ԲԴԽ ԿԱԶՄԸ ԿՐԿԻՆ ՓՈԽՎՈՒՄ Է. Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ
Վերջին օրերին իրավական ոլորտում տեղի ունեցավ համենայնդեպս առաջին հայացքից բավական անսպասելի իրադարձությունների մի ամբողջ շարան։ Վերցնենք, թեկուզ, վայրիվերումները Բարձրագույն դատական խորհրդում։ Ռեկորդային արագությամբ՝ 2 օրում, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը, հավանաբար ցանկանալով ավելի երկար ըմբոշխնել Նիկոլ Փաշինյանի դիմանկարն իր գլխավերևում, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ընտրվեց ԲԴԽ դատավոր, իսկ հաջորդ օրը ԲԴԽ անդամների գաղտնի քվեարկությամբ դարձավ դրա նախագահը։
Բարձրագույն դատական խորհրդի կազմում նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցի ընտրվելու օրինականությունը, որոշ իրավաբանների կարծիքով, հարցեր է առաջացնում։ Բանն այն է, որ ըստ օրենքի՝ ԲԴԽ գիտնական-անդամ կարող է դառնալ առնվազն 15 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող իրավաբանը։ Մինչդեռ Թումանյանցի մասնագիտական ստաժը բավարար չէ։ Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 2006 թվականից, սակայն մեծամասամբ (մինչև 2015 թվականը) աշխատել է որպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի քարտուղար։ Այդ աշխատանքը մասնագիտական փորձ չի համարվում։
Միայն 2015-ին է Թումանյանցը նշանակվել ավելի բարձր պաշտոնում, դառնալով օմբուդսմեն Կ.Անդրեասյանի տեղակալը, որի հետ 2021-ի օգոստոսին փոխադրվել է Արդարադատության նախարարություն՝ այնտեղ նույնպես նշանակվելով նրա տեղակալ։
Թեպետ, օրենքների հետ նման հակասությունները երբեք խոչընդոտ չեն եղել իշխող ուժի կողմից իր նախընտրելի կադրերի նշանակման հարցում։ Սակայն ԲԴԽ շարքերը նորակոչիկներով այս վերջին համալրումից հետո, որոնք հայտարարում են, թե մտադիր են անել ամեն հնարավորը դատական համակարգի մակարդակը բարձրացնելու համար, հրաժարական տվեց այդ մարմնի մեկ այլ գիտնական-անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը։ Իր որոշումը նա հիմնավորել է միանշանակ. «Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Բեքմեզյանը գիտնական իրավաբան է։ Նա, ինչպեսև Արդարադատության նախարարությունից եկած նորանշանակ զույգը, Ազգային ժողովի կողմից ընտրվել է 2019 թվականի հունիսին՝ 5 տարի ժամկետով, և ԲԴԽ նախորդ կազմում միանշանակ համարվել նոր իշխանության մարդը։ Ժամանակները, ինչպես տեսնում ենք, փոխվել են։ Եվ այսօր նա, ում դժվար էր կասկածել գործող իշխանության դիրքորոշմանը չնչին իսկ հակադրության մեջ, հասկացնել է տալիս, որ չի ցանկանում մասնակցել այն իրադարձություններին, որոնք, հավանաբար, սպասվում են դատական համակարգում։
Ամենայն հավանականությամբ, Բեքմեզյանն առաջին ծիծեռնակն է։ Համենայնդեպս, որոշ ԶԼՄ-ների տվյալներով, ԲԴԽ-ում նման կարծիքի է բնավ ոչ միայն նա, կան հրաժարական տալ ցանկացող նաև այլ մարդիկ։
Բեքմեզյանի հրաժարականի լույսի ներքո հիշեցինք ԲԴԽ մեկ այլ գիտնական-անդամի՝ այդ կառույցի ակունքներում կանգնած Հայկ Հովհաննիսյանի հրաժարականը։ 2018 թվականին Փաստաբանների պալատի կողմից առաջադրված Հովհաննիսյանը դարձավ ԲԴԽ առաջին կազմի անդամ՝ 3 տարի ժամկետով։ Նա, լինելով նոր իշխանությունների բացահայտ կողմնակից, բարդ հարաբերություններում էր և՛ որոշ դատավորների, և՛ գործընկերներից ոմանց հետ։ Սակայն դա նրան այնքան էլ չէր հուզում, և շատերը նույնիսկ համարում էին, որ իշխանությունների այդ ֆավորիտը, ամենայն հավանականությամբ, կդառնա ԲԴԽ հաջորդ նախագահ։
Լուրերը, ինչպես պարզվեց, սաստիկ չափազանցված էին. ինքը՝ Հովհաննիսյանը, շատերի համար կրկին իսկ անսպասելիորեն, հրաժարական տվեց 44-օրյա պատերազմից հետո, 2020թ. նոյեմբերի 11-ին։ Ընդ որում նա գրեց բաց նամակում. «Ցավոք, Բարձրագույն դատական խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին», իսկ իր նախաձեռնած «դատարանների արդյունավետությանը, թափանցիկությանը և հաշվետվողականության բարձրացմանն» ուղղված ծրագրերին ոչ մի նշանակություն չեն տալիս:
Ինչպես տեսնում ենք, ԲԴԽ-ի հոժարակամ «պաշտոնաթող» երկու գիտնականների ներկայացրած հիմնավորումները միանման են, թեև պատճառները, թերևս, համանման չես անվանի։ Ակնհայտ է մեկ բան. նրանք երկուսն էլ հիասթափված են այն ամենից, ինչին բախվել են իրենց պարտականությունները կատարելիս։
Ինչևէ, այսօր ԲԴԽ-ում կրկին հայտնվել են թափուր աշխատատեղեր, որոնք կզբաղեցնեն նոր կադրեր։ Իսկ թե ինչ կադրերով կհամալրվի ԲԴԽ-ի հերթական անգամ նորացված կազմը, կասկածի նշույլ անգամ չկա, չէ՞ որ իշխանությունները հետապնդում են մեն-միակ նպատակ. իրենց ենթարկել դատական համակարգը։ Ընդ որում բնավ կարևոր չէ, որ գալիս են պաշտոնի բերումով անհրաժեշտ գործառույթների կատարման համար, մեղմ ասած, ոչ այնքան պիտանի մարդիկ։ Վերջին օրերի վառ օրինակը Վահագն Հովակիմյանի նշանակումն է ԿԸՀ նախագահի պաշտոնում։ ՔՊ-ական պատգամավորի աթոռին հեշտությամբ բազմած «Հայկական ժամանակի» լրագրողի «անցած ուղին» ներկայացնելը, նրա գիտելիքների և բարձր պաշտոնին համապատասխանության մասին լրջորեն խոսելն անիմաստ է. իշխանությունը խաղադրույք է կատարում միայն մեկ բանի՝ նվիրվածության վրա։ Եվ թե որքան կձգվի այս տխուր իրավիճակը, շատ դժվար է ասել։