Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում

Ադրբեջանը հաստատել է, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո իր մոտ 17 ռազմագերի է գտնվում։ Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկությունը հայտնեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը։

«Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է Ադրբեջանի նկատմամբ ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառելու ուղղությամբ։ Սակայն Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը պահանջել է ՄԻԵԴ–ը։ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում, որոնց մասին շատ ընդհանուր տեղեկություն էր տրամադրել»,–ասաց Քարազյանը։

Նրա խոսքով` ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ էր պահանջել գերիների վերաբերյալ, մասնավորապես` նրանց բուժզննման և այլ հարցերի հետ կապված, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկատվություն է տվել։ Ադրբեջանի նման վարքագիծը, ըստ Քարազյանի, նորություն չէ։

Նա հավելեց` 44-օրյա պատերազմից հետո էլ շուրջ 30 ռազմագերի դատավարության գործընթացով են անցնում։

Sputnik Արմենիա