ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ԿՇՏԱՄԲԱՆՔՆԵՐ ՓՈԽԱՆԱԿԵՑԻՆ
Մոսկվան բազմիցս հասկացրել է, որ անիմաստ և նույնիսկ վնասակար է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գլխավոր մոդերատոր դառնալու Արևմուտքի փորձերը՝ այդ գործառույթի խլումով Ռուսաստանից։ Սակայն, փաստացի, վերջին ժամանակներս Երևանի և Բաքվի միջև շփումները տեղի են ունենում հենց Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդական ջանքերի հարթությունում: Այլ հարց է, որ դժվար է արձանագրել, թե կան արդյոք այստեղ դրական շարժեր Հայաստանի և Արցախի համար։ Թե՞ ամեն ինչ հանգում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը հասնելու Արևմուտքի ձգտմանը, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու և տարածաշրջանից նրա դուրսմղման քաղաքականությունը շարունակելու համար:
Իսկ ինչ-որ բան արագ ստորագրել կարելի է այն դեպքում, եթե բավարարվում են ավելի ուժեղ կողմի, տվյալ դեպքում Ադրբեջանի պահանջները։ Հենց այդ պատճառով էլ Արևմուտքի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների մասին տեղեկատվական հաղորդագրությունների ժլատ տողերում գործնականում չկան հիշատակումներ Արցախի մասին, իսկ եթե անգամ կան, ապա միայն Իլհամ Ալիևին լիովին գոհացնող տարբերակով։ Այսինքն՝ որ Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, ինչը նա մտադիր չէ քննարկել հայկական կողմի հետ, իսկ միջազգային հանրությունը պետք է սահմանափակվի դիտորդի դերով։
Հավանաբար, հենց այդ դասավորությունը նկատի ուներ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, երբ Աստանայում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ քաղաքավարի հետաքրքրվեց, թե որևէ նորություններ կա՞ն արդյոք Ադրբեջանի հետ բանակցությունների մասին։ Այսինքն՝ հաջողվե՞լ է ձեզ ինչ-որ բանի հասնել Ռուսաստանի շրջանցումով ընթացող այդ բանակցություններում, թե՞ շարունակում եք հանձնել։
Բայց Արարատ Միրզոյանը հանդիպման էր եկել նախապատրաստված և սեղանին դրեց Մոսկվայի հանդեպ Երևանի դժգոհությունների մի ամբողջ տակառ, ճիշտ է, չմոռանալով ընդգծել, որ Հայաստանում բարձր են գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է դադարեցնել պատերազմը և անցնել խաղաղ բանակցությունների։ Սակայն ընդ որում կշտամբեց Միրզոյանը Լավրովին. «Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական ախորժակը միայն աճում է, խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է, թեև այնտեղ խնդիրները լուծված չեն, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների»:
«Այստեղ մենք՝ Հայաստանը, ինչպես դուք ասացիք՝ Ռուսաստանի համախոհն ու ռազմավարական գործընկերը, ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ երբ այդ հարցը քննարկվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանում, «որոշ երկրներ, որոնց հետ չկա բարեկամության և ռազմավարական գործընկերության երկարատև պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ և հստակ են արտացոլում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»: Այսինքն, ի տարբերություն Մոսկվայի, նրանք ավելի միանշանակ են դատապարտել Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Կարծում ենք, Արարատ Միրզոյանը նկատի ուներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչների ելույթները։
Միրզոյանը նաև ընդգծեց, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման և հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցում: «Բանակցություններն ընթանում են ինտենսիվ ռեժիմով: Կան բազմաթիվ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցերի նկատմամբ: Մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ եռակողմ պայմանավորվածությունների ոգով: Մենք դրան պատրաստ ենք»,- նշեց Միրզոյանը։
Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծեց, որ ՀԱՊԿ-ը, Հայաստանի սահմանամերձ շրջաններ իր ներկայացուցիչների կատարած այցի արդյունքներով, պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, բայց դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը: Իսկ Խորհուրդ պետք է հրավիրի ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը, այսինքն Հայաստանը... Այլ կերպ ասած, եթե Երևանը դժգոհ Է ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունից, ապա պատճառը պետք է փնտրի առնվազն նաև իր մեջ։ Միրզոյանը Երևանի դանդաղկոտության վերաբերյալ կշտամբանքը «չնկատեց», բայց նշեց, որ ԵՄ-ն արդեն որոշում է կայացրել դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։ Այլ կերպ ասած՝ եթե ՀԱՊԿ-ը մտադիր է սահմանափակվել միայն դիտորդական առաքելությամբ, ապա դա բավարար չէ։
ԻՆՉՊԵ՞Ս ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՍ ԲԱՆԱՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԸ։ Երևանում դժվար թե լուրջ հույսեր են կապում ՀԱՊԿ-ի հետ։ Ինչպես բազմիցս նշվել է, Բաքվի ազդեցությունը կազմակերպության անդամ երկրների վրա բնավ ոչ պակաս, եթե ոչ ավելին է, քան Երևանի ազդեցությունը, որի մեղքը դրանում նույնպես անվիճելի է։ Այլ հարց է Ռուսաստանը, որն ամենևին էլ մտադիր չէ լուռ հետևել, թե ինչպես են Արևմուտքը՝ մի կողմից, Անկարան և Բաքուն՝ մյուս կողմից, ջանում իրենց գերիշխանությունը հաստատել տարածաշրջանում։
Սակայն բացառված չէ, որ Ռուսաստանի հետ Արևմուտքի հակամարտության պայմաններում Փաշինյանը որոշել է, որ դեպի Արևմուտք կողմնորոշումն այսօրվա պայմաններում ավելի ձեռնտու է Հայաստանին։ Եթե այդպես է, ապա դա կարող է դառնալ Փաշինյանի թիմի հերթական մեծ սխալը։ Սխալ, որը հանցագործությունից ավելի վատթար է։ Սխալ, որը շատ է հիշեցնում 1918-1920 թվականների Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարների կատարած նույնատիպ վրիպումը։
Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները, ըստ երևույթին, նույնպես համարեցին, թե Ռուսաստանում ընթացող քաղաքացիական պատերազմը, արևմտյան երկրների ներխուժումը Ռուսաստան վերջնականապես դուրս են մղել այդ երկրին մեր տարածաշրջանից և հրապուրվեցին արևմտյան երկրների խոստումներով, մասնավորապես՝ Վուդրո Վիլսոնի ծրագրով, որի համաձայն Հայաստանի տարածքը կարող էր կազմել մինչև 160 հազար քառակուսի կիլոմետր։ Սակայն խոստումները մնացին լոկ խոստումներ, Ռուսաստանը հաղթեց պատերազմում, իսկ աշխարհաքաղաքական վեկտորի սխալ ընտրության արդյունքը դարձավ Հայաստանի կողմից մի շարք պատմական տարածքների՝ Կարսի, Սուրմալուի, Նախիջևանի, հենց նույն Ղարաբաղի կորուստը... Ոտքը դնելու ենք նույն փոցխին և թույլ տալու, որ պատմությունը լկտիաբար ծիծաղի՞ մեր երեսին՝ իր դասերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։