ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

Իրավիճակը պարտավորեցնում է…

Իշխանության բացակայության պայմաններում պետության ճակատագիրը կախված է ընդդիմությունից, ինստիտուցիոնալ առումով այլ կառույցներ չկան։ Այս կարծիքը պատկանում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիան ցույց տվեց, որ Հայաստանում չկա գործունակ իշխանություն, իսկ ընդդիմությանը դեռ չի հաջողվում համախմբել ժողովրդին ռեժիմի դեմ պայքարի։ Փոխարենը՝ պետության կառավարման և նրա անվտանգության ապահովման գործում բացարձակ անգործունակություն դրսևորած ռեժիմը անգերազանցելի հատկանիշներ է ցուցաբերում ընդդիմության վարկաբեկման հարցում։

«Նրանք զավթել են ընդդիմադիր դաշտը իրենց ֆինանսների հաշվին և չեն թողնում, որ կայանա նորմալ ընդդիմություն, որում շահագրգռված է իշխանությունը»,- հայտարարեց Հ1-ի եթերում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նրա անունը կապում են հեռուստաալիքներից մեկի հետ, որտեղ առանձնակի մոլեգնությամբ դատափետում են ընդդիմադիր գործիչներին և բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ձայն բարձրացնել ռեժիմի դեմ։ «Նրանք» ասելով՝ Սիմոնյանը նկատի ունի երկրորդ և երրորդ նախագահներին, թեև նրան գերազանց հայտնի է, որ ոչ մի ֆինանս չէր օգնի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին գլխավորել գործընթացներն ընդդիմադիր թևում՝ առանց «ներքևից» ցուցաբերվող աջակցության, ինչը իշխող ռեժիմի քաղաքականությունից մարդկանց տոտալ հիասթափության հետևանքն է։

Սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որոնցից անմիջականորեն բխում էր, որ ռեժիմը շարունակելու է բռնաճնշումների քաղաքականությունը։ «Ժողովրդավարությունը՝ ժողովրդավարություն, բայց...»,- արտաբերեց նա և շարունակեց արտահայտությունը՝ քաղաքական ընդդիմախոսների և խոսքի ազատության դեմ նոր հարձակում ձեռնարկելու իշխանության որոշման ոգով։

ԱՄՆ-ում այնքան երկար ձևացրեցին, թե հավատում են «ժողովրդավարության բաստիոնին», որ Փաշինյանն արդեն վերջնականապես համակերպվել է այն մտքի հետ, որ իր ձեռքերն արձակ են։ Վերջին անգամ հայկական ժողովրդավարության խրախուսմամբ հանդես եկավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Դրանից հետո տեղի ունեցավ նրա հանդիպումն ընդդիմության հետ, որի ընթացքում բազմաթիվ տհաճ փաստեր հնչեցին իշխող ռեժիմի կողմից մատուցվող «ժողովրդավարության» մասին։

Սեպտեմբերի 15-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի հետ, մինչ այդ ԶԼՄ-ները գրել էին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հետ նախկին փոխխոսնակի հանդիպումների մասին, որից հետո հայտնի դարձավ, որ Կաթողիկոսն այցելել է առաջին նախագահին: Այս տարվա ընթացքում սա նրանց արդեն երկրորդ հանդիպումն է։ Կաթողիկոսից հետո ՀԱԿ առաջնորդին այցելել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի և շարժումների պայքարի նկատմամբ Լևոն Հակոբիչի վերաբերմունքին, ապա ադրբեջանական ագրեսիայից հաշված օրեր առաջ ՀԱԿ-ի դիրքորոշումը հրապարակավ հնչեցրեց կուսակցության գծով Տեր-Պետրոսյանի տեղակալ Լևոն Զուրաբյանը: «Այսօր հայ ժողովուրդը և մեր հանրությունը պատանդ է ուղղակի ընկել այս քաղաքական իշխանություն-ընդդիմություն սիմբիոզի ճիրանների մեջ։ Ես չեմ էլ ասում, որ պայմանավորվածություն կա, բայց Քոչարյանի թիմին հաճելի է տեսնել որպես իշխանություն մի անընդունակ, անմեղսունակ, անկարող իշխանություն, որի ֆոնի վրա իրենց թալանի մասին խոսակցությունները արժեզրկվում են»,- հայտարարեց նա։ Ինչպես ասում են նման դեպքերում, «առը հա՛»։

Զուրաբյանի խոսքերով՝ ժողովուրդն այն աստիճան չի ցանկանում «նախկինների» վերադարձը, որ համաձայն է հետագայում էլ հանդուրժել Նիկոլին վարչապետի պաշտոնում։ Նա բացահայտ ժողովրդին վերագրեց Տեր-Պետրոսյանի հույզերը. հենց ՀԱԿ առաջնորդն է այն աստիճան վախենում «նախկինների» վերադարձից, որ վաղուց արդեն համակերպվել է իշխանության գագաթին Նիկոլի ներկայության հետ։ Մինչդեռ ժողովուրդն այնքան է ատում կապիտուլյանտին, որ կարող է համաձայնել անգամ Տեր-Պետրոսյանի վերադարձին, միայն թե ազատվի Նիկոլից։

Զուրաբյանի հռետորաբանությունը կարելի է հասկանալ, չէ՞ որ երկրորդ և երրորդ նախագահների հետևից այսօր պատրաստ են գնալ տասնյակ հազարավոր մարդիկ, մինչդեռ նրանք, ովքեր պատրաստ են գնալ Տեր-Պետրոսյանի հետևից, անհամեմատ ավելի քիչ են. մտածող հանրությունն արդարացիորեն համարում է Փաշինյանին նրա քաղաքական սանիկը։ Երեք նախագահների տրիումվիրատ չէր ձևավորվել մինչև 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները (համատեղ առաջադրվելու նախաձեռնողը ՀԱԿ առաջնորդն էր, բայց երկրորդ նախագահը մերժեց նրան), այսօր իրավիճակը որակապես այլ է…

Վաղը Նիկոլը կարող է նոր խոստումներ տալ թուրքերին

Սաղաթելյանի նախաձեռնությունը Կաթողիկոսի աջակցությամբ կարող է դրական արդյունքներ տալ։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարներին, բայց անտեսել հայկական երկու պետությունների ոչնչացմանն ուղղված ռեժիմի քաղաքականության դեմ հասարակության բոլոր առողջ ուժերի համախմբման անհրաժեշտությունը, անթույլատրելի է և հանցավոր։

Ընդունված է ասել, որ համախմբումները ձեվավորվում են «հանուն» սկզբունքով։ Մեր դեպքն առանձնահատուկ է, այն պահանջում է հասարակության բոլոր ուժերի միավորում դավաճանի ու կապիտուլյանտի դեմ, որը շարունակում է մանիպուլյացիայի ենթարկել զանգվածներին, փորձելով արդարացնել իր դավաճանությունն ու հազարավոր հայրենակիցների մահը այն ողորմելի թեզերով, թե «Հայաստանն Արցախից կարևոր է», իսկ «իշխանությունը ոչ մի միլիմետր չի զիջի Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառ.կմ տարածքից»։

Սաղաթելյանի նախաձեռնության համաձայն, մի սեղանի շուրջ պետք է հավաքվեն հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահները, նախկին բարձրաստիճան զինվորականներն ու նախկին իշխող էլիտաների այլ ներկայացուցիչներ: Բոլորը հասկանում են իրավիճակի բարդությունն ու Հայաստանին, Արցախին ու ողջ ժողովրդին վարչախմբի քաղաքականությունից ազատելու անհրաժեշտությունը։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը Նիկոլը հայկական տարածքների օտարման վերաբերյալ նոր խոստումներ չի տա Ալիևին ու Էրդողանին։ Իշխանությունը պահելու համար նա կգնա ցանկացած հանցագործության…

Հասարակության առողջ ուժերի համախմբման նկատմամբ ռեժիմի արձագանքն ակնհայտ է։ Փաշինյանն ու իր արբանյակները թքած ունեն Կաթողիկոսի կարծիքի վրա, որը անցած տարի հանդես է եկել նրա հրաժարականի պահանջով՝ Գլխավոր շտաբի գեներալների և 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին։ Փաշինյանը թքած ունի նախագահների և նախկին իշխող էլիտաների մյուս ներկայացուցիչների կարծիքի վրա։ Կապիտուլյանտն ապահովել է կոլեկտիվ Արևմուտքի աջակցությունը, իսկ մնացյալ բոլորին նա նայում է ոստիկանների եռակի պահաշղթայի հետևից: