Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԸ ԹՈՒԼԱՄՈՐԹՈՒԹՅՈՒՆ Է
Շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով հայ գերիների նկատմամբ հերթական վայրագությանը, որի տեսանյութը երեկ տարածվեց սոցցանցերում։
Մանուկյանի խոսքով` դա ոչ թե ռազմական հանցագործություն է, այլ ադրբեջանական պետական քաղաքականություն։
«Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն ուժը և վճռականություն»,–գրել է Մանուկյանը։
Նրա խոսքով` հասարակության մեջ այժմ հիմնական խոսակցությունը հետևյալն է՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, այն նույն խոսակցությունը, որ դարերով եղել է՝ Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան։
«Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն։ Ավելի ճիշտ չէ՞` մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Մենք արդեն տեսել ենք թշնամու կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածը նախորդ դարում։ Ուժի դեմ՝ ուժ, վճռականության դեմ՝ վճռականություն, բանակի դեմ՝ բանակ»,– նշել է Մանուկյանը: