ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԲԱՐՈՅԱԼՔՈՒՄ
Երևանում ԱՄՆ դեսպանատունը սեպտեմբերի 23-ին զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին զինված հակամարտության պատճառով Հայաստանի մի շարք շրջաններ այցելելու վտանգավորության մասին: ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը, մասնավորապես, նշել է, որ վտանգի տակ են Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև Արցախի Հանրապետություն տանող ճանապարհը:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. որոշ ժամանակ անց համանման նախազգուշացումով հանդես եկավ նաև Ֆրանսիայի դեսպանատունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր. «Սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել արյունալի բախումներ երկու երկրների զինված ուժերի միջև։ Գնդակոծվել են Հայաստանի քաղաքացիական օբյեկտները։ Այսօրվա դրությամբ մարտական գործողությունները չեն վերսկսվել, բայց իրավիճակը մնում է լարված։ Այդ պատճառով Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առավելագույն զգուշություն ցուցաբերել Հայաստան մեկնելիս։ Մասնավորապես, խորհուրդ չի տրվում մեկնել երկրի հարավ (Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզեր) և խորհուրդ չի տրվում մեկնել Հայաստանի այն շրջաններ, որոնք սահմանակից են Ադրբեջանին»։
Կարող է տարօրինակ թվալ, որ վերոնշյալ զգուշացումները հնչեցին ադրբեջանական ագրեսիայից արդեն 10 օր անց։ Սակայն ակնհայտ է, որ դա ոչ թե ուշացած արձագանք է տեղի ունեցածին, այլ ինչ-որ նախապատրաստում ապագա հնարավոր իրադարձություններին։ Չմոռանանք, որ պաշտոնական Երևանը ՄԱԿ-ում իր ներկայացուցչի, խորհրդարանի փոխխոսնակի, կառավարության ղեկավարի և պաշտոնատար այլ անձանց շուրթերով արդեն մի քանի օր է, ինչ հայտարարում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի մասին, այդ թվում նաև Նախիջևանի կողմից։
Այս իրավիճակում հիշյալ դեսպանատների նախազգուշացումները պատկերանում են տրամաբանական և համահունչ հայկական կողմի դիրքորոշմանը։ Միակ բանը, որ, մեղմ ասած, տարօրինակ է թվում այս համատեքստում, հայ հասարակության մեջ տիրող տրամադրություններն են, որն ապավինում է ընդհանրապես Արևմուտքի և մասնավորապես Վաշինգտոնի ու Փարիզի բարոյական աջակցությանը։ Դա տարօրինակ է մի քանի պատճառներով։
Նախ, փաստորեն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Փարիզը վստահ չեն, թե կարող են կանխել Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիան, ահագնացման նոր փուլը։ Նրանք, իհարկե, կոչ են անում, բայց հավանաբար ենթադրում են, որ իրենց կոչերը տպավորիչ չեն Բաքվի համար։ Երկրորդ, դժվար է բարոյական աջակցություն համարել դեսպանատների նախազգուշական նշյալ հայտարարությունների հետևանքը դարձած տագնապի և նույնիսկ խուճապի տարածումը հայ հասարակության մեջ։
Հասկանալի է, որ հոգացողություն է ցուցադրվում Հայաստանի տարածքում ֆրանսիացիների և ամերիկացիների անվտանգության մասին։ Եվ դա նորմալ է։ Այլ բան է, որ հայերին դա բնավ վստահություն չի ներշնչում իրենց իսկ տարածքում սեփական անվտանգության հարցում։ Ընդհակառակը, է՛լ ավելի է սաստկացնում մեր մտավախությունները։ Եվ հաստատ բարոյապես չի աջակցում, ավելի շուտ թուլացնում ու բարոյալքում է։
Այստեղ կարող է հիմնավորված հարց առաջանալ. իսկ ինչպե՞ս են իրենց պահում մյուսները։ Դժվար թե, օրինակ, Ռուսաստանի դեսպանատունը չի տեսնում տեղի ունեցող ամենն ու համարժեք չի գնահատում սպառնալիքները։ Դժվար թե Ռուսաստանի դեսպանատունն ավելի քիչ է հոգ տանում Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների անվտանգության մասին, քան ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դեսպանատները՝ իրենց քաղաքացիների անվտանգության։ Արժե հաշվի առնել նաև այն փաստը, որ ռուսաստանցիներն այսօր Հայաստանի տարածքում տասնյակ, հարյուրավոր անգամներ ավելի շատ են, քան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիները։ Այդուհանդերձ ռուսական դեսպանատունն ինքը խուճապի չի մատնվում և խուճապ չի տարածում։
Գուցեև նման զսպվածությունը չես անվանի բարոյական աջակցություն։ Բայց դա գոնե չի բարոյալքում հայ հասարակությանը։ Իսկ ինչ վերաբերում է գործնական աջակցությանը, ակնհայտ է, որ այն կա, պարզապես այդ մասին չեն բարձրաձայնում։ Հիմա շատերն արդեն մոռացել են, որ վերջին սրացման օրերին 102-րդ ռազմաբազան ոտքի է հանվել ահազանգով, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Փաշինյանը արթնացրել է Պուտինին, որ ռուսական կողմը հրադադարի է հասել սեպտեմբերի 14-ի ժամը 9։00-ից։ Այո, Մոսկվան չի մատնանշել ագրեսորին ի դեմս Բաքվի, այո, Մոսկվան չի պահանջել հայկական տարածքների դեօկուպացիա։ Եվ այո, Հայաստանն ուներ դա ակնկալելու բոլոր հիմքերը։
Բայց, նախ, ռուսական կողմը միջնորդ է Բաքվի ու Երևանի միջև և որոշակի առումով պետք է հավասարություն պահպանի հրապարակային ձևաչափով։ Երկրորդ՝ լարվածությունը մարելուն ուղղված գործնական քայլերը ռուսական կողմի համար միշտ եղել և մնում են հռետորաբանությունից շատ ավելի նախընտրելի։ Թեկուզև օբյեկտիվ, արդար և անհրաժեշտ հռետորաբանությունից։
Իրավիճակին համարժեք արձագանքեց Թեհրանը։ Երևանում Իրանի դեսպանատունը նույնպես խուճապ չտարածեց, իր քաղաքացիներին չզգուշացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ճամփորդելու վտանգավորության մասին: Իրանը կտրական հայտարարում է, որ չի հանդուրժի պետական սահմանի փոփոխություններ՝ նկատի ունենալով հայ-ադրբեջանական սահմանը։ Ի լրումն, համոզչության համար 45-հազարանոց զինվորական զորակազմ է մոտեցնում տեղի ունեցած և կանխատեսվող ռազմական գործողությունների էպիկենտրոնին։
Հասկանալի է, որ և՛ Ռուսաստանի, և ՛Իրանի պարագայում դիրքորոշումը նախորոշող գործոն են հանդիսանում այդ երկրների սեփական շահերը։ Սակայն Հայաստանին բարոյական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից այդ երկրների վարքագիծն ակնհայտորեն շատ ավելի համարժեք, ավելի ճիշտ՝ տղամարդկային է, քան նրանց պահվածքը, ովքեր բարոյալքող խուճապ են տարածում և հստակ ընդգծում հատկապես և միմիայն իրենց քաղաքացիների անվտանգությունը։
Իհարկե, ասվածն ամենևին էլ չի նվազեցնում ագրեսորին հասցեագրված այն հայտարարությունների և դատապարտումների նշանակությունը, որոնք հնչեցին այս օրերին։ Բայց դա արդեն այլ թեմա է…