ՀՀ ՄԻՊ․ Կլաարից պահանջել եմ ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու տեսանյութը

ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրեն տրամադրի այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Քրիստինե Գրիգորյանը` անդրադառնալով Կլաարի թվիթերյան գրառմանը։

Նշենք, որ հայ անզեն գերիներին գնդակահարության դեպքից հետո Կլաարը գրառում էր արել` դատապարտելով այն։ Դրան հաջորդել էր Կլաարի մեկ այլ գրառումն այն մասին, թե մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։

«Իմ հանձնառությունն եմ հայտնել` հետևելու այդ հաղորդագրություններին ու դրանց մասին ՀՀ իրավապահներին հայտնել։ Կլաարը պատասխանել է, որ կուղարկի այդ տեսանյութն ինձ, սակայն մինչ այս պահը դեռ չի ուղարկել»,–ասաց Գրիգորյանը։

Նա հայտնեց նաև, որ 2020-ի պատերազմի ժամանակ հայ զինվորների ենթադրաբար հանցագործությունների հետ կապված ՀՀ–ում քրգործ է հարուցվել, որը դեռ ընթանում է։ ՄԻ պաշտպանի խոսքով` այս տեսակետից շատ կարևոր է իր համար Կլաարից ստանալ այդ տեսանյութն ու ուսումնասիրել։

Գրիգորյանը մեկնաբանեց նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գերեզմանների հայտնաբերման լուրին, որտեղ իբրև թե ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորություն է կատարվել։ Նա նշեց, որ կարևոր է համարում բոլոր հնարավոր հանցագործությունների օբյեկտիվ քննությունը, սակայն սոցցանցերում շրջանառվող տեսանյութը խնդրահարույց է: Նրա համոզմամբ, այդ հարցով պետք է զբաղվի փորձագետների անկախ միջազգային խումբը։ Գրիգորյանը նշեց, որ տեսագրությունն իր համար արժանահավատ չէ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։

Sputnik Արմենիա