի ազդեցությամբ դուք ոտքը դրեցիք նույն փոցխին, իսկ ավելի ճիշտ՝ քաշեցիք ձգանը, կրակելով հայոց պետականության սրտին, երբ էյֆորիայի ալիքի վրա քրջոտներին ու բոսյակներին քաղաքական աղբանոցից քարշ տվեցիք իշխանության բարձունք։

Եվ ներկայումս ստեղծված իրավիճակը նիկոլական հերետիկոսության ու պոպուլիզմի ազդեցությամբ բնակչության մեծամասնության ուղեղի համատարած մթագնման անմիջական հետևանքն է։ Այնպես որ գոնե հիմա մի փորձեք կրակել սեփական քունքին։

Բայց ախր փորձո՛ւմ են

Մոլի ռուսատյացները, իշխանությամբ օժտված քաղաքական անբուժելի շառլատանների հավանությամբ, արդեն տեսնում են ԱՄՆ-ին մեր դաշնակցի դերում, իսպառ անտեսելով իրենց պոպուլիստական և ռացիոնալիզմից բացարձակապես զուրկ հռետորաբանության հետևանքները։ Իհարկե, ոչ ոք չի ժխտում, որ ԱՄՆ-ը այսօր ավելի շատ հնարավորություններ ունի աղյուսով զարկելու Էրդողանի բուլդոգային մռութին և զսպելու նրան՝ իր շնագայլ Ալիևի հետ միասին, քան ռուսները։ Բայց չէ՞ որ այդ ձեռքն առ այսօր աղյուս չի վերցրել, հակառակը՝ քնքշորեն շոյել է Էրդողանի վզակոթը, միայն երբեմն իրեն թույլ տալով թեթևակի թրմփացնել դաշնակցի գլխին՝ սաստելու համար, երբ վերջինս բացահայտորեն կապը կտրել է։ Էրդողանը Վաշինգտոնի դռանը կապած շունն է՝ ուղնուծուծով պատկանելով ամերիկյան աշխարհակարգին, և այս ճշմարտությունը հերքելու փորձերի մեջ առողջ տրամաբանություն բացարձակապես չկա։

Ուստի հարցը բնավ այն չէ, թե ինչ է մեզ խոստանում Արևմուտքը կամ ինչ ենք մենք ակնկալում նրանից, այլ թե ինչ է Արևմուտքին պետք մեզանից և ինչ նպատակով է նա ազդանշաններ ուղարկում։ Այդ թվում՝ այնպիսի կարևոր անձանց այցերի տեսքով, ինչպիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն է։

Նենսի Փելոսիի ժամանումը բառացիորեն փոթորկեց ժողովրդի հույզերը, էքստազային տրանսի մեջ գցելով մեր առավել միամիտ համաքաղաքացիներին։ Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում կասկածի տակ առնել այդ բավական համակրելի տիկնոջ վաստակը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և նրա անձնական ջերմ վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ: Բնականաբար, մենք հիմա էլ շնորհակալ ենք նրան այցելության և մեզ համար ճակատագրական այս օրերին նրա աջակցության խոսքերի համար։

Սակայն պետք չէ հերթական անգամ շփոթել Աստծո պարգևը ձվածեղի հետ։ Պետք չէ այդքան հեշտությամբ տրվել այն պատրանքներին, թե տվյալ պահին ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ քաղաքական հայացքներն արմատականացնելու, դաշնակցային հարաբերությունները վերանայելու և աշխարհաքաղաքական կողմնորոշիչները հանպատրաստից փոխելու համար։ Հիմա բնավ ժամանակը չէ քարերի վրա գլուխկոնծի տալու՝ պարանոցը վերջնականապես կոտրելու 100-տոկոսանոց հավանականությամբ։

Ինչպեսև ժամանակը չէ վերանայելու այլ աշխարհաքաղաքական «ձիերի»։ Գետն անցնելիս նրանց չեն փոխում…