«ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»՝ ԸՍՏ ՆԻԿՈԼԻ
Այսօր Անկախության օրն է։ Եվ հավանաբար դեռ երբեք Հայաստանն այս օրը չի եղել այսպիսի... Նույնիսկ դժվար է ընտրել ճիշտ բառը: Այսպիսի խարխլված, քայքայված վիճակում։
Այն թիմի քառամյա կառավարման փառահեղ արդյունքը, որն այնքա՜ն սիրում էր գոռալ Հայաստանի ինքնիշխանության մասին։ Իբր՝ «նախկինները» պատշաճ ձևով չեն պահպանել այդ ինքնիշխանությունը, իսկ այ իրենք կբարձրացնեն դա նոր մակարդակի։ Բարձրացրեցին։ Հասան այնպիսի ինքնիշխանության, որ վազվզում են աշխարհով մեկ՝ խնդրելով ինչ-որ բան անել, որպեսզի ադրբեջանցիները գոնե մի փոքր հետ քաշեն իրենց առաջնագիծը Ջերմուկից…
Իրավիճակի անհեթեթությունն առանձնակի ակնհայտ է, եթե հաշվի առնենք ստեղծված դրությունը։ Իրանը դեմ է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիային։ Այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը չի հանդուրժի հայ-իրանական սահմանի վերանայում։ Հայտարարել են հենց Էրդողանի երեսին։ Ռուսաստանն է ապահովում հայ-թուրքական սահմանի և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծի անվտանգությունը։ Եվ նրան այստեղ ամենևին պետք չէ նոր պատերազմ։ Դա հասկանալի է բոլորին, բացի ծախված «լիբերալ» թայֆայից ու գաճաճ կուսակցություններ ղեկավարող մի քանի տխմարներից։ ԱՄՆ-ը՝ ի դեմս Նենսի Փելոսիի և Էնթոնի Բլինքենի, նույնպես աջակցության ծանրակշիռ խոսքեր է հղում մեզ…
Եվ այդ ի՜նչ աստիճան ողորմելի պետք է լինի իշխանությունը, որ ադրբեջանական նոր ագրեսիային դիմակայելու հարցում ունենալով այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանն ու Նահանգները, այնուամենայնիվ հասցնի իրավիճակը նրան, որ լկտիացած Ալիևը ամեն անգամ նոր պատառներ պոկի մեր երկրից։ Սա պարզապես Փաշինյանի թիմի ողորմելիության գագաթնակետն է, որի ակնառու դրսևորումը դարձավ նաև հանրապետության նախագահ կոչեցյալի պահվածքը Անգլիայի թագուհու դագաղի մոտ։
Ի՞նչ կարելի է ասել։ Իրավիճակն այնքան նողկալի է, որ լավատեսություն կարող է ներշնչել միայն մեկ բան. ախր պետք է, չէ՞, այս թերամիտները վերջապես հեռանան։ Ասում են՝ նրանցից ոմանց աչքերն այնուամենայնիվ բացվել են։ Ասում են՝ պարգևավճարները, որ իրենց համար դուրս են գրում կյանքի վերջին հյութերը երկրից քամող նիկոլական ընչաքաղց ֆանատիկոսները, այնուամենայնիվ մինչև վերջ չեն ոչնչացրել նրանցից ոմանց գիտակցությունը։
Օրինակ, հպարտ Ալենի գլխում գիտակցություն դեռևս պահպանվել է, և նա ուղեղին զոռ տալով հայտարարեց Հանրային հեռուստաալիքի եթերում, որ իրենք պատրաստ են հեռանալ իշխանությունից, եթե... Եթե արտաքին հեղինակավոր դերակատարները առճակատ ասեն իրենց, որ հենց իրենք են հանրապետության անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Պարզապես Ալեն Սիմոնյանը մոռացել է, թե հայկական մի ասացվածքի համաձայն՝ ում են ամեն ինչ ասում ուղիղ տեքստով։ Նրանց, ովքեր նույնպես մոռացել են ասացվածքը, հիշեցնենք, առճակատ ասում են միայն էշին:
Ողորմելիության այս խրախճանքը պետք է ավարտվի։ Ժամանակը սուղ է։ Մինչ Ալիևը որոշում է, թե որ հատվածում կարելի է էլի ինչ-որ բան պոկել Հայաստանից, պետք է լուծել երկրում նոր իշխանության ձևավորման հարցը։ Առկա մարտահրավերներին համարժեք իշխանության, որը ստիպված կլինի գործնականում մաքուր էջից կրկին պետություն ստեղծել ։
Հայաստանի տարածքներն այնքան շատ չեն, որպեսզի խնդրի լուծումը հետաձգվի մինչև ադրբեջանական հաջորդ ագրեսիա։ Չափից ավելի հապաղելը հանցագործություն է։ Ընդդիմությունը պարտավոր է միավորել հասարակության բոլոր առողջ ուժերին և կատարել իր պարտքը երկրի առջև։ Քանի դեռ կա երկիրը։