44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ. ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Արձագանքն ագրեսիային

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ։ Մոտ մեկ ամիս անց Թուրքիայի առաջնորդը Ստամբուլում հայտարարեց, թե Մոսկվան ու Անկարան նույն իրավունքներն ունեն բանակցային գործընթացում։ «Թուրքիան նույնպիսի իրավունք ունի մասնակցելու խաղաղ բանակցություններին, ինչպիսին Ռուսաստանը»,- հայտարարեց Էրդողանը՝ փաստարկավորելով դա նրանով, որ իրեն որևէ բան հայտնի չէ Անկարայի մտադրությանը Մոսկվայի բացասական վերաբերմունքի մասին:

Հակառակորդի օդուժը հարվածում էր քաղաքացիական օբյեկտներին, մարդիկ շնչահեղձ էին լինում կասետային ռումբերի պայթյուններից, հայկական գյուղերում զավթիչները սպանում էին մարդկանց իրենց տներում: Սիրիական Իդլիբից վարձկան ահաբեկիչներին ինքնաթիռներով տեղափոխում էին Բաքու, որից հետո անմիջապես ուղարկում առաջնագիծ։ Գերեվարված հայ զինվորներին խոշտանգում ու գնդակահարում էին՝ նախապես փաթաթելով Արցախի Հանրապետության պետական դրոշի մեջ, իսկ սոցցանցերում ցուցադրում էին զարհուրելի կտտանքների և նախնադարյան վայրագության կադրերը։

Այդ գազանությունները կրկնվեցին 2022թ. սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ընթացքում՝ արդեն ինքնիշխան Հայաստանի դեմ

Այսօրվա իրադարձությունները շատ նման են Առաջին (Հայոց ցեղասպանությունն Արևմտյան Հայաստանում) և Երկրորդ համաշխարհային պատերազմների խորապատկերին տեղի ունեցած ամենին։ Հայտնի է, որ Ստալինգրադի ճակատամարտի ելքից էր կախված, թե կանցնեն արդյոք Խորհրդային Հայաստանի սահմանը թուրքական ընտիր ստորաբաժանումները։ Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան քաղաքագետները միաբերան կապեցին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ռազմական անհաջողությունների հետ։

ՈՒԶՈՒ-ի հակահարձակման խորապատկերին սրվեցին Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները, Անկարան անտեսում է Աթենքին պաշտպանելու ՆԱՏՕ-ի փորձերը։ Ադրբեջանն իր ռազմատենչ հռետորաբանությամբ համառորեն անտեսում է Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին։ Բաքուն 30%-ով ավելացրել է գազի մատակարարումը Եվրոպա, այժմ Ալիևի ձեռքերն արձակ են։ Թեպետ, Ադրբեջանի առաջնորդի համար դժվար թե սպասելի էր ազդեցիկ երկրների և կազմակերպությունների ղեկավարների հասցեական արձագանքը։ Քաղաքակիրթ աշխարհն արտահայտվեց ի պաշտպանություն Հայաստանի, և դա սառեցրեց ոչ միայն Ալիևի, այլև Էրդողանի եռանդը։

Այս անգամ համաշխարհային հանրությունն իրեն պահեց փոքր-ինչ այլ կերպ, քան 2 տարի առաջ։ «Ագրեսիան կանգնեցրեց հավաքական Արևմուտքը. այն, ինչը թույլատրված չէ Պուտինին, առավելևս թույլատրված չէ Ալիևին։ Եթե Հայաստանը ժամանակակից սպառազինություն ունենար, պատերազմն արդեն կընթանար Ադրբեջանի տարածքում»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ.Սարգսյանը։ Իհարկե, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի վերաբերյալ եզրակացություններ անել դեռ վաղ է, ուստի 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի նախօրեին որոշեցինք ընթերցողներին հիշեցնել 2020թ. սեպտեմբերի 27-ի ագրեսիային հաջորդած արձագանքի մասին:

2020թ. հոկտեմբերի 1-ին Չիլիի խորհրդարանը որոշում ընդունեց դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Նույն օրը Ճապոնիան հանդես եկավ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու պահանջով։ Հոկտեմբերի 6-ին Նիդեռլանդների խորհրդարանը որոշում ընդունեց՝ Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանության դատապարտումով։ Հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդը որոշում ընդունեց, որով դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Փաստաթղթում նշված էր, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ հայերի անվտանգության միակ երաշխիքն է։ Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի խորհուրդը քվեարկեց Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին:

Նույն օրը «Բասկերի երկրի» խորհրդարանը հռչակագիր ընդունեց այն մասին, որ խնդրի լուծումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մեծամասնության ազատ կամարտահայտության վրա: Հոկտեմբերի 9-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև, որով դատապարտեց նաև Թուրքիայի ներգրավումը ռազմական գործողություններում։

Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև ընդունեց Բելգիան։ Հոկտեմբերի 14-ին ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև ընդունեց Ավստրիայի խորհրդարանը։ Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը բանաձև ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը և վարձկանների ներգրավումը: Նույն օրը Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Լիմոնե քաղաքի համայնքի խորհուրդը քվեարկեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին, իսկ հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքի խորհուրդը բանաձև ընդունեց՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Հոկտեմբերի 21-ին Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքը, որից հետո միաձայն դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցին: Նույն օրը Ավստրալիայի ամենախոշոր նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը 61 «կողմ» ձայնով պաշտոնապես ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Պատգամավորները դատապարտեցին նաև Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան բնիկ հայ բնակչության դեմ:

Նույն օրը Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն ընդունեց՝ կոչ անելով վերջ դնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին, դատապարտեց Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան քաղաքացիական բնակչության դեմ և աջակցություն հայտնեց խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության վրա: Հոկտեմբերի 22-ին ամերիկյան Ֆորտ Լի քաղաքը (Նյու Ջերսի նահանգ) դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան՝ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրերս հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիան մյուսներից ավելի կոշտ դատապարտել է Կիպրոսը։

Նոր իրականություն

Ուկրաինայում հատուկ գործողությանը հաջորդած հակառուսական պատժամիջոցների և էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի խորապատկերին եվրոպական կառույցների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ որոշ փոփոխություններ է կրել, իսկ Թուրքիայի առաջնորդն արդեն իրեն է տեսնում միջնորդ խաղաղարարի պատվավոր դերում։ Ասել, թե փետրվարի 24-ից հետո աշխարհը սրընթաց փոխվում է, նշանակում է ոչինչ չասել։ Ցեղասպան պետությունները ցանկանում են օգտվել իրավիճակից

Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ամեն ջանք գործադրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտման դատապարտմանը հասնելու համար, սակայն Բաքվի և Անկարայի հետ Փաշինյանի ռեժիմի մերձեցման քաղաքականության խորապատկերին այդ ջանքերը պատշաճ արդյունքների չեն հանգեցրել: Հավաքական Արևմուտքը մտադիր էլ չէր պատժամիջոցներ կիրառել ագրեսորների դեմ՝ արդարացիորեն համարելով, որ դրանք կարող են արագացնել Ալիևի ռեժիմի մերձեցումը Մոսկվայի հետ։

Պուտինի հետ շփումներին միտված Էրդողանի քաղաքականությունը հանրահայտ է։ Այն, որ հավաքական Արևմուտքը վերջնական կարգավորման նկատմամբ իր փաթեթային մոտեցմամբ ոչինչ չի կարող առաջարկել Արցախի անկախության առումով, նույնպես, ավաղ, փաստ է։ Ռուսաստանի թուլացումը, ինչի մասին բաղձանքով դատողություններ են անում Փաշինյանի թիմի տնաբույծ ռուսատյացները, կստեղծի անվտանգության վակուում, որը չեն լցնի Բալկանների թվացյալ խաղաղարարները։ Այդ թուլացումը միայն կոխթանի ցեղասպան պետությունների ախորժակը, որոնք կարող են օգտագործել հայ ժողովրդին, հայկական պետություններին և Հայկական հարցին մեկընդմիշտ վերջ տալու պատմական հնարավորությունը։

Տեղի ունեցող ամենն առանց կորուստների վերապրելու համար Հայաստանին անհրաժեշտ է գրագետ և ողջամիտ ղեկավարություն, պետք է նոր բանակցող։ Արտաքին քաղաքականության բազմավեկտորության ապաշնորհ հայտը՝ Փաշինյանի կատարմամբ, կարող է հանգեցնել մարդկային և տարածքային նոր կորուստների…