Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԲՈՒԺՎԵԼ ԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ, ՈՐԸ ՄԵԶ ԲԵՐԵԼ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում

Իմ տպավորությամբ Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

«Ցավոք, բայց իմ բոլոր մտահոգությունները, որոնք ես հնչեցրել էի հենց այս դահլիճում մեր նախորդ հանդիպման ժամանակ, կարծես՝ իրականություն են դառնում։ Այդ ուղղությամբ վիճակը շտկելու որևէ քայլեր իշխանության կողմից ուղղակի չի արվում։

Իմ տպավորությամբ Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում և ոչ միայն Բրյուսելում. խոսքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին է։

Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Արցախի շուրջ էր։ Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես է կարելի այս հարաբերությունները կարգավորել առանց որոշակիության և միասնական պատկերացման՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված։ Հետևաբար, եթե այստեղ առաջընթաց կա, ապա կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում կա համաձայնություն կամ լռությամբ կամ ոչ լռությամբ»,-ասաց Քոչարյանը: Նրա խոսքով, այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից ուղղակի իսպառ կորել են, վկայում է այն մասին, որ այստեղ մենք ունենք լրջագույն պրոբլեմ. «Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղի հարցը կարգավորված է, մենք ձեր հետ Ղարաբաղի մասին խոսելու ոչինչ չունենք։ Ինչքան գիտեմ, Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ։ Փաստորեն, եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա. ինչ հետևանքներ կունենա այս ֆորմատը, ես կառաջարկեմ, որ մեր փորձագետները և լրագրողները գնահատեն։

Իշխանությունը ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ, իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է. ինքնաարդարացման ճանապարհը հետևյալն է՝ հիմա ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պիտի գտնենք՝ ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առան Ադրբեջանի հետ համագործակցության։

Վերջերս նաև Ղարաբաղի իշխանությունը նաև դա անում է բավական մեծ ջանասիրությամբ։ Կախվածությունը Բաքվից այս ընթացքում միայն մեծացել է»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով, այն փաստը, որ նոր ճանապարհի հետ չի կառուցվել գազամուղ, էլեկտրական սյուները չեն տեղափոխվել և կապի մալուխը մնացել է հին ճանապարհի վրա, այնպիսի մի կախվածություն է ստեղծում, որ ուղղակի Ադրբեջանն ուզած ժամին, երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար։

«Եվ Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մի բացատրություն, թե ինչ է պետք համագործակցել Ադրբեջանի հետ։

Ամենամեծ վտանգը Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է։ Ես կարծում եմ՝ փորձելու են գնալ նաև դրան, թե տեխնիկապես ինչ ճանապարհ են ընտրելու, դժվարանում եմ հիմա ասել։ Իմ տպավորությամբ հաջորդ քայլը լինելու է այս ուղղությամբ, և սրա դեմ պետք է առաջի հերթին պայքարեն ղարաբաղցիները, Ղարաբաղի իշխանությունը՝ Հայաստանի աջակցությամբ։

Բոլոր հարցումներով մեր ժողովրդի 95 տոկոսը չի պատկերացնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ. կամ այդ հարցումների ժամանակ անկեղծ չեն իրենց պատասխաններում կամ դեռ շարունակում են հավատալ իշխանությունների հավաստիացումներին»,-ընդգծեց երկրորդ նախագահը:

Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա

Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի դեպքում կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը՝ խոսելով ստեղծված իրավիճակից ելքերի և ծանր որոշումներ կայացնելու հարցում իշխանություններին աջակցելու առաջարկի մասին։

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջին քայլը հանրային կոնսոլիդացիան է, առանց սրա ոչինչ չի ստացվելու։ Կոնսոլիդացիան աբստրակտ չի լինում, այն լինում է բարձր նպատակների համար։ Ի՞նչ մտքեր են հնչեցնում հիմա՝ միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք։ Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը չգիտակցելո՞վ է արվում, թե նպատակային։ Կապիտուլյացիան դեգրադացիա և անզորության զգացում է առաջացնում։ Սա է միգուցե պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է դրա պրոբլեմն ախտորոշես և չեզոքացնես այն։ Հիմա ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր խնդիրը ո՞րն է՝ փրկել Հայաստա՞նը, թե Հայաստանի պրոբլեմը։ Բժշկության մեջ եթե ուռուցք կա, հեռացնում են։ Եթե հանրային կոնսոլիդացիա ենք ուզում, դա պետք է ունենալ բարձր՝ դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Այս համատեքստում, երկրորդ նախագահի համոզմամբ, իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է։

«Դա խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական և մասնակի։ Օրինակ, եթե խորհրդարանը մեկ այլ վարչապետ է ընտրում, իրականում, դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերհսկիչ փաթեթը մնում է քաղաքական այդ թիմի մոտ։ Մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»,- հավելեց Քոչարյանը։

Մենք բանակցությունների սեղանի վրա ենք, այլ ոչ թե այդ սեղանի շուրջ

Հայաստանը գտնվում է խորը անվտանգային ճգնաժամի մեջ. իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Վերջին իրավիճակը նաև ցույց տվեց, որ չեն կարողանում նաև ներգրավել մեր գործընկերներին պայմանագրերով սահմանված պարտավարությունները կատարելու համար։ Իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր։ Բաքվի ու Անկարայի դերը այս վերջին իրադարձությունների ներքո շեշտակի աճել է, լծակները՝ ազդելու Բաքվի ու Անկարայի վրա ևս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի կողմից»,- նշեց երկրորդ նախագահը։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այս իրավիճակում անվտանգային հարցերն անտեսելը հանցավոր անգործություն է.

«Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։ Իրականում դա նշանակում էր, որ նման սպասելիքներ չկան։ Պանիխիդայի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել ու բացել նոր էջ, դրված այլ հիմքերի վրա: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ վիճակը Հայաստանում պայթյունավտանգ է, մի կողմից կա պարտադրանք՝ որոշում կայացնելու, մյուս կողմից կա վտանգ, որ այդ որոշումը կարող է ներսից պայթեցնել։ Մի գուցե սա է այդ գործոնը, որը կիսակախ վիճակում է թողել սպասվելիք որոշումները։ Այս ամենը օրինաչափ հետևանք է այն քաղաքականությանը, որը տարվել է Հայաստանում 2018 թվականից և հատկապես 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է. «Եթե լինենք կոպիտ, ապա հասցրել ենք պլենտուսի մակարդակի։ Մենք բանակցությունների սեղանի վրա ենք, այլ ոչ թե այդ սեղանի շուրջ։ Թույլերին, նվնվացողներին ոչ ոք չի սիրում, ոչ ոք այդ կատեգորիայի մարդկանց հետ ընկերություն չի անում, նույնը միջազգային հարաբերություններում է։ Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են՝ դրդված խղճահարությունից, ոչ թե հարգանքից։ Չի կարելի պետությունը դարձնել մուրացկանության մակարդակի»։

Արցախի ապագայի բանալին Արցախի և Հայաստանի ժողովրդի ձեռքում է

Արցախի ապագայի բանալին Արցախի և Հայաստանի ժողովրդի ձեռքում է,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նրա գնահատմամբ՝ այդպես էր նաև 1992 թվականին։

Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ ավելի լավ չէր, քան այսօր։

Քոչարյանը կարծում է, որ Արցախի ապագայի բանալին Հայաստանի ժողովրդի ձեռքում է։ «Ձեզ չի՞ մտահոգում, որ Հանրապետություն և ինքնորոշում բառերը Արցախի համատեքստում այլևս չեն օգտագործվում իշխանության կողմից։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ամեն ինչ ժողովրդի ձեռքում է։ Եթե ժողովուրդը պայքարի, ամեն ինչ հնարավոր է։ Նման խոսակցություններ կային նաև 92-ին, այդ ծանր ժամանակաշրջանում»,-կրկնեց երկրորդ նախագահը։

Հասարակությանը Ռուսաստանի դեմ տրամադրելը վնասելու է մեզ

Ես չեմ տեսնում, որ Միացյալ նահանգները կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության հետ կապված. դրա հեռանկարն ուղղակի չի երևում,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Միացյալ նահանգների եվ Ֆրանսիայի հայտարարությունները դրական եմ գնահատում։ Նենսի Փելոսիի այցը Հայաստան և հայտարարությունները, որոնք նա արել է, դրական եմ համարում։ Բոլոր քայլերը, որոնք օգնում են մեզ ինչ-որ տեղ ապահովագրվել, ինչ-որ տեղ Ադրբեջանի քայլերը զսպող, այո, դրական եմ համարում։ Ուզում եմ, որ իրատեսական լինենք, Միացյալ նահանգների ազդեցությունը նաև Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, Էրդողանը ոչ մեկին չի լսում, և Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարում է, որ որևէ զանգերի հետ հույս չկապեք. ու՞ւմ մասին էր այդ ակնարկը, հասկանալի է, չէ՞։ Այս վիճակը պետք է ճիշտ գնահատենք և մի ծայրահեղությունից մյուսը չընկնենք, ասենք՝ ՀԱՊԿ-ը չկա, Ռուսաստանը չկա, գնանք Ֆրանսիայից օգնություն ուզենք, չի լինելու այդ օգնությունը։ Շատ լավ կլինի, որ դիտորդներ ուղարկեն, վիճակը գնահատեն, և մեկ հայտարարություն անի, բայց տվյալ դեպքում հողի վրա ռեալ հնարավորություններ Հայաստանում Ռուսաստանն ունի»,- նշեց Քոչարյանը։

Ըստ երկրորդ նախագաի՝ տվյալ դեպքում ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը, որը, սակայն կաշկանդված է ուկրաինական պատերազմով.

«Ռուսաստանն այսօր ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ, և մտածել, որ այս վիճակում կարող է ռազմական գորոծղություններ սկսել Ադրբեջանի հետ, անհեթեթություն է, չի լինելու դա։ Ռուսաստանն անում է և անելու է ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախում չլինի, բայց դրանք լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր։ Ռուսաստանի դերակատարությունը նվազել է նաև մեր պարտության պատճառով։ Այսօր ՌԴ-ն փորձում է նման կարգի հարաբերություններ կառուցել նաև Ադրբեջանի հետ։ Ադրբեջանում Լավրովի հայտարարությունները երբ ուշադիր կարդաք, կտեսնեք՝ ինչ տեղ են տալիս Ադրբեջանին Հարավային Կովկասում իրենց քաղաքականության մեջ։ Հիմա մեղադրանք Ռուսաստանին, թե ինչու է Ռուսաստանը իր ազգային շահերից բխող քայլեր ձեռնարկում, անիմաստ է։ Ռուսաստանի դեմ սրել մեր հանրությունը, ավելի վատ մեզ համար։ Այո, կարող է իրավիճակը փոխվել, մենք պիտի ավելի ակտիվ համոզենք Ռուսաստանին, որ Հայաստանն այս տարածաշրջանում դեռ իրենից բան է ներկայացնում, որ այս քաղաքականությամբ դուք կարող եք կորցնել Հայաստանը։ Պետք է համոզվել, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Մենք ոչինչ չենք անում, հետո ասում ենք՝ ինչու է Ռուսաստանն ավելի ակտիվ հարաբերություններ կառուցում Ադրբեջանի հետ, եթե դու չկաս, բա ինչ անի՞, չզբաղվի՞ այս տարածաշրջանով»,- նկատեց Քոչարյանը։

Կա 3-4 մարդ, որոնք կարող են վարչապետի՝ ընդդիմության թեկնածուներ դառնալ

Կա 3-4 մարդ, որոնք կարող են վարչապետի՝ ընդդիմության թեկնածուներ դառնալ,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։

«Ես մասնակցել եմ ընտրություններին և «Հայաստան» դաշինքի ցուցակում առաջին համարն էի, իսկ սա նշանակում է, որ ես պատրաստ էի դառնալ ՀՀ վարչապետ։ Այսօր, եթե լինեն ընտրություններ, ես պետք է գնահատեմ իրավիճակը՝ կախված մոդելից, կախված նրանից՝ կլինի մասնակի իշխանափոխությո՞ւն, թե՝ ոչ։ Ես գիտակցում եմ, որ այսօր ավելի հավանական է մասնակի իշխանափոխությունը։ Սակայն իրավիճակն այնքան պայթյունավտանգ է, որ կարող է ամեն ինչ փոխվել։ Մենք այսօր շարունակում ենք պայքարը։ Եթե չի ստացվել, ուրեմն բավարար զանգված կա՛մ չի հավատացել մեզ, կա՛մ շարունակում է հավատալ ներկա իշխանություններին»,-ասաց Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ «աչքի առաջ» 3-4 մարդ ունի, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել։ Սակայն ՀՀ երկրորդ նախագահը զերծ մնաց անուններ տալուց` ասելով, թե կարող են քրգործեր հարուցվել նրանց դեմ։

Իրանում եղել են շատ լուրջ հայտարարություններ, կարծես ասեն՝ եկեք տեսնենք՝ ինչպես կարող ենք օգտակար լինել

Իրանում բոլոր մակարդակներով եղել են շատ լուրջ հայտարարություններ, կարծես ասեն՝ եկեք բանակցենք, տեսնենք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել այս հարցում,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Իրանի միջոցով ժամանակ սառեցնել և բանակի մարտունակությունը վերականգնել։

«Ո՞րն է ամենից թույլ տեղը Հայաստանի՝ կարծում եմ՝ Սյունիքն է, սա այն տարածքն է, որի նկատմամբ ամենից մեծ ցանկություններն են արտահայտվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և դա արվում է բացահայտ։ Կոնկրետ հարց՝ բացի Հայաստանից ո՞ր երկրի համար է Սյունիքը կարևոր՝ Իրանը։ Սա դժվա՞ր էր կռահել, եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, որը բացի հայտարարություններից և հորդորներից կարող է քայլեր դիմել՝ զուտ շահերի համադրությամբ, Իրանն է։ Այս երկու տարվա ընթացքում գրեթե ոչինչ չարվեց, առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեին Իրանի հետ Սյունիքում, որոշ իրավապայմանագրային բազա պետք է լիներ, և դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե ինքը հետապնդում է իր ազգային շահը։ Ես գիտեմ, որ նման խոսակցություն Իրանի հետ եղել է՝ 2021թ մայիսին, բայց հետո հայկական կողմն այդ թեման ուղղակի սառեցրեց, և շարունակելու համար որևէ քայլ չարեց։ Առաջարկն էլ, ի դեպ, մերը չի եղել։

Մենք արդեն երկու տարի կորցրել ենք։ Հիմա էլ չանենք, էլի ասենք՝ վիճակը լավ չէ, մեկ տարի հետո ասելու ենք՝ մենք ժամանակ ունե՞նք։ Սա այն քայլն է, որը միևնույն է, պետք է անես։ Ես իրանցիների հետ չեմ բանակցել, բայց ես գիտեմ, որ նման բանակցություններ եղել են։ Իրանում բոլոր մակարդակներով եղել են շատ լուրջ հայտարարություններ՝ սկսած հոգևոր առաջնորդից, նախագահից և բարձրաստիճան զինվորականներից։ Կարծես ասեն՝ եկեք բանակցենք, տեսնենք՝ ինչպես կարող ենք օգտակար լինել այս հարցում։ Չլսել, չհասկանալ ինչի մասին է խոսքը հնարավոր չէ։ Ինչո՞ւ դա չարվեց երկու տարի առաջ, մեկ տարի առաջ։ Դա պետք է արվեր գոնե 2021 թվականի գարնանը։ Ժամանակ ունեցել ենք։ Հիմա պետք է անենք, որ երկու տարի հետո չասենք՝ ժամանակ ունե՞նք»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

ՀԱՊԿ-ից դուրս գալը հերթական հիմարությունը կլինի

Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, շատ սթափ գնահատենք՝ որ պետությունները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա ազդեցության այդ լծակները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին և Թուրքիային ու Ադրբեջանի զսպելու հնարավորություններին։

Երկրորդ նախագահի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ն Թուրքայի և Ադրբեջանի վրա ազդեցություն հնարավորություն ընդհանրապես չունի։

«Հենց այս ամբիոնում այս մասին իմ կարծիքը ես ձեզ ասել եմ՝ դեռ նախքան վերջին իրադարձությունները։ ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանը, և մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է քայլեր ձեռնարկել, աշխարհաքաղաքական անմեղսունակություն է»,- նկատեց Քոչարյանը։

Այդուհանդերձ, երկրորդ նախագահի համոզմամբ, ՀԱՊԿ-ից դուրս գալը ևս մեկ հիմարություն կլինի։

«ՀԱՊԿ-ի շրջանակում կան պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար։ Պետք է որոշ վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, պետք է համոզել Ռուսաստանին մեր անվտանգության համակարգը համալրել նոր կոմպոնենտներով։ Ես համոզված եմ, որ հնարավոր է դա բացատրել ռուսական կողմին, միգուցե, եռակողմ մի նոր ֆորմատ ձևավորել, քանի որ շահերը համընկնում են, և Ռուսաստանն Իրանի հետ բավականաչափ ջերմացնում է հարաբերությունները։ Համոզված եմ նաև, որ սա հնարավոր է բացատրել նաև Միացյալ Նահանգներին։ Դո՞ւր կգա իրենց՝ ո՛չ, առաջարկու՞մ են այլընտրանք, չենք առաջարկում։ Սա այն վիճակն է, երբ պետք է ավելի համարձակ լինի ներսում, այլ նաև դրսի հետ հարաբերություններում»,- հայտարարեց Քոչարյանը։

Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել, դա խնդիր չէ

Ինձ համար հասկանալի չէ կորուստների այն հարաբերակցությունը, որն ունեցանք, այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանների վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը և դրա հետևանքով հայկական կողմի ունեցած մարդկային կորուստներին։

«Ինձ համար հասկանալի չէ, թե Հայաստանի սահմաններին երկու տարում ինչու լուրջ բնագիծ չի կառուցվել, միայն երկու երեք հենակետ նորմալ կահավորել են՝ նկարելու և ցույց տալու համար, մնացածն անմխիթար վիճակում են։ Ասում են՝ փող ունենք, իսկ ինչու՞ չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Չկա բնագիծ, որը հնարավոր չէ ճեղքել, բայց բնագիծը թշնամուն մեծ կորուստներ հասցնելու, քիչ կորուստներ տալու, ժամանակ շահելու համար է, որպեսզի ռեզերվները բերվեն։

Ինձ համար ավելի քան 2-3 անգամ ավելի մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան՝ 44-օրյա պատերազմից հետո որևէ դաս չենք քաղել։ Երկու տարի անց ինչո՞ւ չունենք հարվածային անօդաչու սարքեր, հայտարարել ենք, որ փող ունենք։ Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել, մենք զենք առնում էին թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրոպայից, թե՛ Չինաստանից և այլ տեղերից, սա խնդիր չէ։ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ շատ է ուժեղացել, այլ լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել։ Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը»,- նշեց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը փող ունի, բայց Հայաստանին զենք վաճառող չկա, կամ դա հղի է ռիսկերով, Քոչարյանը արձագանքեց. «Ես 10 տարի նախագահ լինելով նման խնդիր չեմ ունեցել։ Ես նույնիսկ լավ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է այսօր նման խնդիրներ առաջանան։ Եթե դու մեկին ասում ես՝ զենք ծախի, ինքն էլ ասում է՝ որոշակի խնդիրներ կան, ու դրանից հետո դու դուրս ես գալիս խոսակցությունից ու չես շարունակում.. միգուցե այդպես են անում, ես չգիտեմ՝ ոնց են աշխատում»։

Քոչարյանը նաև նշեց, որ մենք ունենք ևս մեկ խնդիր. «Օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց իր օդային տարածքը և ՌԴ-ից այստեղ ռազմական օգնություն տեղափոխելը խնդիր դարձավ։ Ես այդպիսի խնդիր չեմ ունեցել 10 տարում։ Ինձնից հետո երրորդ նախագահը Ռուսաստանից գնեց ամենաժամանակակից զենքերից մեկը «Իսկանդերը»։ Ո՞նց են դա բերել Հայաստան, ինչո՞ւ էր դա հաջողվում անել իմ ժամանակ, երրորդ նախագահի ժամանակ և ինչու դա պրոբլեմ դարձավ հիմա։ Ես չգիտեմ՝ այդ հարցադրումները որտեղից է գալիս։

Երբ որ Վրաստանը փակեց իր օդային տարածք, դա լուրջ ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա։ Հիմա երբ Վրաստանի վարչապետի հետ գրկվում է, այդ հարցը չե՞ն տալիս, թե պատճառն ինչն էր, որովհետև մենք հստակ գիտենք, որ Թուրքիան շարունակում էր զենք-զինամթերք մատակարարել Ադրբեջանին հենց այդ ժամանակահատվածում։ Երբ նայում ես քարտեզին, տեսնում ես, որ միակ ճանապարհը, որով դա կարելի էր ապահովել, Իրանն է։ Ինչու չեք օգտվում այդ հնաարավորությունից։ Ռուսաստանն այսօր Պարսկաստանից ԱԹՍ-ներ է գնում, մենք ինչու մինչև հիմա չունենք հարվածային անօդաչու սարքեր, երբ մեր հարևանն ունի բավական մեծ տեսականի և ասում են՝ բավական որակյալ է։

Ի՞նչն է պատճառը. Ցանկությունը։ Հիմա եթե դու հայտարարել ես խաղաղության դարաշրջան, եթե այդ հաշվարկները չես անում, ասում ես՝ դե ինչի՞ բանակի վրա փող ծախսեմ, հենա խաղաղություն է լինելու, էդ գումարները պահեմ ուրիշ նպատակների համար, իհարկե, այս վիճակն ես ունենալու։ Դրա համար պետք է այդ թեզը հողին հանձնել, և փորձել ամեն ինչ անել, որ երկիրը ոտքի կանգնի»։

Եթե անվտանգության երաշխիքն է Փաշինյանի հեռանալու գինը, որը պետք է տալ, այո՛, պետք է տալ

Եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, ապա այն պետք է տալ,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանին պետք է տալ անվտանգության երաշխիքներ։

«Ես չեմ ուզում մտնել այն դաշտ, թե ինչն է չհեռանալու մոտիվը, կարելի է միայն ենթադրություններ անել։ Եթե հումանիտար միջանցքն է հեռանալու գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ։ Բայց ես նույնիսկ նշաններ չեմ տեսնում, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել։ Իրենց կամքով իրենք չեն գնալու։ Երկրի ռիսկերը գնահատելով այդ քայլին չեն գնալու։ Գնալու են մեկ պարագայում՝ հսկայական հանրային ճնշում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Եկեղեցուն առաջարկում ենք կանխիչ միջոցներ ձեռնարկել

Պետականության բացակայության պայմաններում դրա գործառույթը հարյուրամյակներ շարունակ կատարել է եկեղեցին, այսօր մենք եկեղեցուն առաջարկում ենք կանխիչ միջոցներ ձեռնարկել,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա եկեղեցուն առաջարկել է հանձն առնել որոշակի գործառույթ ընթացիկ գործընթացներում։ «Դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, չի համարվի եկեղեցու ներգրավում քաղաքականության մեջ, այլ կդառնա Հայրենիքի փրկությանն ուղղված քայլ»,- ավելացրել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ հարցը կապված է նախկին նախագահների հետ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնած հանդիպման հետ՝ ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղիների որոնման համար։

Եթե ինչ-որ մեկը կարող է ավելի լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել, ապա ես պատրաստ եմ հեռանալ

Իշխանությունն ինքնանպատակ չէ, և ես կսկսեմ շունչ քաշել, երբ հայտնվի մեկը, ով կկարողանա լուրջ սպասումներ առաջացնել մեր հասարակության մեջ և ապահովել լայն հանրային կոնսոլիդացիա և հավաքել ավելի շատ մարդկանց, քան մենք ենք հավաքում,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ իմ հեռանալով կստեղծվի լայն հանրային կոնսոլիդացիա, ապա ես դա կանեմ։ Մենք պետք է ընդունենք, որ կարիք կա անհատի, ով կարող է ապահովել հանրային կոնսոլիդացիա։ Մենք իրավունք չունենք դրան միջամտելու, հակառակը՝ պետք է օգնենք։ Ես դրա համար պատասխանատու եմ»,-ասաց Քոչարյանը։

Մեր շահերից չի բխում, որ Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից

Իրանը միակ երկիրն է, որ կարող է զսպող հանգամանք լինել և Թուրքիայի, և Ադրբեջանի համար,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Այո, մենք պրոբլեմ ունենք Թուրքիայի եվ Ադրբեջանի հետ և պետք է նայել, թե էլ որ երկրներն ունեն այդ պրոբլեմները և համագործակցության կամուրջներ կառուցել այդ երկրների հետ։ Սա է աշխարհաքաղաքականությունը։ Հետաքրքրություններ կարող է ունենալ նաև Չինաստանը։ Այդ ուղղությամբ ես տեսնում եմ որոշակի քայլեր վերջին մի քանի օրվա ընթացքում։ Հիմա դրանք ձևական, ցուցադրական քայլեր են, թե որոշակի շարունակություն են ունենալու, ես չգիտեմ։ Բայց այդ քայլերը պետք էր անել պարտությունից անմիջապես հետո։ Իսկ ավելի ճիշտ դա պետք էր անել 2018-ից, որովհետև մինչ այդ մենք Հունաստանի հետ, Հունաստանի ՊՆ-ի հետ ունեցել ենք բավական լուրջ հարաբերություններ։ Խնդիրն այն է, թե որն է քո նպատակադրությունը։ Եթե դու լրիվ ուիշ նպատակ ես ձևակերպել քո երկրի համար, այդ հարցերը դառնում են երկրորդական։ Եթե դու համարում ես, որ Թուրքիայի հետ հավերժ ախպերություն ես ունենալու, հենց սահմանը բացվի, այլևս վտանգ չի լինելու, դու չես փնտրում այն երկրների հետ հարաբերություններ, որոնք խնդիր ունեն Թուրքիայի հետ»,- ասաց նա։

Քոչարյանը նկատեց, որ աշխարհը գնում է դեպի ավելի բևեռացում և այդ ֆոնին առաջնորդնվել թեզերով, որոնք աշխարհի տրենդների հետ որևէ աղերս չունեն. «Ես բացատրություն չունեմ, թե ինչու են այդպես անում՝ պատվեր են կատարում, թե չեն գիտակցում՝ ինչ են անում, թե գիտակցելով են անում։ Այդ դեպքում չեմ հասկանում, թե ում շահերն են սպասարկում։ Չեմ ուզում առաջ գնալ այս գնահատականների մեջ, բայց որոշ կասկածներ, իհարկե, առաջանում են»,-ասաց երկրորդ նախագահը։

Անդրադառնալով Ֆրանսիային, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այդ երկիրը միշտ բարեկամ է եղել Հայաստանին. «Ֆրանսիան, իհարկե, հարցեր ունի Թուրքիայի հետ և պետք է իրենց հետ աշխատել։ Բայց հույսեր կապել, որ Ֆրանսիան կարող է այստեղ զորք ուղարկել և մտածել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքը կարող է, օրինակ, Սյունիքում տեղակայվել և դու Իրանի հետ հարցեր չունենաս, դա ևս կլինի մանկամտություն։ Դրա համար պետք է այս բոլոր գործոններն իրար հետ համադրության մեջ դնել և փորձել հասկանալ, թե ամենից ճիշտ ուղղությունը որն է»,- ընդգծեց նա։

Հարցին, թե արդյոք պետք է կոնկրետ ընտրություն կատարել Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև, թե՞ պետք է տարբեր ուղղություններով աշխատել, Քոչարյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ կոմպլեմենտարության կորիդորը շեշտակի նեղացել է, բայց դա չի նշանակում, որ չպետք է շփվել Արևմուտքի հետ, այո, պետք է շփումները շարունակել։ Եկեք նայենք սցենարներ. Եթե Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից, ակնհայտ է, որ իր ազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա շեշտակի նվազելու է և այդ երկու երկրների ազդեցությունը տարածաշրջանում մեծանալու է։ Դա մեր շահերից չի բխում։ Այստեղ շատ բարդ սխեմա չի։ Մեր շահերից չի բխում, որ Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից։ Եթե ուժեղացած դուրս գա, ուրեմն Ալիևը չի համարձակվելու ասի՝ ով ուզում է ինձ զանգի, ինչը հիմա ասում է»։

Չի ստացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքը բերել, ռուսական բազա ունենալով և Իրանի հետ հարաբերություն կառուցելով

Անհրաժեշտ է ոչ թե մեկ համակարգն այլ համակարգով փոխարինել, այլ միայն համալրել այն,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե Ռուսաստանը կաշկանդված է Ադրբեջանի հետ հարաբերություններով, ապա պետք է ներգրավվել ևս մեկ երկիր, որը նման կաշկանդվածություն չունի, և հատկապես, որ այդ երկիրը բարեկամ երկիր է Ռուսաստանի հետ, և այդ հարաբերությունները բավական ակտիվ զարգանում են։ Սա որոշակի համարձակություն է պահանջում։ Բայց երբ մենք կառուցում էինք Հայաստան-Իրան գազատարը, այո, խանդ կար Ռուսաստանում «Գազպրոմից», բայց վերջում համոզեցինք, որ դա մեր էներգետիկ անվտանգության կարևորագույն գործոնը պետք է դառնա, և մեզ հաջողվեց։

Հարց կար նաև ԱՄՆ-ի հետ, և մենք կարողացանք նրանց համոզել չխանգարել, քանի որ դա իրենց շահերին ևս չի հակասում։ Դիվանագիտությունն այն արվեստն է, որ դու կարողանաս այնպես ներկայացնել քո քայլը, որ երկրների ուժային կենտրոններն այն չդիտարկեն որպես սպառնալիք իրենց շահերին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա դիտարկմամբ՝ պետք է հասկանալ, թե ում համար է խնդիր ստեղծում միջանցք կոչվածը։ Ըստ նրա՝ այն մեծ խնդիր չէ ոչ Միացյալ Նահագների, ոչ Ֆրանսիայի համար, ոչ Եգիպտոսի, ոչ էլ Ռուսաստանի համար։ «Ամենամեծ խնդիրը մեր և Իրանի համար է։ Մենք երբևէ չպետք է հակադրվենք Ռուսաստանի շահերին, հակառակ՝ համադրենք։ Եթե իրենք պատրաստ են, կարող ենք նաև մասնակից դարձնել իրենց։ Եթե Ֆրանսիան պատրաստ է դիտորդ ուղարկել այդ սահման որպես դիտորդ, նորմալ եմ համարում, եթե դա ինչ-որ չափով կօգնի։ Բայց չի ստացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքը բերել այստեղ, ռուսական բազա ունենալով և Իրանի հետ միաժամանակ հարաբերություն կառուցելով։ Դա ավելորդ լարվածության աղբյուր է դառնալու։ Մենք մտածված դիվանագիտական աշխատանքներ պետք է տանենք այդ պետությունների հետ։ Կամ-կամ չպետք է լինի»,- ընդգծեց երկրորդ նախագահը։

Պետք է համոզել ՌԴ-ին և մեր անվտանգային համակարգը համալրել Իրանի հետ համագործակցությամբ. Դա դուր չի գա ԱՄՆ-ին

Հայաստանի ամենաթույլ տեղը Սյունիքն է, որի նկատմամբ ամենից մեծ ցանկությունն է արտահայտվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ու դա արվում է բացահայտ,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

«Հիմա կոնկրետ հարց. ո՞ր երկիրն է բացի Հայաստանից, ում համար Սյունիքը կարևոր է՝ Իրանը: Սա դժվա՞ր էր կռահել: Եթե մենք ուզում ենք, ունենալով պետություն, որը բացի հայտարարություններից, կարող է այստեղ գործնական քայլերի դիմել, զուտ շահերի համադրությամբ, Իրանն է: Այս երկու տարվա ընթացքում գրեթե ոչինչ չարվեց: Առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում: Որոշակի պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ և այդ ամենը ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե ինքը հետապնդում է իր ազգային շահը»,-ասաց նա:

Քոչարյանը նաև նշեց, որ տեղյակ է, որ նման կարգի խոսակցություն Իրանի հետ եղել է 2021-ի մայիսին, բայց հետո հայկական կողմը այդ թեման սառեցրել է ու ոչ մի քայլ չի արել. «Առաջարկը, ի դեպ, մերը չէր: Հիմա էլ ուշ չի: Ես կարծում եմ՝ այստեղ մենք պետք է որոշ վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, պետք է համոզել Ռուսաստանին, և համալրել նոր բաղադրիչներով մեր անվտանգային համակարգը:

Խոսքը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չէ, դա կլիներ ևս մեկ հիմարություն: ՀԱՊԿ-ի շրջանակներում կային պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար: Ուղղակի համալրել նոր բաղադրիչներով մեր անվտանգային համակարգը: Ես համոզված եմ, որ դա հնարավոր է բացատրել և ռուսական կողմին և միգուցե եռակողմ մի նոր ֆորմատ ձևավորել: Այսօր Ռուսաստանն Իրանի հետ բավականաչափ ջերմացնում է իր հարաբերությունները:

Համոզված եմ, որ սա հնարավոր է բացատրել նաև ԱՄՆ-ին: Դու կգա՞ իրենց՝ ոչ: Առաջարկո՞ւմ են այլընտրանք, չեն առաջարկում: Իմ կարծիքով սա այն վիճակն է, որ պետք է ավելի համարձակ լինել ոչ միայն ներսում, այլ դրսի հետ հարաբերություններում»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:

News.am-ի նյութերով