ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առավելագույնը երկու ամիս կտևի

ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկսվի հոկտեմբերին և կտևի առավելագույնը երկու ամիս։ Այս մասին նշվել է Եվրոպական խորհրդի հայտարարությունում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ։

«Առաքելության նպատակը վստահության ամրապնդումն է, և իրենց հաշվետվությունների միջոցով սահմանային հանձնաժողովների աշխատանքում ավանդ ներդնելը։

Հայաստանը պայմանավորվել է օգնություն ցուցաբերել ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել այդ առաքելության հետ այն չափով, որը վերաբերում է իրեն։

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությանը և Ալմաթիի 1991թ. հռչակագրին, որոնց համապատասխան՝ երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա դառնալու է սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքը։ Հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա Բրյուսելում հոկտեմբերի վերջին»,- նշվել է հաղորդագրությունում։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր Թվիթերում տեղեկացրել է, որ Պրահայում հանդիպման ընթացքում քննարկվել են «կայուն դեէսկալացիան և խաղաղ ջանքերի ակտիվացումը, որոնց ԵՄ-ը պատրաստ է աջակցել»։ «Ըստ էության, պայմանավորվել են ԵՄ-ի քաղաքացիական առաքելության մասին, դա կօգնի ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովների աշխատանքին, որոնք կհանդիպեն հոկտեմբերի վերջին Բրյուսելում»,- նշել է նա։

News.am